Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ապրիլի 23-ին ֆեյսբուքյան իր էջում հերքել է [արխ.] Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում Հայաստանի դրոշն Ադրբեջանի դրոշով փոխարինելու մասին տեղեկությունը և մեղադրել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին այդ տեղեկությունը տարածելու համար։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է տեղեկությունը և պարզել, որ Բագրատ Սրբազանն իրեն վերագրվող հայտարարությունը չի հնչեցրել։
Պնդումը հոգևորականին վերագրել է «Ժողովուրդ» օրաթերթը
Իրականում Տավուշի թեմի առաջնորդն ապրիլի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում ասել է, որ հայկական ուժերը դիրքերից նահանջել են, սակայն նա չի պնդել, թե Ոսկեպարում ադրբեջանական դրոշ է ծածանվել։
«Այն, ինչ մենք օրերով, ամիսներով մտածում էինք, շոշափելի իրականություն է դարձել. նահանջել է մեր դիրքերից մեր զորքը և արդեն իսկ ասում են, որ ադրբեջանական դրոշ է ծածանվում մեր դիրքերի վրա։ Ես չեմ տեսել աչքով, բայց այդպես ասում են, վստահաբար տեսել են մարդիկ»,- ասել է Սրբազանը։
Ոսկեպարում հայկական դրոշը հանելու և փոխարենը ադրբեջանական դրոշը բարձրացնելու մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ այդ պնդումը վերագրելով Տավուշի թեմի առաջնորդին։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ Սրբազանին վերագրած խոսքերը արտատպել են Oragir.news, Aysor.am, Operativ.am լրատվական կայքերը։
Սակայն օրաթերթի ավելի ուշ հրապարակված ամբողջական տեսանյութի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ Բագրատ Սրբազանը իրեն վերագրվող պնդումը չի արել և խոսքը վերաբերում էր հայկական վերահսկողության տակ գտնվող դիրքերին, որոնք, համաձայն կառավարության հրապարակած քարտեզի, հատվածային սահմանազատման արդյունքում անցնելու են Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ապրիլի 19-ին հայտնել էր, որ Տավուշի մարզի հարակից չորս գյուղերի հատվածում Հայաստանի զինված ուժերը հետ են քաշվելու դիրքերից։
Տավուշի մարզպետարանը արդեն իսկ հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը հանելու մասին տեղեկությունը։ Մի շարք մերձիշխանական տելեգրամյան ալիքներ տարածել են այս հերքումը՝ մեղադրելով Բագրատ Սրբազանին կեղծիքներ տարածելու մեջ։
#CivilNetCheck-ը և փաստերի ստուգող մեր գործընկերները արդեն բազմիցս անդրադարձել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի պնդումներին։
Civilnet
CivilNetCheck











