Գլխավոր Լրահոս

Կենսաթոշակների բարձրացման մասին լուրերը կեղծ են

Կենսաթոշակների բարձրացման մասին լուրերը կեղծ են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում բազմահազար հետևորդներ ունեցող մի շարք էջեր պարբերաբար կեղծ տեղեկություններ են տարածում կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ: Այս գրառումներին կցված հղումները, սակայն, տանում են ոչ թե կենսաթոշակների բարձրացման, այլ անկանխիկ վճարումների կամ այլ թեմաների վերաբերող հոդվածների:

Ի՞նչ կապ ունեն կենսաթոշակները և անկանխիկ համակարգը

Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջեր սենսացիոն վերնագրերով գրառումներ են տարածում թոշակների բարձրացման մասին՝ կցելով Media41news.com կայքի հղումը: 

Սակայն թե՛ ֆեյսբուքյան էջերի գրառումները, թե՛ կայքի վերնագիրը մոլորեցնող են, քանի որ հրապարակված նյութը վերաբերում է ոչ թե թոշակների բարձրացմանը, այլ անկանխիկ փոխանցումներին: Ավելին՝ հոդվածում ներկայացված տեղեկատվությունը հնացած է:



Այսպես, Media41news.com կայքը պարզապես վերահրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022-ի մայիսին կառավարության նիստի ժամանակ արած հայտարարությունը: Հայտարարությունը վերաբերում էր 2022-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող կանխիկի շրջանառության սահմանափակման օրենքին, ըստ որի՝ 300 000 դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:

Կենսաթոշակների և անկանխիկ փոխանցումների միակ կապը կառավարության որոշումն է, որով թոշակառուներին բանկային քարտով անկանխիկ վճարումների դիմաց 10% հետվճար (քեշբեք) է հատկացվում: Սակայն այս մասին հոդվածում որևէ հիշատակում չկա:

Կենսաթոշակները վերջին անգամ բարձրացվել են 2023-ի հուլիսին: Ինչ վերաբերում է ապագայում սպասվող բարձրացումներին, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 2024-ի հունվարին հայտարարել է, որ 2024-ին կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում: Ըստ նախարարի՝ հաջորդ բարձրացումը կլինի 2025-ին։

Ի՞նչ է հայտնի մոլորեցնող գրառումներ տարածող կայքերի մասին 

Վերջին շրջանում սոցցանցերում նմանատիպ գրառումներ տարածող «Հայ Զինվոր» և «Սիրում եմ քեզ իմ զինվոր» ֆեյսբուքյան էջերը փոխկապակցված են։ Դրանց ետնանկարները նույնն են, և էջերը նույն գրառումները տարածում են վայրկյանների տարբերությամբ: 

Մոլորեցնող գրառումները տարածվում են պարբերաբար։ Ամիսներ առաջ նմանօրինակ գրառում էր տարածել մեկ այլ՝ մեծ թվով հետևորդներ ունեցող «Խոսում է քաղաքը» ֆեյսբուքյան էջը։

Էկրանապատկերը՝  «Հայ Զինվոր» և  «Սիրում եմ քեզ իմ զինվոր» ֆեյսբուքյան էջերից։

Media41news.com կայքը իրական լրատվամիջոց չէ։ Նմանատիպ կայքերը սոցցանցերի գրառումներում խայծ-վերնագրերի միջոցով փորձում են մեծ դիտումներ հավաքել՝ առցանց գովազդներ տեղադրելու և գումար վաստակելու համար։

Էկրանապատկերը՝ media41news.com-ից

Նմանատիպ սունկ կայքերը հաճախ կարճ կյանք ունեն, քանի որ Meta-ն (նախկին Facebook) սահմանափակումներ է կիրառում քլիքբեյթային բովանդակությամբ կայքեր տանող գրառումների նկատմամբ։

Այսպիսով, ֆեյսբուքյան էջերի տարածած լուրը թոշակների բարձրացման վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում