Գլխավոր Լրահոս

Իմ երկու Շիրազները

Իմ երկու Շիրազները

Օրերս նշվեց հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 110-ամյակը։ Նշվեց լուռ, առանց մասշտաբային միջոցառումների, հիմնականում սոցիալական ցանցերի տարածքում ու Գյումրու հուշատուն-թանգարանում։ 

Բանաստեղծի նույն՝ 110-ամյակը կնշվի նաև հաջորդ տարի՝ 2025-ին։ Բանն այն է, որ մինչ օրս վիճելի է՝ 1914-ի՞ն է ծնվել նա, թե՝ 1915-ին։ Այս հարցականը պատճառ է դարձել, որ Շիրազը գրի՝ Հայը ծննդյան լոկ մի օր չունի։ Մասնագետները պնդում են, որ Օնիկ Կարապետյանը, նույն ինքը՝ Հովհաննես Շիրազը, իրականում ծնվել է հայոց մեծ ողբերգության տարում՝ 1915 թվականին, պարզապես, որպեսզի կարողանա աշխատանքի մտնել Լենինականի տեքստիլ գործարանում, քույրը եղբոր տարիքը մեկ տարով մեծացված կեղծ անձնագիր է ձեռք բերել։

Իմ մտապատկերում Շիրազ ազգանունով երկու բանաստեղծ կա՝ Հովհաննես և Սիփան Շիրազներ։ Խոսքը հոր և որդու բանաստեղծական տաղանդի համեմատելիության մասին չէ, ոչ էլ՝ վաստակի։ Պարզապես վստահ եմ, որ եթե Սիփանը հռչակավոր Շիրազի որդին չլիներ, շատ ավելի կնկատվեր և շատ ավելի կգնահատվեր որպես պոետ։ Այո՛, լինում է այդպես, երբ ծնողների փառքը ստվերում է զավակների օժտվածությունը։ Շրջապատը քեզ վերաբերվում է միայն որպես տաղանդավոր հոր զավակի։ Այդ  մասին մի քանի անգամ փորձել եմ զրուցել Սիփանի հետ։ Բազմանշանակ լռում էր։

Բայց գամ սկզբից ու պատմեմ, թե ինչպես եմ ծանոթացել երկուսի հետ էլ։

1978 թվականին հաճախում էինք Ֆուչիկի անվան պատանի ժուռնալիստների դպրոց։ Դասընթացների ղեկավարը, հոդված, ակնարկ գրել, կամ ռեպորտաժ պատրաստել սովորեցնելուց զատ, երբեմն նշանավոր մարդկանց էր հրավիրում իր սաների հետ հանդիպման։ Եկել էր Հովհաննես Շիրազը։ Մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո շուրջ երեսուն հոգով շրջապատել էինք նրան։ Հանկարծ թեքվեց իմ կողմը ու հարցրեց․

  -Անունդ ի՞նչ է։

Պատասխանս լսելուց հետո երկրորդ հարցը տվեց․

  -Որտեղի՞ց ես։

  -Մասիսից,- պատասխանեցի։

Գրկեց, համբուրեց ու ասաց․

 -Ձեռքիդ տետրը տուր էստեղ, տեսնեմ։

Վերցրեց ու տետրիս մեջ գրեց՝ «Մասիսի երգիչ Հովհաննեսից, մասիսցի Հովհաննեսին»։

Անցավ երեք տարի։ Սովորում էի Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժնում։ Այստեղ էլ երբեմն հանդիպումներ էին լինում անվանի գրողների, այլ արվեստագետների հետ։ Շիրազն էր եկել։ Մուտքի դռնից մինչև դահլիճ նեղ միջանցքում շարվել էինք ուսանողներս ու դասախոսները և ծափահարում էինք, երբ անցնում էր մեր միջով։ Հանկարծ կանգ առավ ուղիղ դիմացս ու հարցրեց․

 -Մասիսցի Հովհաննե՞ս։

Զարմանքից քարացա ու ոչինչ չպատասխանեցի։ Ապշել էի, որ մեկ րոպե տևած երեքամյա վաղեմության դրվագը չէր մոռացել։  Երբ բանաստեղծի հետ հանդիպումն ավարտվել էր, ու բոլորը ցրվում էին, հանկարծ մոտեցավ դասախոսներից մեկն ու ասաց, թե շտապ հեռանամ։ Խնջույքի սեղան էր գցվել, իսկ Շիրազը ցանկացել էր, որ ես էլ մասնակցեմ։ Տնօրինության աչքի լույսը չէի, ի տարբերություն դասախոսների մեծ մասի, եթե չասեմ, որ մի կերպ էին հանդուրժում ներկայությունս այդ կրթօջախում։ Անձամբ տնօրենը դեմ էր եղել, բայց Շիրազը պնդել էր՝ կամ ասածը կանեն, կամ կթողնի կհեռանա։ Նրան խաբել էին, թե հանդիպման կեսից գնացել եմ, ու չգիտեն, թե որտեղ եմ։

Ռուսական տափաստաններում զինվորական ծառայության մեջ էի, որ մահվան մասին իմացա։

1985 թվականի սեպտեմբեր 2-ին, երբ ընդամենը երկրորդ օրն էր, որ Գեղարվեստա-թատերականի ուսանող էի, մի անծանոթ մոտեցավ կիսադատարկ միջանցքում ու առաջարկեց Թեմուրնոց  գնալ՝ գարեջուր խմելու։ Մեկ ժամ անց, երբ վերադարձա ինստիտուտ, դասախոսս ասաց․

   -Երանի քեզ, որ էս շոգը զովացրեցիր գարեջրով։

   -Ի՞նչ իմացաք,- զարմացա։

   -Դե Սիփան Շիրազի հետ էլ ուր պիտի գնայի՞ր,- եղավ պատասխանը։

Միայն այդպես իմացա, որ քիչ առաջվա թասընկերս Շիրազի որդին է։ Ի տարբերություն հոր, Սիփանի հետ շփումներն ու մտերմությունն ավելի երկար եղավ։ Ուսանողական տարիներին հաճախ էինք հանդիպում։ Ինստիտուտն ավարտելուց հետո էլ գրեթե ամեն օր կամ շաբաթը մի քանի անգամ տեսնվում էինք Գրողների միությունում։ Սկզբում այնտեղ հաստատված նորաստեղծ Համազգային թատրոնում էի աշխատում, այնուհետ «Արար» ամսաթերթն էի խմբագրում, որը նույնպես գրողների տանն էր գտնվում։ Արցախյան առաջին պատերազմի տարիներն էին, ու բնական է, որ մեր զրույցների հիմնական թեման պատերազմն էր, նահանջի հուսահատությունը միմյանցից վանելու, հաղթանակների ուրախությամբ միմյանց զորացնելու ձգտումը։ Երբեմն նոր գրված բանաստեղծություն էր կամ անգիր ասում, կամ թղթով էր տալիս, և այդպես  նաև գրականությունից ու արվեստից էինք խոսում։

Հովհանես Շիրազի պես բնությունից կամ Աստծուց պոետական վիթխարի տաղանդով օժտված բանաստեղծ քիչ կա հայ գրականության պատմության մեջ։ Բնական, հախուռն, փոթորկուն օժտվածությունը պիտի լրացվեր կրթությամբ ու բանաստեղծական «կուլտուրայով», որի հնարավորությունը նրան չտրվեց։ Սիփանը չուներ հոր անսահմանելի տաղանդը, բայց նրբազգաց գեղագետ էր և հորից ժառանգած շնորհին գումարել էր նաև կրթությունը, համաշխարհային արվեստի, գրականության, փիլիսոփայության  իմացությունը։

Չկա աշխարհում թեկուզ հանճարեղ որևէ բանաստեղծ, որի բոլոր գործերը նույնչափ գրական ու գեղարվեստական արժեք ունենան։ Հովհաննես Շիրազի դեպքում այդ տատանման ամպլիտուդն ավելի մեծ է։ Համաշխարհային պոեզիայի չափումներով իրապես հանճարեղ ու եզակի գործերի կողքին մեծաթիվ գործեր, որոնք պակաս արժեքավոր են կամ գրական իմաստով անարժեք։ Սակայն հենց այս կարգի գործերն է կլլում զանգվածը և հանրությանը պարտադրում իր իմացած, իր ճաշակի բանաստեղծին։ 

«Կանգնեմ Մասիսի գագաթին, Թքեմ թուրքի ճակատին»-ի կարգի տողերն այսօր անգամ բանիմաց, պրոֆեսիոնալ գրականագետին խանգարում են, որ անվերապահորեն ընդունի քնարերգու Շիրազին, նրա սիրային պոեզիան, «Բիբլիականն» ու «Հուշարձան մայրիկիս» անկրկնելի շարքը ըստ արժանվույն գնահատի նրա չհղկված հանճարը։ Ճիշտ ինչպես Պարույր Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ»  գործը, որ ավելի «խոսուն» է, քան անհարժեշտ է պոեզիային,  խանգարում է  հանճարեղ «Եղիցի լույսի» ու  «Երգ երգոցի» ընկալմանը, հատկապես Մհեր Մկրտչյանի կատարման տարածումից հետո։ Մասսաները դա են գերադասում, և դժվար է նրանց համոզել, որ Սևակը շատ ավելի մեծ պոետ է, քան այդ տողերի հեղինակը։

Սիփան Շիրազը թեև չունեցավ հոր հանճարի փայլատակումները, բայց և նրա չափ վրիպած գործեր էլ չգրեց։

Երկուսն էլ անհաշտ էին իրականության հետ։ Հայրը դասական իմաստով այլախոհ չէր, բայց ընդդիմադիր էր  խորհրդային գաղափարախոսությանն ու իշխանությանը, կռիվ էր տալիս իր ազգի ու հայրենիքի ողբերգական ճակատագրի ու այդ հարցում աշխարհի մեծ լռության ու անարդարության դեմ։ Որդու՝ Սիփանի ըմբոստության մեջ մետաֆիզիկ, փիլիսոփայական ու ներանձնական շերտերն էին գերիշխում։ Հենց այդ ըմբոստացումը կամ անհամաձայնությունը մարդ-Աստված, նախախնամություն և կյանքի հանգամանքներ  հարաբերության  հետ  հասցրեցին մի կետի, որ այլևս չուզեց ապրել։ Կամ՝ չկարողացավ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում