Գլխավոր Լրահոս

Դիաբետի համար նախատեսված դեղը վաճառում են որպես «նիհարեցնող միջոց»

Դիաբետի համար նախատեսված դեղը վաճառում են որպես «նիհարեցնող միջոց»

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Ֆեյսբուքյան էջերում գովազդվում է «Մոունջարո» անվանումով միջոցը, որն ըստ կից գրառումների՝ նախատեսված է «անվտանգ և էֆեկտիվ նիհարելու համար»։

Ֆեյսբուքում գովազդվող միջոցը վաճառվում է մոտ 300 000 դրամով (700$)։ Գրառումներում, սակայն, տեղեկատտվություն չկա դեղամիջոցի իրական նշանակության և կողմնակի ազդեցությունների մասին։ 

#CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ որքանով է անվտանգ այն, և արդյոք պատկան մարմինները որևէ կերպ վերահսկում են նման միջոցների շրջանառությունը։

Ինչպե՞ս է իրականացվում գովազդվող միջոցի վաճառքը

Կապ հաստատեցինք դեղամիջոցը վաճառող ֆեյսբուքյան էջի հետ և ներկայացանք որպես հաճախորդ։ «Մոունջարո»-ն վաճառող ֆեյսբուքյան էջից միայն հարցրին՝ արդյոք ունե՞նք շաքարային դիաբետ, թե ոչ, ապա վստահեցրին, որ առողջական լուրջ խնդիրներ չունենալու դեպքում այն լիովին անվտանգ է։ Ըստ վաճառողի՝ «Մոունջարո»-ն արգելափակում է ախորժակը, օգտագործելուց հետո մեկ ամսում հնարավոր է նիհարել մինչև 10 կիլոգրամ։ Ֆեյսբուքյան էջից ուղարկել էին նաև էկրանապատկերներ (սքրինշոթ), որոնցում հաճախորդներն իրենց գոհունակությունն էին հայտնում։

Էկրանապատկերը՝ «Մոունջարո»-ն վաճառողի հետ զրույցից

Ի՞նչ է հայտնի «Մոունջարո»-ի մասին

«Մոունջարո»-ն ապրանք է, որը պարունակում է Tirzepatide անվանումով ակտիվ բաղադրիչը։ Այն գրանցված է Ամերիկայի Սննդի և դեղերի վարչության կողմից, բայց ոչ թե որպես նիհարեցնող միջոց, այլ դեղամիջոց, որը նախատեսված է երկրորդ տիպի դիաբետի բուժման համար։ Դեղամիջոցը նշանակում են նիհարելու համար միայն քրոնիկ ճարպակալում ունեցող անձանց։   

Դեղամիջոցը արտադրող կազմակերպությունը ևս հայտնել է, որ այն նախատեսված չէ քաշի կորստի, նաև՝ 18 տարին չլրացած անձանց համար։ Արտադրողը նաև զգուշացնում է, որ «Մոունջարո»-ն կարող է առաջացնել վահանաձև գեղձի ուռուցք: 

Մասնագետները նաև պնդում են, որ քաշի կորստի հետ մեկտեղ դեղամիջոցը հանգեցնում է նաև մկանների կորստի։

Արդյոք դեղամիջոցը գրանցվա՞ծ է Հայաստանում

Ի պատասխան #CivilNetCheck-ի հարցմանը՝ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ նման անվանումով դեղամիջոց գրանցված չէ Հայաստանում։

Դիմել էինք նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ խնդրելով պատասխանել՝ արդյոք վերահսկվո՞ւմ է «Մոունջարո» անվանումով Հայաստանում չգրանցված դեղամիջոցի վաճառքը։ Տեսչական մարմնից պատասխանել էին միայն, որ վերջինս վերասհկողություն է իրականացնում Հայաստանում չգրանցված բոլոր դեղերի շրջանառության նկատմամբ։ Անդրադառնալով «Մոունջարո» դեղամիջոցի վաճառքի վերահսկողությանը՝ պատասխանել էին, որ արձանագրված չգրանցված դեղերի անվանումների վերաբերյալ վիճակագրություն չի վարում տեսչական մարմինը։ 

Նշենք, որ Հայաստանում չգրանցված դեղեր ներմուծելու և արտադրելու համար նախատեսված է տուգանք։  

Էկրանապատկերը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պատասխանից

Այսպիսով, «Մոունջարո» անվանումով դեղամիջոցը գրանցված չէ Հայաստանում։ Այն նախատեսված է երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար, և մի շարք խնդիրներ կարող է առաջացնել այլ նպատակներով օգտագործելու դեպքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում