Գլխավոր Լրահոս

Վարժական հավաքներ․ ինչ խնդիրներ են արձանագրել մասնակիցները

Վարժական հավաքներ․ ինչ խնդիրներ են արձանագրել մասնակիցները

2023-ից կառավարությունը փոխեց վարժական հավաքների բովանդակությունն ու տևողությունը՝ եռամսյայից անցում կատարելով 25-օրյայի։ ՍիվիլՆեթը զրուցել է վարժական հավաքների ութ մասնակցի հետ։ Առանց նրանց անունները, ինչպես նաև ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունները բացահայտելու, ներկայացնում ենք այն խնդիրներն ու դրական կողմերը, որոնք արձանագրել են վերջիններս։ Մենք վարժական հավաքների մասնակիցների պատմությունները բաժանել ենք երեք մասի՝ նախքան հավաքի մեկնելը (զինկոմիսարիատներ), հավաքի ժամանակ ուսումնական փուլը և դիրքային ծառայությունը։

Նախքան հավաքի մեկնելը (զինկոմիսարիատներ)

Զինվորական կոմիսարիատները մարդկանց հավաքագրելու համակարգված մեխանիզմ չունեն։ Ըստ վարժական հավաքի մասնակիցների՝ մեծամասնության դեպքերում իրենք զանգ են ստացել զինկոմիսարիատներից և հրավիրվել առանձնազրույցի։ Հենց այդպես էլ ասել են՝ «եկեք, խոսելու բան կա»։ Հավաքի մասնակիցները մեկնել են ու տեղում ստացել վարժական հավաքի մասին ծանուցագրերը։ Միայն մեկ դեպքում է, որ հավաքի մասնակիցը տեղեկացել է կոմիսարիատ մեկնելու մասին իր գործատուից։

Հավաքի մասնակիցների պնդումները նկատի առնելով՝ մենք կարող ենք եզրակացնել, որ զինկոմիսարիատի կամ զորամասերի կողմից հավաքագրվող տվյալները չեն թարմացվում և համապատասխանեցվում պետական այլ կառույցների բազաներին։ Սա էլ իր հերթին հանգեցնում է այնպիսի իրավիճակի, երբ հավաքին մասնակցում են անգամ նարկոդիսպանսերում և հոգեբուժարանում բուժված ու հաշվառված անձինք։ 

«Կար նարկոդիսպանսերում երկու անգամ բուժված մարդ, որին, չգիտես ինչ տրամաբանությամբ, բերել էին այդտեղ։ Նա մշտապես մարիխուանայի ազդեցության տակ էր, մի անգամ նույնիսկ մոտեցավ ռազմական ոստիկանությանն ու ասաց, թե՝ «ապեր լավ բան կա, կուզե՞ք», նրանք էլ ասել են՝ կուզենք, որ տա ու բռնեն։ Բռնել են, սակայն փոխանակ կալանավորեն, տարել էին հոսպիտալ ու մյուս օրն առավոտյան հետ բերել։ Ոչ մեկ չէր ուզում պատասխանատվություն ստանձնել»,- պատմեց հավաքի մասնակիցներից մեկը, որը եղել է Վարդենիսից հարավ գտնվող հատվածներում։

Մինչդեռ նույն բանակային զորամիավորման, սակայն Վարդենիսից հյուսիս ընկած հատվածում էլ վարժական հավաքի մասնակիցները հակառակն էին պնդում, որ իրենց մոտ չեն եղել թմրանյութից կամ ալկոհոլից կախվածություն ունեցող անձինք։

Ուշագրավ է, որ այս զորամիավորման իրականացրած հավաքների տարբեր մասնակիցներ իրար տրամագծորեն հակասող տեղեկություններ էին տրամադրել՝ կախված ուղղությունից։ Վարդենիսից հարավում իրականացված հավաքի մասնակիցները խոսում էին ամենաթողության, սպայական կազմի անկարողության ու այլ խնդիրների մասին, իսկ հյուսիսում անցկացված հավաքի մասնակիցները դրական էին գնահատում ինչպես բարոյահոգեբանական վիճակն, այնպես էլ սպայակազմի վերահսկողությունն ու պատրաստվածությունը։

Նաև խնդրահարույց է այն հանգամանքը, որ որոշ դեպքերում վարժական հավաքների մասնակիցներն ընտրվում են առանց հաշվի առնելու ժամկետային զինծառայության ժամանակ ունեցած մասնագիտությունները։ Թեև մեր բոլոր զրուցակիցներն էլ նշեցին, որ իրենք որևէ բան չէին հիշում ժամկետային զինծառայությունից։

Տեղափոխում

Տեղափոխումը դեպի հավաքի իրականացման վայր եղել է հարմարավետ ավտոբուսներով։ Հավաքի բոլոր մասնակիցները նշեցին, որ իրենց զինկոմիսարիատից տեղափոխել են համապատասխան վայր, իսկ հավաքի վերջին օրը՝ զորամասից զինկոմիսարիատ։ Այսինքն՝ վարժական հավաքի մասնակիցներին չեն թողել բարձիթողի վիճակում։

Այլ խնդիր է դեպի դիրքեր տեղափոխումը, որն իրականացվել է «Ուրալ»-ներով։ Մեր զրուցակիցները միաձայն պնդեցին, թե սա խնդրահարույց է՝ նշելով, որ ոչ 2020-ի 44-օրյա, ոչ էլ, օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմը դաս չի եղել ու չի լինում մեր զինված ուժերին․ հարկավոր է դիրքեր տեղափոխել մոբիլ մեքենաներով։

Ուսումնական փուլ

Վարժանքի այն մասնակիցները, որոնք եղել էին Վարդենիսից հյուսիս ընկած հատվածում, դրական գնահատեցին ուսումնական փուլը, իսկ Վարդենիսից հարավ և Տավուշի մարզում վարժանքների մասնակցած անձինք բացասական գնահատեցին ընթացքը։ Վարդենիսից հյուսիս ընկած հատվածում վարժանքների մասնակցած անձիք նշեցին, որ ուսումնական փուլին ու կրակայինին հետևել են անձամբ զորամիավորման բարձրաստիճան սպաները, օրինակ՝ հրետանու պետը։

Մյուս դեպքերում, ըստ մեր զրուցակիցների, ուսումնական հատվածը «բացարձակ ձևական բնույթ էր կրում, և ոչ էլ պահպանվում էր դասապլանը»։

Մենք զրուցեցինք ինչպես հետևակի, այնպես էլ հրետանավորների հաստիքների նշանակված պահեստազորայինների հետ։ Որպես հրետանավոր մեկնած մասնակիցները նշեցին, որ «իրենց ուսումնական փուլի առաջին իսկ օրը տրամադրել են ականանետ՝ առանց նշանոցի, որը ընդամենը խողովակ է»։ Նշանոցը բերել են վերջին օրերին։ Նրանց խոսքով՝ զորամասի գնդից սպաներ են եկել ու մի քանի րոպե տևող ելույթ ունեցել, այնուհետև հեռացել։ 

Հետևակի դեպքում կրակային պատրաստությունն արդյունավետ չի եղել։ Կրակել են մինչև երեք անգամ՝ չորս տասնյակը չանցնող փամփուշտ։ Կրակայինի մասնակցած պահեստազորայինների գերակշիռ մասը անբավարար է ստացել ու այդ պատրաստությամբ բարձրացել դիրքեր։

Դասընթացներն էլ, ըստ մեր զրուցակիցների, նախատեսված չեն եղել մարտական հերթապահության համար, դրանք եղել են ոչ նպատակային՝ հագեցած տեսական մասով, որը հնարավոր էր ընդամենը մի քանի օրում փոխանցել, ոչ թե տասը։

Մեր բոլոր զրուցակիցները որպես անիմաստ ժամանակի վատնում էին որակել շարային պատրաստության վրա սևեռումը։ Ըստ նրանց՝ բոլոր տեղերում այդ պատրաստությանը մեծ ժամանակ էր հատկացվում, ինչն էլ որոշ դեպքերում եղել է պահեստազորայինների միջև վիճաբանության առարկա, քանի որ նրանք մի դեպքում չէին ենթարկվում սպաներին, մյուս դեպքում էլ կային մարդիկ, որոնք ցանկանում էին ստանալ կիրառական մարտական գիտելիքներ։

Հավաքների մասնակցել են նաև բուժակներ, որոնք իրենց հետ բերել էին առաջին օգնության պարագաները և դասընթացն էին անցկացնում, ըստ զրուցակիցների՝ ոչ արդյունավետ։

Մեր զրուցակիցների խոսքով՝ հիմնականում իրենց ուսուցանում էր վարժական հավաքի մասնակից սպայակազմը, որն ինքն էր մոռացել ստացված գիտելիքները, զորամասից սպաներ կամ չէին գալիս կամ էլ գալիս և մի քանի րոպե ելույթ ունենում ու գնում։

Ուսումնական փուլի անցկացման վայրերի կենցաղային պայմաններ 

Հավաքի մասնակիցները դժգոհ էին հավաքների անցկացման վայրերի կենցաղային պայմաններից․ դրանք ապահովված չէին տարրական հիգիենայի և մարզական հարմարություններով: Օրինակ՝ ողջ անձնակազմին տրամադրվել է մեկ զուգարան և երկու ցնցուղարան։

«Կենցաղային վիճակը շատ վատ էր, զուգարանը միայն մեկն էր, կար երկտեղանոց ցնցուղ։ Կարիքները հոգալով դաշտում՝ այն սարքել էին «ականապատ» հատված»,- կատակեց հավաքի մասնակիցներից մեկը։ 

Նրանք բոլորը, սակայն, գոհ էին սննդի որակից։

Դիրքեր

Վարժանքի մասնակցած բոլոր հրետանավորներին տեղափոխել էին այնպիսի դիրքեր, որտեղ պահեստազորայինները քնում էին վրանում։

«Մեր դասակին տարան մի տեղ՝ սարի դոշին, բացարձակ մերկ հատվածում, վրանում էին մեզ տեղակայել։ Բլինդաժանման տեղ չկար, ընդամենը վրան էր, որևէ քողարկում չկար։ Միակ լավ երևացողը հենց այդ վրանն էր, ոնց կրակեին՝ կպնելու էր»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։ Ուշագրավ է, որ այս նույն հավաքի մասնակիցները առանձնացնում էին կայծակաձողերի բացակայությունը։

«Մենք ցեխի մեջ էինք, անկողինների կեսը խրվել էր, մենք մեր ուժերով մի քիչ կարգավորեցինք։ Չկար կայծակաձող: Իրականում կայծակն ավելի վտանգավոր էր, քան հակառակորդը, գիշերները թվում էր, թե հեսա կհարվածի մեր վրանին»։

Վարդենիսից հարավ ընկած տարածքում վարժանքի մասնակիցներից մեկը՝ հրետանավոր, որըն ընդհանուր գոհ էր հավաքից, որպես միակ լուրջ խնդիր հենց քննելու համար նախատեսված վրանն առանձնացրեց։

«Միակ թերությունն այն էր, որ անձնակազմը վրանում էր քնում։ Նման իրավիճակ դիրքերում չպետք է լինի՝ անկախ հանգամանքից, որ սահմանին հանգիստ է։ Այդ հատվածում անտառային էր, վրանը քողարկված էր, բայց կարող էին նորմալ բլինդաժ սարքել, ինչը չէին արել»,- ասաց մեր զրուցակիցը։

Հետևակի կազմում հավաքի մեկնածներն էլ դժգոհ էին ինչպես Տավուշի, այնպես էլ Գեղարքունիքի դիրքերից։ Նշում էին, թե հենակետերի կահավորումը «ձևական բնույթ էր կրել»։

Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին չեն ծանոթացրել տեղանքին։ Սա վարժանքի բոլոր մասնակիցների կարծիքն է։ 

Գեղարքունիքում մարտական հերթապահությանը մասնակցած պահեստազորայինների խոսքով, քանի որ այնտեղ հեշտ էր կողմնորոշվել՝ Սևանը տեսանելի էր, իրենք անձամբ են ուսումնասիրել տեղանքը, մինչդեռ Տավուշի մարզում վարժանքի մասնակիցները միաձայն պնդեցին, որ անտեղյակ էին ինչպես նահանջի, այնպես էլ վերադիրքավորման հնարավոր ուղղություններին։

Դիրքերում արձանագրվել են դեպքեր, երբ կապի միջոցները պահեստազորայինները օգտագործել են ոչ նպատակային․ «Կապի միջոցով հիմնականում հնչում էր «ախպերությանն ուղղված օրհնանքներ», մարդիկ ռաբիս երգեր էին դնում, կիսագրագետ աղոթքներ էին լսվում։ Դա լսում էին նաև զորամասից, բայց ոչինչ չէին անում»,- ասաց մասնակիցներից մեկը։ Բայց այս իրավիճակը համատարած չէր։

Զինծառայողները ապահովված են եղել հանդերձանքով, որը որոշ դեպքերում չէր համապատասխանում իրենց չափսին և հնարավորություն չկար ձևափոխելու։ Մեր զրուցակիցներն ասացին, որ ավելի նպատակահարմար կլինի ստանալ հանդերձանքը նախքան վարժանքի մեկնելը, որպեսզի այն հարմարեցվի չափսերին, ինչը կխնայեր ժամանակը հետագայում։

Զրահաբաճկոններ ու սաղավարտներ ունեին, ընդ որում՝ սաղավարտները երկաթից չէին, այլ նոր և ավելի ժամանակակից։

Մասնակիցներից մեկն էլ պնդեց, որ իրենց դիրքերը շատ լավ էին կահավորված։ «Քողարկումը, թաքստոցները, ամեն ինչ շատ լավ էր։ Մենք էլ ինժեներական աշխատանքներ ենք կատարել դիրքերում։ Գնդից զինծառայողներ էին գալիս ու ծածկեր էին սարքում կրակային դիրքերը քողարկելու համար»,- նշեց նա։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում