Գլխավոր Լրահոս

Լավրովը խեղաթյուրում է ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ փաստերը

Լավրովը խեղաթյուրում է ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ փաստերը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 28-ին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, մի շարք սխալ և մոլորեցնող պնդումներ է արել։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ էր 2021-ին իր խաղաղապահ առաքելությունն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների լարվածությունը նվազեցնելու համար։ Ընդ որում, առաքելության մանդատն ամբողջությամբ համաձայնեցվել էր 2021-ի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպմանը։ Մենք նստեցինք մինչև գիշեր, ամենը համաձայնեցրինք, իսկ առավոտյան, երբ հանդիպեցին նախագահներն ու վարչապետները, պարոն Փաշինյանն ասաց, որ կոնսենսուս չկա։ Մի քանի օր անց նա Հայաստան կանչեց Եվրամիության նույնպիսի խաղաղապահ առաքելություն»,- ասել է Լավրովը։

#CivilNetCheck-ը ստուգել է ՌԴ ԱԳ նախարարի այս պնդումները և պարզել, որ դրանք կեղծ են։

ՀԱՊԿ-ը խաղաղապահ առաքելություն ուղարկելու պատրաստակամություն 2021-ին չի հայտնել 

Լավրովի հիշատակած իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե 2021-ին, այլ 2022-ին, ընդ որում՝ ոչ իր նշած ժամանակագրական հերթականությամբ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) 2021-ին ոչ միայն պատրաստ չէր առաքելություն ուղարկել, այլև պաշտոնապես մերժել է օգնություն տրամադրել Հայաստանին։

2021-ի մայիսին Ադրբեջանը մի քանի ուղղություններով ներխուժեց Հայաստանի տարածք, և Երևանը օգնության համար պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն ավելի քան մեկ ամիս անց պատասխան եղավ, որ տեղի ունեցածը «սահմանային միջադեպ» է և չի ընկնում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ: 

2021-ի հուլիսին Հայաստանն առաջարկեց ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ՀԱՊԿ-ը չարձագանքեց առաջարկին։

2021-ի նոյեմբերին ադրբեջանական զինված ուժերի՝ Սյունիքի վրա հարձակումից հետո ՀԱՊԿ-ից կրկին պաշտոնական որևէ արձագանք չեղավ։

2022-ի սեպտեմբերին 13-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակումից հետո Հայաստանի կառավարությունը նորից դիմեց Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։ Երկու օր անց Հայաստան ժամանեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը՝ կարճաժամկետ մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով: ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ ի աջակցություն Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի կողմից ռազմական ուժ կիրառելու կամ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին խոսք չկա «ո՛չ երեկ, ո՛չ այսօր, ո՛չ էլ  մոտ ապագայում»։

2022-ի հոկտեմբերի 12-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտնեց, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան և դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրի։ Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Հայաստանը սպասում է այդ հարցում ՀԱՊԿ-ի որոշմանը՝ տեղեկացնելով, որ Եվրամիությունն արդեն այդ առավոտ որոշում է կայացրել փաստահավաք խումբ ուղարկել Հայաստան:

2022-ի նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների նախարարական խորհրդի համատեղ նիստին այդպես էլ չհաջողվեց ամբողջությամբ համաձայնեցնել Հայաստանին օգնություն տրամադրելու նախագիծը։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 24-ին, ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը՝ նշելով, որ դրանում բացակայում են ադրբեջանական ագրեսիայի քաղաքական գնահատականը և Հայաստանում ՀԱՊԿ պատասխանատվության սահմանները։

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ՀԱՊԿ նախարարական խորհրդի փակ նիստից ուղիղ եթեր արտահոսած տեսագրությունում Լավրովն ասել էր, որ աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումը կարող է առկախվել։ Սա փաստում է, որ Լավրովի պնդումը, թե նախագիծը ամբողջովին համաձայնեցված էր, առնվազն տարակուսելի է։ Մերժված փաստաթուղթը ներառում էր դիտորդական առաքելության տեղակայում և ռազմատեխնիկական որոշ օգնություն (առանց հստակ ցանկի

Լավրովը խեղաթյուրում է իրադարձությունների ժամանակագրությունը

Հայաստան Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ուղարկելու պայմանավորվածություն ձեռք էր բերվել 2022 հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի ղեկավարների միջև Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ։

2022-ի հոկտեմբերի 17-ին արդեն Եվրամիության Խորհուրդը որոշում ընդունեց քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Իսկ հոկտեմբերի 26-ին դիտորդները մեկնարկեցին իրենց պարեկությունը։

2022-ի հոկտեմբերի 12-ին, երբ առաջին անգամ Լավրովը ՀԱՊԿ-ի անունից պատրաստակամություն էր հայտնել դիտորդական առաքելություն ուղարկել, օրեր առաջ տեղի ունեցած Պրահայի հանդիպմանը ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու որոշում էր ընդունվել:

Իսկ ՀԱՊԿ երկրների նախարարական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել էր ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցը, տեղի էր ունեցել 2022-ի նոյեմբերի 23-ին, երբ ԵՄ դիտորդները արդեն շուրջ մեկ ամիս պարեկություն էին իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին։

Այսինքն՝ Լավրովի մյուս պնդումը, թե Փաշինյանը մերժել էր համաձայնեցված փաստաթուղթը և «մի քանի օր անց կանչել» ԵՄ առաքելությունը, կեղծ է։ 

ԵՄ-ի առաքելությունը ՆԱՏՕ-ի առաքելության չի վերածվում

Ավելի վաղ #CivilNetCheck-ը անդրադարձել էր նույն հարցազրույցում Լավրովի մեկ այլ պնդման, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում ընդգրկվում են զինծառայողներ ոչ ԵՄ անդամ երկրներից՝ Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից։

Նույնանման հայտարարությամբ մարտի 27-ին հանդես է եկել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ պնդելով, թե ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայի միանալով դե-ֆակտո դարձել է ՆԱՏՕ-ի առաքելություն։

Տես՝ ԱՄՆ-ը Հայաստանում ԵՄ առաքելությանը չի մասնակցում. Լավրովը սխալվում է

Այնինչ իրականում ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ Նորվեգիայից, ո՛չ էլ Կանադայից զինծառայողներ չեն ընդգրկվել ԵՄ առաքելության մեջ։ ԵՄ առաքելությունից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ կանադացի առաջին դիտորդը կմիանա առաքելությանը ապրիլի կեսերին, Նորվեգիայի հետ ներկայում  համաձայնագիրը դեռ վերջնականացման փուլում է, իսկ ԱՄՆ-ի մասնակցություն չի նախատեսվում։


Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում