Գլխավոր Լրահոս

2023-ին խաղադրույքները աճել են՝ անտեսելով վարչապետի պնդումները

2023-ին խաղադրույքները աճել են՝ անտեսելով վարչապետի պնդումները

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck #Ճշտաչափ

Ինտերնետ շահումով խաղերում և վիճակախաղերում 2023-ին կատարվել է 6,319 տրլն, իսկ խաղատներում՝ 111,8 մլրդ դրամի խաղադրույք։ Այս մասին #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Պետեկամուտների կոմիտեից։

Խաղադրույքների 2023-ին գրանցված ծավալը ռեկորդային է դիտարկված վերջին վեց տարիների համար։ Աճի տեմպը, սակայն, դանդաղել է. եթե նախորդ տարիներին գրանցվում էր ամենամյա երկրաչափական աճ, ապա 2023-ին առցանց խաղադրույքների ծավալը նախորդող 2022-ի համեմատ աճել է շուրջ 9,5 տոկոսով։


Ուշագրավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի տարեսկզբին հայտարարել էր, թե իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում «շա՜տ լուրջ անկում» է գրանցվել։

Վերջին երկու տարիներին կատարված խաղադրույքների ծավալների վիճակագրությունը փաստում է, որ վարչապետի այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Խաղադրույքների մեծ մասը կատարվում է առցանց

Վերջին տարիներին կատարված խաղադրույքների մեծ մասը կազմում են ինտերնետ շահումով խաղերը, այսինքն՝ սպորտային վիճակախաղերը և առցանց կազինոները։ Այսպես, 2023-ին խաղադրույքների 98 տոկոսը եղել է առցանց և միայն 2 տոկոսն է արվել խաղատներում։

Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 2023-ին խաղատներում կատարվել է 111,8 մլրդ դրամի խաղադրույք, ինչը շուրջ 2,2 անգամ ավելի է 2022-ին գրանցված ծավալից, որը կազմել է 52,7 մլրդ դրամ։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալները ևս փաստում են 2023-ին շահումով խաղերի ոլորտի աճի վերաբերյալ. 2023-ին խաղատների ծառայությունների ծավալը աճել է 2,7 անգամ, իսկ վիրտուալ մոլախաղերի և վիճակախաղերի ծառայությունների ծավալը՝ 3,9 տոկոսով։ Շահումով խաղերը կազմում են Հայաստանում ծառայությունների ոլորտի ընդհանուր ծավալի շուրջ 8 տոկոսը։

Վերջին տարիներին խաղամոլության գրանցած աճը մեծամասամբ պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ խաղադրույք կատարելը դարձել է շատ դյուրին, խաղասրահ այցելել այլևս անհրաժեշտ չէ։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնից  հայտնում են, որ Հայաստանում չկա խաղամոլության մասին պաշտոնական վիճակագրություն, և հայտնի չէ, թե քանի մարդ է խաղային կախվածության մեջ, քանի որ քչերն են դիմում մասնագիտական օգնության։

Հոդվածում ներկայացված խաղադրույքների ծավալների տվյալները ստացված են խաղային ոլորտի կազմակերպիչների՝ ՊԵԿ-ին ներկայացրած ֆինանսական հաշվետվություններից, որոնցում ներառված են կազմակերպությունների առցանց կազինոներում և սպորտային վիճակախաղերում ոչ միայն Հայաստանի ներսից, այլև արտերկից կատարված խաղադրույքները։։

Հայտնի չէ, թե ՀՀ քաղաքացիներն ինչքան խաղադրույք են կատարել արտասահմանյան առցանց վիճակախաղերի կայքերում, քանի որ այդ կայքերը Հայաստանում լիցենզավորած չեն և հաշվետվություն չեն տրամադրում։

Այսինքն՝ դժվար է հստակ նշել, թե խաղադրույքների ճշգրիտ որքան մասն է կատարվել ՀՀ քաղաքացիների կողմից և որքան խաղադրույք է կատարվում չլիցենզավորված առցանց կազինոներում և վիճակախաղերում։

Կառավարության կիրառած սահմանափակումները

Կառավարությունը և խորհրդարանը վերջին տարիներին ընդունել են մի շարք որոշումներ և օրենսդրական փոփոխություններ, որոնցով արգելվել է վիճակախաղերի և խաղատների գովազդը (բացառությամբ որոշ վայրերի), սահմանափակվել է բուքմեյքերական ընկերությունների գործունեության վայրերը, դժվարացվել է խաղադրույքներ կատարելը, ավելացվել է ընկերությունների համար հարկային բեռը և այլն։

2024-ի ապրիլից ուժի մեջ է մտնում օրենսդրական փոփոխությունը, որով ինտերնետ շահումով խաղի մասնակիցները ստիպված կլինեն իրենց խաղային հաշիվները լիցքավորել բացառապես սեփական բանկային հաշիվներով, իսկ խաղասրահներում խաղային ժետոններ կկարողանան գնել միայն անկանխիկ եղանակով։

2024-ի հոկտեմբերից ուժի մեջ է մտնելու մեկ փոփոխություն, որով արգելափակվելու են լիցենզիա չունեցող արտասահմանյան վիճակախաղերի կայքերը։ Սա, ըստ օրենսդիրների, թույլ կտա վերահսկել գումարի հոսքերը և առցանց շահումով խաղերի ոլորտը։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում