Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Հանրային հեռուստաընկերության եթերում մայիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի ժամանակ հնչել է պնդում, թե Ռուսաստանը չի ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը։
Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը վարչապետին ուղղված դիտարկման մեջ նշել է, թե մեկնարկած սահմանազատման գոծընթացը «ողջունել են եվրոպական կառույցները, Միացյալ Նահանգները, արաբական երկրները, մեր հարևան երկրները, բացի Ռուսաստանից»:
Նիկոլ Փաշինյանն էլ իր պատասխանում չի առարկել Ղազարյանի պնդմանը։
Մինչդեռ, Ռուսաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը, բայց համաձայնությունից օրեր անց։
Ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք էր բերվել համաձայնություն՝ Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածներում սահմանագծում իրականացնելու վերաբերյալ:
Ապրիլի 23-ին արդեն հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել էր առաջին սահմանային սյունը։
Ինչպես է Զախարովան արձագանքել այս գործընթացներին
Ի տարբերություն մի շարք այլ պետությունների, Ռուսաստանի իշխանություններն առանձին հայտարարություն չեն արել սկսված գործընթացի մասով։
Մինչդեռ, Ռուսաստանի արտգործանախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ապրիլի 25-ի ճեպազրույցի ժամանակ հարց էր ուղղվել, թե որքանով է դրական Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացի «հողի վրա» մեկնարկը և հայ-ադրբեջանական սահմանին առաջին սահմանային սյան տեղադրումը։
Հարցին ի պատասխան՝ Զախարովան ասել էր. «Հիշեցնեմ ձեզ մեր ավանդական դիրքորոշումը։ Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատմանն առնչվող առանց բացառության բոլոր հարցերի կարգավորմանը` բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։
Հիմք ենք ընդունում, որ պայմանավորվածությունները պետք է կրեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ, հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար ։
Վերահաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա կողմերին այսուհետ ևս խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը (1,2,3,4):
Փաստացի, Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին մեկնարկած սահմանագծման գործընթացին։
Հատկանշական է, որ Հանրային հեռուստաընկերության ապրիլի 29-ի Կիրակնօրյա թողարկման ժամանակ ևս պնդում էր հնչել, թե Ռուսաստանը չի ողջունել մեկնարկած գործընթացը։
«Սահմանազատման մեկնարկն ու տարածվող կեղծ լուրերը. Փորձագետներ» վերտառությամբ ռեպորտաժում քաղաքական վերլուծաբան ներկայացված Հովսեփ Խուրշուդյանը, ահազանգելով տարածվող կեղծ լուրերի՝ Ռուսաստանի կողմից ուղղորդված լինելու մասին, նույն սխալ պնդումն էր արել։
«Պատահական չէ, որ Ռուսաստանը չի ողջունել էս դելիմիտացիայի գործընթացը…»,- հայտարարել էր Խուրշուդյանը։
Civilnet
CivilNetCheck











