Գլխավոր Լրահոս

Տարածվող տեսանյութում Թրամփի վրա կրակողը չէ

Տարածվող տեսանյութում Թրամփի վրա կրակողը չէ

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Լրատվամիջոցները հուլիսի 15-ին տարածում էին տեսանյութ՝ կից գրառմամբ, թե դրանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա մահափորձ կատարած 20-ամյա Թոմաս Քրուքսն է։

Տեսանյութում մեքենայում նստած երիտասարդն ասում է. «Իմ անունը Թոմաս Մեթյու Քրուքս է: Ես ատում եմ հանրապետականներին, ես ատում եմ Թրամփին։ Գիտե՞ք ինչ, դուք սխալ մարդու եք բռնել»։ 

Հրապարակումներում նշվում է, իբր Քրուքսը այն հրապարակել է Թրամփի վրա մահափորձից առաջ։

Տեսանյութը տարածել են Sputnik.armenia, 7or.am, asekose.am, hayeli.am, yerevan.today լրատվական կայքերը։ Այդ մասին գրել են նաև «Հայկական ժամանակը» և hանրայինի «Առաջին լրատվական ալիքը»։

Հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում Թրամփի քարոզարշավի միջոցառման ժամանակ կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է և երկուսը՝ վիրավորվել: Թրամփն ականջի հատվածում վնասվածք էր ստացել, իսկ կրակող 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը՝ սպանվել:

#CivilNetCheck-ը պարզել է, որ լրատվամիջոցների կողմից շրջանառվող տեսանյութում երիտասարդն իրականում Թրամփի դեմ մահափորձ կատարած Թոմաս Քրուքսը չէ։ 

Տեսանյութի երիտասարդը և կրակողը տարբեր մարդիկ են

Տարածվող տեսանյութում պատկերված երիտասարդը և Թրամփի վրա կրակած Թոմաս Քրուքսը, չնայած որոշակի արտաքին նմանություններին, տարբեր անձինք են։ 

Տեսանյութում @jewgazing անվամբ օգտատերն է, որը կատակով նմանակել էր Քրուքսին և տեսանյութը հրապարակել էր իր «X»-ի էջում՝ ի պատասխան այլ օգտատերերի, որոնք նրան նմանեցրել էին Թրամփի վրա կրակած անձին։ 

Էկրանակադրը՝ @jewgazing-ի հեռացված գրառման արխիվացված տարբերակից

Տեսանյութից բացի, ավելի վաղ կատակասեր օգտատերը հրապարակել էր նաև լուսանկարներ, որտեղ իրեն նմանեցնում էր Թրամփի վրա կրակողին։ Սակայն որոշ ժամանակ անց երգիծական բնույթի նկարները և տեսանյութը սկսել են տարածվել որպես իրական՝ առանց նշումների, որ դրանք կրկնօրինակում են։ 

Էկրանակադրը՝ @jewgazing-ի գրառումների արխիվացված տարբերակներից

Ավելին, մի շարք հայտնի լրատվամիջոցներ, այդ թվում՝ Republic-ը, Times Now-ը և News24-ը օգտագործել էին այն իրենց հրապարակումներում։

Լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ նրանք տարբեր մարդիկ են:

Oգտատերը հետագայում արձագանքել է Թոմաս Քրուքսի մասին լուրերում իր լուսանկարների օգտագործմանը: Նա գրառումներ է արել, որտեղ զղջացել է անհաջող կատակի համար։ Այս իրադարձություններից հետո օգտատերը ջնջել է այդ տեսանյութերը և փակել «X»-ի իր օգտահաշիվը։ 

Ի՞նչ է հայտնի մահափորձ կատարած Թոմաս Քրուքսի մասին

Հանրահավաքի ժամանակ կատարված միջադեպից հետո ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հաղորդեց, որ հարձակվողը՝ 20-ամյա Թոմաս Քրուքսը, վնասազերծվել է։

CNN-ի փոխանցմամբ՝ Քրուքսը ավագ դպրոցը ավարտել էր 2022-ին։ Համադասարանցիները նրան նկարագրում են որպես լուռ և խելացի, սակայն տարբերվող։ Քրուքսի քաղաքական հայացքները հակասական էին. նա գրանցված էր որպես հանրապետական, բայց նվիրատվություն էր արել դեմոկրատական կազմակերպությանը։ ԱՄՆ հետաքննական մարմինները դեռ փորձում են պարզել հարձակման դրդապատճառները:

Փաստերի ստուգում

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում