Գլխավոր Լրահոս

Ի շահ պետությա՞ն, թե՝ առանձին մարդկանց

Ի շահ պետությա՞ն, թե՝ առանձին մարդկանց

Քաղաքը համալսարաններից, գիտական ինստիտուտներից ազատելու և դրանց տարածքները մասնավորեցնելու հեռանկարը  շատերի ախորժակն է գրգռել։ Ինչ-որ մեկին համակել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող՝ Հայաստանի գրողների միության շենքին տիրելու տենչը, մեկ ուրիշը գերադասում է սեփականացնել Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող Նկարիչների միության տարածքը։ 

Միայն այդպես կարելի է բացատրել հենց այս օրերին՝ ոչ ավելի վաղ և ոչ էլ ավելի ուշ, դատախազության հայցն ընդդեմ Կադատրի կոմիտեի, որով  պահանջվում է ապօրինի ճանաչել քսանչորս տարվա վաղեմության գործարքը, որով այդ շենքերը, որպես սեփականություն, հանձնվել են ստեղծագործական միություններին, իրավական անվանումով՝ հասարակական կազմակերպություններին:

Հայաստանի դատախազության այս որոշումը իրարանցում առաջացրեց Գրողների և Նկարիչների միություններում։ Գրողներն իրենց արտահերթ  համագումարով միաձայն դեմ արտահայտվեցին  այդ որոշմանը։ Նկարիչները, թեև իրենց արտահերթ համագումարը հրավիրել են մայիսի 4-ին, սակայն հասցրել են ընդլայնված ժողովի ընթացքում նույնքան կտրականորեն դեմ արտահայտվել։ 

Որտե՞ղ է իրավական թնջուկը։ Դատախազությունը հղում է կատարում   «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետին, ըստ որի հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է համարվում, իսկ, օրինակ, «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին։

Գրողների միությունում պնդում են, որ իրենք երբեք չեն եղել պետական միավորում, ստեղծման պահից ի վեր ունեցել են հասարակական կազմակերպության կարգավիճակ, պարզապես երկրի անկախացումից հետո վերագրանցվել են որպես այդպիսին։ Ուրեմն, դատախազության պնդումը պետական սեփականության մասին անհիմն է։ Նույնն է իրավիճակը նաև Նկարիչների միության պարագայում։ 

Այնուհանդերձ, լինելու է դատավարություն, որտեղ ստեղծագործական այս միությունները միայն որպես երրորդ կողմ են հանդես գալու։  Իրավաբանները մի տեղին հարց էլ են բարձրաձայնում։ Ինչո՞ւ է դատախազությունը հայց ներկայացրել միայն կադաստրի կոմիտեի դեմ, և ոչ նաև արդարադատության նախարարության, որը գրանցել է միությունները որպես հասարակական կազմակերպություններ՝ ամրագրելով  սեփական գույքն ունենալու և տնօրինելու նրանց իրավունքը։ Բացի այդ, քաջատեղյակ մարդիկ պնդում են, որ այդպիսի իրավական կնճիռները տասը տարի անց համարվում են ժամկետանց և միայն հակակոռուպցիոն մարմինն իրավունք ունի քննելու հարցը։ Սակայն այդ դեպքում կստացվի, որ կադաստրի կոմիտեն կոռոուպցիոն գործարքի մեջ է մտել Հայաստանի գրողների միության հետ, որն այն ժամանակ նախագահում էր Հրանտ Մաթևոսյանը, ինչը գրոտեսկի ու զավեշտի ժանրից է։

Այսքանը խնդրի իրավական շերտն է։ Բայց կա նաև բարոյական, հոգևոր ու հասարակական կողմը։ Երկրի անկախության ձեռք բերումից հետո հաճախ են ստեղծագործական միությունները հայտնվել լրատվամիջոցների հազվադեպ հիմնավոր, բայց հիմնականում անտեղի ու անմիտ քննադատության թիրախում։ Նույնիսկ հնչում էին դրանք՝ որպես ստալինյան շրջանի արգասիք, լուծարելու, վերացնելու կոչեր։ Պարզ է, որ վերացնելը հեշտ է, հիմնելը՝ դժվար։ 

Վրդովված  գրողները արտահերթ համագումարի ընթացքում հնչեցնում էին դատական իշխանությունների խղճին ու բարոյականությանը  ուղղված կոչեր, հիշում, որ այս միությունը ղեկավարել  են Ավետիք Իսահակյանը, Ռազմիկ Դավոյանը, Հրանտ Մաթևոսյանը և ուրիշ մեծեր։ Գրողների միության դեմ թուր ճոճողներին երբեք չհետաքրքրեց, թե ինչպես Ստալինի ստեղծած միությունը դարձավ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման ու կազմակերպման հիմնական կառույցներից մեկը։ Այստեղ բուռն բանավեճերի, քննարկումների արդյունքում դրվում էին անկախ պետության հիմքերը։ Ինքս ավելի լավ հիշում եմ մի լուսավոր մարդու՝ Սամվել Շահմուրադյանին, որին առանձին սենյակ էր տրամադրվել և որն այնտեղ ամեն օր հանդիպում էր Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից բռնագաղթած հազարավոր մարդկանց, լսում, ձայնագրում ու կեղեքվում էր նրանց սահմռկելի պատմություններից։ Կորցրե՞ց արդյոք քաղաքացիական ու քաղաքական գործուն կեցվածքի այս ավանդույթը Գրողների միությունը։ Մասամբ՝ այո, որովհետև գրողների շենքը մի տեղ էր, որտեղ հավաքվում էին երկրի ապագայով մտահոգ ոչ միայն գրողները։ Այլ տեղեր քիչ կային։ Այդ տեղն այսօր սոցցանցերն են։ Տեխնոլոգիական փոփոխությունները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ մարդկային, ազգային, հասարակական մտահոգությունների քննարկման ձևի և վայրի ընտրության վրա։  

Դատախազությունն իր գրությամբ պետականացնել է ուզում նաև Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները, որոնք նույնպես կադաստրի կոմիտեի ու արդարադատության նախարարությոան որոշումներով Հայաստանի գրողների միության սեփականությունն են՝ դուստր ձեռնարկությունը։ 

Որպես Գրողների միության անդամ երբեք առիթ չեմ ունեցել լինել Սևանի հանգստյան տանը։ Ավելի ստույգ՝ իմ ընտրությունն է եղել Ծաղկաձորը։ Այստեղ են իրենց ավարտը գտել ողջ տարվա կամ տարիների ընթացքում գրված գրքերիս մեծ մասը, կամ այստեղ են խմբագրման դժվարին փուլն անցել։ Բնականաբար, ես մեկն եմ շատերից։ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը հանգստանալ են նախընտրում ոչ միայն գրողները։  

Ոչ շատ ապահովված մտավորական մի մեծ խավ՝ ուսուցիչներ, դասախոսներ, դերասաններ ու ռեժիսորներ, երաժիշտներ ու բժիշկներ այստեղ միջավայր են ստեղծում։ Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տունն առաջիններից էր, որ իր դռները կամավոր կերպով բացեց Քովիդ 19-ի հետևանքով մեկուսացվածների առջև ու ամիսներ շարունակ խնամք տարավ նրանց նկատմամբ։ Նույնը կատարվեց 2020 թվականի պատերազմից հետո, այնուհետ վերջնականապես դատարկված Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին պատսպարելու պարագայում։

Անկախության առաջին տարիներին և դրանից հետո, երբ երկրում ամեն ինչ մասնավորեցվել ու քանդվում էր, Գրողների ստեղծագործական տունը  կարողացավ պահպանել իր շեն վիճակը։ Ամեն տարի հայտնվելով այնտեղ՝ հպարտանում էինք, որ անտանելի պայմաններում անգամ  մեր տունը դեռ կա ու բարգավաճում է։ Այդ տարիներին այն ասես մի կանաչ օազիս լիներ անապատացող Ծաղկաձորում։ Այն յոթանասունականներին կառուցվել է հենց որպես գրողների հանգստյան ու ստեղծագործական տուն, երբեք չի եղել պետական, հենց սկզբից էլ ՀԳՄ սեփականությունն է եղել։ Եթե այստեղ կոռուպցիոն գործարք կա, թող դատեն այն ժամանակվա կոմունիստ ղեկավարներին։ 

Ինչ որ է, հավանաբար կմիավորվեն ստեղծագործական միությունների անդամները և կպահանջեն, որ հարգվեն նաև իրենց իրավունքները։ Հետաքրքիր կլինի, եթե այս դատավարությունների ընթացքում փորձ արվի պարզել, թե ինչ իրավական հիմնավորմամբ և ովքեր մասնավորեցրին ու վաճառեցին ամենահարուստ՝ Թատերական գործիչների միության Նորքի ամառանոցները,  արտադրամասերն ու խանութները, ի՞նչ հիմնավորմամբ նրանց շենքը տրվեց ֆրանսիացիներին՝ որպես դեսպանատուն։ Պետությո՞ւնը շահեց դրանից, թե՝ առանձին մարդիկ։ Այժմ էլ մեծ հարց է՝ գրողների ու նկարիչների ունեցվածքը պետականացնելուց պետությու՞նն է շահելու, թե՝ առանձին մարդիկ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում