Ավինյանն ու լուծարվող ANIF-ի «ամենակարևոր, ամենախոշոր ու ամենահեռանկարային ծրագրերը»

Գևորգ Թոսունյան, #CivilNetCheck
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահ է, որ լուծարման փուլում գտնվող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ANIF) 2018-ից «ամենակարևոր, ամենախոշոր ու ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերությունն է», մինչդեռ ANIF-ի սկսած ծրագրերի գերակշիռ մասը, հատկապես, խոշոր ծրագրերը փաստացի տապալվել են կամ կիսատ եմ մնացել։
Տիգրան Ավինյանը ANIF-ի տնօրենների խորհրդի նախագահն է եղել 2019-2023-ին։ Նրա պաշտոնավարումից հետո ֆոնդում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել, հետո մեկնարկել է Fly Arna-ի լուծարումը․ առ այսօր պարզ չէ «Մասդար» ընկերության հետ 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման հարցը և այսպես շարունակ։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է ANIF-ի՝ «ամենակարևոր, ամենախոշոր ու ամենահեռանկարային ծրագրերի» ընթացքը։
«Առաջինը տարածաշրջանում՝ 200մգ/վ արևային կայանների կառուցման ծրագիրն» առ այսօր չի մեկնարկել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադաձավ ANIF-ի լուծարման հարցին և ասաց․ «ANIF-ի շրջանակներում մենք արաբական «Մասդար» ընկերության հետ կնքել ենք առաջինը տարածաշրջանում 200 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման ծրագիր»։
Ավինյանը, սակայն, չնշեց, որ ծրագիրն առ այսօր կյանքի չի կոչվել։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2021-ի հուլիսին հայտնել էր, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից արաբական «Մասդար» ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող։ Այդ կայանները պետք է կառուցվեին Արագածոտնի մարզի Թալինի Դաշտադեմ, Կաթնաղբյուր և Եղնիկ գյուղերի վարչական սահմաններում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կազմելու էր 174 մլն դոլար, և ծրագրի շրջանակում կառուցվելիք արևային կայանը պետք է լիներ խոշորագույնը Հայաստանում։
Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ծրագիրը բաղկացած էր երկու փուլից․ «Առաջին փուլով նախատեսվում է մինչև 2023-ի դեկտեմբեր ամիսն իրականացնել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի, այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի և շինությունների կառուցում, միացում հաղորդման ցանցին և գործարկում», իսկ երկրորդ փուլով նախատեսվում է մինչև 2024-ի դեկտեմբեր իրականացնել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։
ՍիվիլՆեթը կապ հաստատեց Դաշտադեմի վարչական ղեկավար Արկադի Մարտիրոսյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք սկսվել է կայանների կառուցման գործընթացը։ Մարտիրոսյանը հայտնեց, թե այս պահին որևէ շինարարություն չի իրականացվել՝ ոչ առաջին փուլով նախատեսված ենթակառուցվածքների մասով, և ոչ էլ, առավել ևս, երկրորդ, այսինքն՝ կայանների։
Fly Arna-ի գույքը արգելանքների տակ է
ANIF-ի ամենախոշոր ներդրումը, թերևս, Fly Arna ազգային ավիափոխադրողն էր։ Fly Arna ապրանքանիշը ներկայացնում էր «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը 2021-ի դեկտեմբերի 10-ին էր պետական գրանցում ստացել։
Երկու տարվա ընթացքում ազգային ավիափոխադրողը սկսեց անկում ապրել։ Խնդիրներն ակնհայտ էին դառնում 2022-ի հոկտեմբերից, մասնավորապես, աշխատակիցները բարձարձայնում էին իրավունքների խախտումների մասին։ Այնուհետև թռիչքները դադարեցվեցին, իսկ լիցենզիան կասեցվեց։
2024-ի մարտի 20-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուկան է փոխվել կորոնավիրուսային համաճարակից հետո, հայկական շուկայում նոր խաղացողներ են հայտնվել, և «Fly Arna-ն, մրցակցությանը, ըստ էության չի դիմացել», իսկ ծրագիրը՝ ձախողվել։ Fly Arna-ում պետությունը ներդրել էր առնվազն 4,8 մլրդ դրամ։
Էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն էլ՝ մայիսի 21-ին Fly Arna ապրանքանիշը ներկայացնող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի շարժական գույքերի վրա արգելանք է դրվել։
Երեմյանների հետ ծրագիրն ու Hard Rock ռեստորանը
2021-ին ANIF-ը «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խմբի հետ համատեղ մեկնարկեց անասնակերի մատակարարման ծրագիր՝ համատեղ ստեղծելով «Սերմից ֆերմա» ընկերությունը։
2023-ի օգոստոսին ANIF-ը հայտարարեց, որ ֆոնդն իր բաժնետոմսերը վաճառում է նույն ընկերությանը, այսինքն՝ «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խմբին։
Բացի այդ, Ավինյանի պաշտոնավարման ընթացքում ANIF-ը համաֆինանսավորում սկսեց տրամադրել Երևանի կենտրոնում Hard Rock ռեստորանի հիմնման համար։ Այս նպատակով ֆոնդը հանրային միջոցներից ծախսեց առնվազն 500 000 դոլար։ Թեպետ պետական մասնաբաժնով ռեստորանը գործում է, այս ոլորտում ներդրում կատարելու նպատակահարմարության հարցը բարձրաձայնել էր Արժույթի միջազգային հիմնադրամը՝ շեշտելով, որ ANIF-ը չպետք է ներդրումներ կատարի/կատարեր հանրային սննդի ոլորտում։
Լուծարման գործընթաց
2023-ից ֆոնդը հայտնվեց կառավարական, իրավապահ և վերահսկողական մարմինների ուշադրության կենտրոնում։ 2024-ին հայտնի դարձավ, որ ֆոնդում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ավելի վաղ Պետական վերահսկողական ծառայությունն էր պարզել, որ «ֆոնդը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել»։ Այս ուսումնասիրության հիման վրա էլ նախաձեռնվել էր վարույթը։
2024-ի մարտին ՍիվիլՆեթը գրեց ֆոնդի ղեկավար օղակի չափացանց բարձր աշխատավարձերի ու ցածր հաշվետվողականության մասին։ Աշխատավարձերը հիմնավորելու համար ANIF-ը պատվիրել էր մի ուսումնասիրություն՝ համեմատելու համար, թե որքան աշխատավարձ են ստանում համանման ֆոնդերի ղեկավարները այլ երկրներում։
Տիգրան Ավինյանի մատնանշած՝ «ամենակարևոր, ամենախոշոր ու ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերությունը» կառավարությունը որոշեց լուծարել մայիսի 23-ի նիստին։
Փաստերի ստուգում
CivilNetCheck
Civilnet










