Լիլիթ Շահվերդյան
Ապրիլի 22-ին Փարիզից Երևան ժամանելուց հետո ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվեց։ Ի պատասխան՝ Նիկոլյանը հայտարարեց անժամկետ հացադուլ «Զվարթնոց» օդանավակայանում՝ պահանջելով իր մուտքի արգելքի վերաբերյալ պաշտոնական բացատրություն։ 41-օրյա հացադուլից հետո հունիսի 2-ին նա վերադարձավ Փարիզ։ Լեո Նիկոլյանը պարբերաբար հայտնվում է հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների էջերում։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է նրա գործունեությունը Հայաստանում ու Ֆրանսիայում։
Ինչ է հայտնի Նիկոլյանի մասին
Նիկոլյանը ծնունդով Լիբանանից է ու Ֆրանսիայում լիբանանցիներին համակարգող խորհրդի հիմնադիրն է։ Նա լուսաբանել է Արցախյան առաջին պատերազմը ֆրանսիական լրատվամիջոցների համար ու France Télévisions-ի թղթակիցն էր։
Այժմ նա ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ցանցերում, սակայն հեղինակավոր լրատվամիջոցների հետ համագործակցությունը փաստող ապացույց #CivilNetCheck-ը չի գտել։
Հայաստանից երկար բացակայելուց հետո Նիկոլյանը, ինչպես ինքն է փաստում, վերադարձել է 2023-ին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար որոշիչ փոփոխությունների շրջանում։ Նա Երևանում էր 2023-ի ամռանն ու աշնանը՝ Արցախի շրջափակման ժամանակ Երևանում ընթացող ցույցերի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի ընտրությունների օրերին։
Իսկ 2024-ի մարտին նա այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնք, հարցազրույցներ է արել տեղացիների և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ։
Ոսկեպար կատարած այցից հետո, փաստացի, Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է։

Նիկոլյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանները
Նիկոլյանի գործունեությունը կենտրոնացած է Հայաստանի, Լիբանանի ու Ֆրանսիայի քաղաքական իրադարձությունների շուրջ, ու, ըստ երևույթին, հիմնականում ուղղված է Ֆրանսիայի իշխանությունների դեմ։
Վերջերս նրա ուշադրության թիրախում է հայտնվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 2023-ի նոյեմբերից Նիկոլյանը Դըկոտինյիի դեմ արշավ է սկսել՝ նրան մեղադրելով կոռուպցիայի ու վիզաների տրամադրման դիմաց գումարներ կորզելու մեջ։
Հացադուլի օրերին Նիկոլյանն օդանավակայանում տեղադրել էր Դըկոտինյիին դատապարտող ցուցանակ ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կերպարանքով տիկնիկ։ Panorama.am-ի հետ զրույցում Նիկոլյանը վստահեցրել է, թե հենց դեսպանի հրահանգով Ֆրանսիայի հյուպատոսարանից նրան այցելության չեն գնացել։

Անդրադարձ կատարելով այս սկանդալային դեպքին՝ ֆրանսիական հեղինակավոր La Croix թերթը հայտնել է, որ Դըկոտինյին Նիկոլյանի դեմ զրպարտության համար դիմել է Փարիզի արդարադատության դատարան և քրեական գործ է հարուցվել։
Ուշագրավ է, որ սա Նիկոլյանի կողմից դեսպանների թիրախավորման առաջին դեպքը չէ։ Մեկ տարի առաջ Նիկոլյանը կոռուպցիայի ու հօգուտ Ադրբեջանի լրտեսական գործունեության մեջ մեղադրել էր Դըկոտինյիին նախորդած դեսպան Անն Լույոյին։
Բախումներ, հայհոյանքներ, դատարաններ
Ֆրանսիական լրատվականներում Նիկոլյանն աչքի է ընկել կորոնավիրուսի համաճարակի շրջանում՝ ակտիվորեն դեմ արտահայտվելով պատվաստումներին։ Լրատվամիջոցները նրան բնորոշել են որպես «դավադրապաշտ»։
Հաճախ նա դժգոհություն է հայտնում Ֆրանսիայի իշխանությունների կողմից Լիբանանի կառավարությանը տրամադրած աջակցության կապակցությամբ։ Նրա շփումներն իշխանությունների հետ, ինչպես նաև ելույթները նրանց մասին գրեթե միշտ ուղեկցվում են վիրավորանքներով ու զրպարտություններով՝ ընդհուպ հասցնելով քրեական գործերի։
Օրինակ՝ 2020-ի դեկտեմբերին հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով Նիկոլյանի կանչերին, մոտենում նրան։ Նիկոլյանը, բռնելով Մակրոնի ձեռքերը, քննադատում է նրան Լիբանանի կառավարությանը աջակցելու համար ու վերջում Ֆրանսիան անվանում «թաքնված դիկտատուրա»։
Նա նաև մոտեցել է Ֆրանսիայի նախկին արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դղիանին Լիբանանի դրոշով ու Բեյրութի 2020-ի հակաիշխանական ցույցերից բերված արցունքաբեր գազի դատարկ տուփով։ Արդյունքում նա դատապարտվել է երկու ամսվա պայմանական ազատազրկման։
Մեկ այլ միջադեպ էլ Նիկոլյանն ունեցել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ՝ նրան անվանելով «Ֆրանսիայի ամոթ», որը «քանդում է Փարիզը»։ Սա նույնպես չի մնացել անարձագանք։ Ըստ Նիկոլյանի՝ Հիդալգոն դիմել է դատարան, որի հետևանքով վճիռ է կայացվել՝ արգելելով Նիկոլյանի որևէ շփումը Հիդալգոյի հետ։ Ըստ Նիկոլյանի՝ դատարանը նրան դատապարտել է նաև երեք ամսվա ազատազրկման։ Նա բողոքարկել է բոլոր դատավճիռները։
Չնայած առանձին պաշտոնյաների հետ բախումներին՝ Նիկոլյանի քննադատությունների հիմնական թիրախում մնում է Մակրոնը, որին նա շարունակել է վիրավորել նույնիսկ օդանավակայանից իր տեսանյութերում։
Ուշագրավ է, որ նույնիսկ Ոսկեպարում տեղացիների ու Բագրատ Գալստանյանի հետ հարցազրույցներում նա ուղղորդված հարցեր է ուղղել Մակրոնի ու Ֆրանսիայի իշխանությունների մասին։

2024-ի փետրվարին նա նաև տարածել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Փարիզի հասարակական տրանսպորտում հարձակվել հրեայի նմանվող տարեց տղամարդու վրա ու ստիպել կարծիք հայտնել Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Տղամարդը ստիպված՝ իջել է ավտոբուսից։
Համացանցում շրջանառվում է նաև տեղեկություն, թե 1990-ականներին Նիկոլյանը երկու կնոջ սպանության համար ձերբակալվել էր Երևանում։ Այս թեմայով ժամանակին գրել է ամերիկահայ Անուշ Տեր-Թոլյանը, որը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ընդհարում է ունեցել Նիկոլյանի հետ։ #CivilNetCheck-ը փորձել է ստուգել այս տեղեկությունը, սակայն դատախազությունից ոչ հաստատել, ոչ էլ հերքել են այն։
Նիկոլյանը՝ ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցներում
Նիկոլյանի լրագրողական գործունեության մեջ կասկածելի կապեր են նկատվել ռուսական լրատվամիջոցների հետ, որոնց անդրադարձել է ֆրանսիական France Info-ի փաստերի ստուգման թիմը։
France Info-ն պարզել է, որ Նիկոլյանը 2022-ի մայիսին հրավիրվել էր ռուսական «Զվեզդա ԹՎ»-ի տաղավար, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել «մեծն Ռուսաստանին»՝ իրեն հրավիրելու համար, ապա նշել է, թե Ֆրանսիայի իշխանությունների կողմից հետապնդվում է ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում։
2023-ի նոյեմբերին նա ռուսական Առաջին ալիքի եթերում էր՝ կրկին բացասականորեն արտահայտվելով Ֆրանսիայի քաղաքականության մասին։
Ավելի վաղ Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանն ու Աֆրիկայի զարթոնքը» խորագրով համաժողովի՝ որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ։ Համաժողովին ներկա էին նաև Դարյա Դուգինան, Մաքսիմ Գրիգորևն ու Ալեքսանդր Արտամոնովը, որոնք բոլորն էլ Ռուսաստանի իշխանական քարոզիչներ են։
2022-ի սեպտեմբերին Նիկոլյանը ներկա էր Ռուսաստանի կազմակերպած Դոնբասի հանրաքվեին՝ որպես միջազգային դիտորդ, իսկ դրանից առաջ հրավիրվել էր հարցազրույցի ֆրանսիալեզու Russia Today, որը ռուս իշխանական առաջատար լրատվամիջոցներից է։
France Info-ն իր տեսանյութում եզրակացրել է, որ Նիկոլյանի հետ հարցազրույցները ռուսական քարոզչական մեխանիզմի մաս են, քանի որ հանդիսանալով օտարերկրյա քաղաքացի՝ նա որպես ճշմարտություն է ներկայացնում ռուսաստանյան իշխանական թեզերը։
Նիկոլյանը հայտնի է նաև Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցներում ու տելեգրամյան ալիքներում (Haqqin.az, Caliber.az և այլն), որոնք հաճախ վերահրապարակում են նրա տեսանյութերը Ֆրասիայի մասին։ Ավելին՝ Նիկոլյանը առցանց մասնակցել է ադրբեջանական Az TV-ի եթերներին և հայտնվել է այլ իշխանական լրատվամիջոցների էջերում։

Նիկոլյանի վերադարձը Ֆրանսիա
Արդեն Փարիզից հղված ուղերձում Նիկոլյանը նշել է, թե Ֆրանսիայի իշխանությունները «որոշ հայերի աջակցությամբ» փորձում են իր «ճշմարտության համար» իրեն ոչնչացնել՝ նշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանին, դեսպաններ Դըկոտինյիին, Լույոյին ու այլոց։
Հատկանշական է, որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան նույնպես արգելվել էր դեռևս 2022-ին։ 2023-ի հունվարին նրա մուտքի արգելքը հանվել է։
CivilNetCheck











