Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցի բազմակի խեղաթյուրումները

Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցի բազմակի խեղաթյուրումները

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ ապրիլի 3-ի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությանը մի քանի հատվածներում խեղաթյուրվել է։

«Հայաստանի եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, ֆեյսբուքյան էր էջում տեղադրելով հարցազրույցից մի հատված, ահազանգել է, թե Հ1-ը սխալ է թարգմանել դեսպանի խոսքը․ իբրև թե նա Հայաստանին կոչ է արել դուրս գալ ՀԱՊԿ-ից։

#CivilNetCheck-ը գնացել է ահազանգի հետքերով ու պարզել, որ Խզմալյանի տեղադրած հատվածը կոնտեքստից կտրված էր՝ Դըկոտինյին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին որևէ ակնարկ չի արել։ Մինչդեռ, Հ1-ը մեկ այլ հատվածում իսկապես սխալ է թարգմանել դեսպանի խոսքը, որի պատճառով հարցազրույցը ժամանակավորապես հեռացվել ու վերահրապարակվել է։

Դեսպան Դըկոտինյին չի հորդորել Հայաստանին լքել ՀԱՊԿ-ը

Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է. «Ֆրանսիայի դեսպանի կարևորագույն և սենսացիոն պաշտոնական հայտարարությունն առ այն, որ Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունն օգնում է Հայաստանին ճիշտ ընտրություն կատարել և դուրս գալ ՀԱՊԿ-ից, բառացիորեն՝ «Et quitter l’organisation du traité de sécurité collective», Հ1-ի թարգմանությամբ ընդունեց տրամագծորեն հակառակ իմաստը՝ «մեր համագործակցությունը չի խանգարել Հայատանին ՉԼՔԵԼ ՀԱՊԿ-ը»», – գրել է Խզմալյանը։

 

Հ1-ի հրապարակած հարցացրույցի սկզբնական թարգմանության մեջ, որից կարճ հատված է տեղադրել Խզմալյանը, լսվում էր Դըկոտինյիի ֆրանսերեն խոսքի միայն վերջին հատվածը, որը համահունչ է Խզմալյանի նշած «Et quitter l’organisation du traité de sécurité collective» (և լքել ՀԱՊԿ-ը) արտահայտությանը։ Մինչդեռ, ամբողջական խոսքում հստակ է, որ դեսպանի կողմից ՀԱՊԿ-ը լքելու որևէ կոչ չի արվել։ 

Դեսպանը միայն նշել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական ու ռազմական կապերը խոչընդոտ չեն հանդիսացել Ֆրանսիայի համար Հայաստանին զենք մատակարարելու հարցում։

Հ1-ի վերահրապարակած տեսանյութում հայերեն թարգմանությունից հետո լսելի է Դըկոտինյիի ֆրանսերեն խոսքի ամբողջական հատվածը. «Sans que l'Arménie est quitté l'organisation du traité de sécurité collective»։

«Մենք իրականացնում ենք պաշտպանական համագործակցություն, այդ թվում՝ կատարելագործված սարքավորումների մատակարարում նույնիսկ առանց Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու», – ասել է դեսպանը։

Հատկանշական է նաև, որ Ֆրանսիայի դեսպանը պարբերաբար քննադատում է Ռուսաստանին, սակայն Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչ երբեք չի արել։ Օրինակ՝ նույն հարցազրույցում նա ասել է, որ եթե Հայաստանն ունի պաշտոնական դաշնակից, որը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է։

Հ1-ը վրիպել է թարգմանության այլ հատվածում

Չնայած, որ Խզմալյանն իր գրառման մեջ խեղաթյուրել է դեսպան Դըկոտինյիի միտքը ու անհիմն քննադատել Հ1-ի թարգմանությունը, Հանրային հեռուստատեսությունն իսկապես սխալ է թույլ տվել թարգմանության մեջ։

Անդրադառնալով Ռուսաստանի արտագին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդմանը, թե Հայաստանը հրաժարվել է Արցախից ՆԱՏՕ-ի ու Արևմուտքի ճնշման ներքո, իսկ Ռուսաստանը ստիպված՝ ընդունել է Արևմուտքի ճնշմամբ կայացրած որոշումը, Դըկոտինյին ասել է. «Սա իսկապես կլիներ առաջին անգամը, որ Ռուսաստանը ենթարկվեր Եվրոպայի կամ Արևմուտքի կամքին» («Ce serait bien la première fois que la Russie se soumettrait au volonté de l’Europe ou de l’Occident»):

Մինչդեռ, Հ1-ի սկզբնական թարգմանության մեջ ասվում էր, թե «լավ կլիներ՝ Ռուսաստանը առաջին անգամ ենթարկվեր Եվրոպայի կամ Արևմուտքի կամքին»։

Այս վրիպակին դեսպանն անձամբ է անդրադարձել X-ի իր էջում:

«Ինչպես կարող եք ֆրանսերեն լսել հարցազրույցում, ես հեգնանքով ասացի. «Սա կլիներ առաջին անգամը, որ Ռուսաստանը ենթարկվում է...» և ոչ թե՝ «լավ կլինի, եթե Ռուսաստանը ենթարկվի...», ինչը բոլորովին տարբեր է», – նկատել է Դըկոտինյին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում