Գլխավոր Լրահոս

Լոռիում կարկուտի հետևանքով զոհեր ու վիրավորներ չեն եղել․ ֆեյսբուքյան էջերը կեղծ և ժամանակավրեպ լուր են տարածում

Լոռիում կարկուտի հետևանքով զոհեր ու վիրավորներ չեն եղել․ ֆեյսբուքյան էջերը կեղծ և ժամանակավրեպ լուր են տարածում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Ֆեյսբուքում բազմահազար հետևորդներ ունեցող էջեր վերջին օրերին տեղեկություն են տարածում, թե Լոռիում տեղացած խոշոր կարկուտի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Գրառմանը կից էջերը կցում են լուսանկար՝ մարդու ափի չափ կարկուտով։  

Դրանցից մեկը «Հայաստան ջան» էջն է, որը գրառումն արել է հուլիսի 1-ին՝ տպավորություն ստեղծելով, թե դեպքերը այդ օրերին են տեղի ունեցել։ 

Մինչդեռ, Լոռիում խոշոր չափերի կարկուտ իսկապես եկել է, սակայն ոչ թե հուլիսի 1-ին, այլ հունիսի 20-ին։ Բացի այդ, էջի տարածած տեղեկությունը, թե կան վիրավորներ կամ զոհեր, կեղծ է։ 

#CivilNetCheck-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանից հերքեցին կարկուտի հետևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ լուրը` և՛ այս օրերին, և՛ հունիսին։ Հատկանշական է, որ գրառմանը կցված հոդվածի բովանդակության մեջ որևէ խոսք չկա զոհերի կամ վիրավորների մասին։ Ինչ վերաբերում է կցված լուսանկարին, ապա այն ևս որևէ կապ չունի Լոռիում տեղացած կարկուտի հետ։ Այն վերցված է համացանցից, որտեղ հայտնվել է առվազն 2012-ից։  

Նույնաբովանդակ գրառում հունիսին տարածել էին մեծ թվով հետևորներ ունեցող ֆեյսբուքյան այլ էջեր ևս։ Օրինակ՝ 183 հազար հետևորդ ունեցող «Սփյուռք», 197 հազար հետևորդ ունեցող «Լրիվ Նոր Հայաստան», 191 հազար հետևորդ ունեցող «Ընդմիշտ իմ Հայաստան», 158 հազար հետևորդ ունեցող «Սիրում եմ քեզ իմ Զինվոր» և 110 հազար հետևորդ ունեցող «Հայ զինվոր»  էջերը։

Վերը նշված բոլոր էջերը գրառումը տարածել են հունիսի 26-ին՝ Լոռիում տեղի ունեցած կարկուտից օրեր անց միայն։ Այս էջերի գրառումներում ևս նշվում է զոհերի ու վիրավորների մասին, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։

Այս էջերը փոխկապակցված են, դրանք մեծամասամբ տարածում են 2020-ին գրանված, բայց 2023-ից թարմացված media41news.com կայքից հրապարակումներ։ Այս կայքը, սակայն, իրական լրատվամիջոց չէ, այն ողողված է տարատեսակ կասկածելի գովազդներով։ Փաստացի ֆեյսբուքյան էջերը խուճապային լուրերով «ստիպում են» օգտատիրոջը սեղմել կցված հղման վրա՝ դրանով դիտումներ ապահովելով կայքերի համար, որոնք էլ գովազդներից եկամուտներ են ստանում։  

Այսպիսով, ո՛չ վերջին օրերին, ո՛չ էլ հունիսին Լոռիում կարկուտի հետևանքով զոհեր ու վիրավորներ չեն եղել։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում