Գլխավոր Լրահոս

Առաջադրանքներ կատարելու դիմաց գումար ստանալու բազմաթիվ կեղծ գովազդներ են շրջանառվում

Առաջադրանքներ կատարելու դիմաց գումար ստանալու բազմաթիվ կեղծ գովազդներ են շրջանառվում

Շուշան Ստեփանյան, Հայկ Հովհաննիսյան

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ, որոնցում առաջարկվում է արագ գումար աշխատել, այնինչ, իրականում, գումար է կորզվում։ 

#CivilNetCheck-ը գնացել է այդ հայտարարությունների հետքերով։

Ինչպե՞ս են տարածվում գովազդային գրառումները

«Blossom generosity achieve prosper» ֆեյսբուքյան էջը 2024-ի օգոստոսի 30-ին միանգամից տասնյակ նման գրառումներ է տարածել, որտեղ առաջարկում է առաջադրանքներ կատարելու միջոցով գումար վաստակել։ Նկատենք, որ գովազդային գրառումների համար էջը ղեկավարողները գումարներ են ներդրել։ Նույն օրը էջը նույնաբովանդակ հայտարարություններ է տարածել նաև անգլերենով։ Այսինքն, հայկական ֆեյսբուքյան տիրույթից բացի, թիրախավորել են նաև անգլալեզու տիրույթը։

Էկրանապատկերը՝ «Blossom generosity achieve prosper» ֆեյսբուքյան էջի գովազդներից

Հղումով այցելելու դեպքում էջը տանում է Play Market, որտեղ առաջարկում է բեռնել Range անունով հավելվածը։ Հավելվածը նոր է Play Market-ում, դրա վերաբերյալ մանրասմներ չկան։ Ենթադրաբար, այս տարբերակով բարձրացնում են նաև նոր ստեղծված հավելվածի դիտելիությունը։

Հավելվածը բեռնելուց հետո կես դրույքով աշխատանքի վերաբերյալ հայտարարություններ են։ Դիմելու դեպքում այն տանում է WhatsApp հաղորդագրությունների հարթակ, որտեղ կապ հաստատած անձը ներկայանում է որպես Aliexpress կայքի խորհրդատու և առաջարկում վաճառքն ավելացնելու միջոցով գումար աշխատել։ Ըստ կայքի խորհրդատուի՝ հնարավոր է շահույթ ստանալ վաճառված ապրանքների «միջնորդավճարը»՝ կատարելով առաջադրանքներ հարթակում:

Էկրանապատկերը՝ Range հավելվածից

Հեշտ գումար աշխատել առաջարկող որոշ գրառումների դեպքում չկար որևէ հավելված, բայց դրանք նույնպես տանում էին WhatsApp հարթակ, որտեղ էլ Aliexpress-ում առաջադրաքներ կատարելու միջոցով գումար աշխատել են առաջարկում։

Իսկ WhatsApp-ով կապ հաստատած բոլոր օգտահաշիվների լուսանկարները վերցված են համացանցից։

Էկրանապատկերը՝ WhatsAPP-ի նամակագրությունից

Ինչպե՞ս են գումար կորզում

#CivilNetCheck-ը նախորդ հրապարակումներում անդրադարձել է թեմային։ 

Գումար աշխատելու համար պահանջվում է «աշխատանքային հաշիվ» ստեղծել իրենց կայքում, որը նմանակում է միջազգային Aliexpress կայքը։ Սկզբում Aliexpress-ը նմանակող կայքի հաշիվը լիցքավորվում է 1 000 դրամով, այնուհետև պահանջվում է ապրանքներ տեղադրել և դրա համար ստանալ «միջնորդավճարը»։ Ավելի ուշ, սակայն, պարզվում է, որ «վաճառքի շրջանը» փակելու համար անհրաժեշտ է համալրել հաշիվը։ 

Տեսականորեն ֆինանսական խարդախության զոհը երբեմն կարող է փոքր գումարներ հանել կայքի իր հաշվեկշռից։ Սակայն համակարգն այնպես է աշխատում, որ զոհերին մշտապես մի փոքր գումար է պակասում «վաճառքի շրջանը» փակելու համար, և նրանք ստիպված կլինեն ավելի ու ավելի շատ գումար ուղարկել, որպեսզի չկորցնեն նախկինում ներդրված գումարները։

Որոշ պահի, երբ ուղարկված գումարը բավականին մեծ կլինի, զեղծարարները այլևս գումար հետ չեն ուղարկի: Խաբեության այս տակտիկան կոչվում է «Խոզերի սպանդ», երբ զոհին վճարումներով գայթակղում են կատարելու ավելի մեծ ներդրումներ, ինչպես խոզերին են բտում մորթելուց առաջ:
#CivilNetCheck-ը նախորդ հրապարակումներում անդրադարձել է այս թեմային։ 

Այսպիսով, Aliexpress-ի անունից սոցցանցերում տարածվող գովազդային գրառումները՝ իբրև առաջադրանքներ կատարելու միջոցով գումար աշխատելու մասին, իրականում խաբեություն է։


Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում