Գլխավոր Լրահոս

«Երևանը գի՞րք է կարդում»․ մտորումներ երևանյան յոթերորդ BookFest-ի շուրջ 

«Երևանը գի՞րք է կարդում»․ մտորումներ երևանյան յոթերորդ BookFest-ի շուրջ 

Օրեր առաջ ավարտվեց Գրքի երևանյան յոթերորդ միջազգային փառատոնը, հայտնի դարձան մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերի հաղթողները, սակայն գրական մրցույթը գրողների համար գուցե ամենակարևոր, բայց իրականում փառատոնի մի մասն է միայն։ Հաղթողներին դեռ կանդրադառնամ, բայց մինչ այդ ցանկանում եմ շեշտել, որ տարեցտարի ավելանում է միջոցառումների բազմազանությունը։ Ավանդական ձևերին՝ գրքերի շնորհանդեսներին գումարվում են տարբեր հանդիպում-քննարկումները, համերգային ծրագրերը, վարպետաց դասերը, թատերական ներկայացումները և այլն։  

Մենք սիրում ենք որևէ գիտաժողովին կամ փառատոնին կպցնել միջազգային բառը՝ համարելով, որ դրանով բարձրացնում ենք միջոցառման հեղինակությունը։  Գրքի  այս տարվա  երևանյան  փառատոնին թեև մի քանի հանդիպում կար օտարազգի գրական գործիչների հետ, այնուհանդերձ, դժվար է այն լիարժեքորեն միջազգային անվանել։ Հայաստանում միջազգային կայացած կինոփառոտոն կա՝ «Ոսկե ծիրանը», նույնը նաև «Հայֆեստ» թատերական փառատոնի մասին կարելի է ասել։ 

Գրական միջազգային փառատոն ունենալու փորձ եղել է մեր երկրում։ Այն կոչվում էր «Գրական տապան» և անցկացվեց չորս-հինգ տարի շարունակ։ «Գրական տապանը» հրավիրում էր օտարերկրացի  քառասուն-հիսուն գրողի, որոնց միանում էին շուրջ երկու տասնյակ հայ գրողներ։ Սովորաբար բացման և փակման արարողությունները տեղի էին ունենում Երևանում, այնուհետ հյուրերը հանգրվանում էին Հայաստանի որևէ առողջարանային կամ տեսարժան բնակավայրում՝ Ջերմուկ, Դիլիջան, Ծաղկաձոր, Արցախ։ Բացի որոշակի թեմաներով քննարկումներ անցկացնելուց, շրջում  էին տվյալ մարզում, ծանոթանում մեր երկրի բնաշխարհին ու պատմա-ճարտարապետական հուշարձաններին։ Եթե փորձենք կարճ ձևակերպել «Գրական տապանի» առաքելությունը, կարող ենք ասել, որ այն փորձում էր մեծ թվով այլազգի գրողներ Հայաստան բերելով՝ մեր երկրի մասին դրսում դրական վերաբերմունք առաջացնել։ 

Այդ տարիներին դժգոհություններ էին հնչում, որ հրավիրվածներն առանձնապես ճանաչված չեն իրենց երկրներում։ Հանուն արդարության ասենք, որ թեև դա իսկապես այդպես էր, բայց հանուն նույն արդարության պիտի խոստովանել նաև, որ չափազանց դժվար է կամ գրեթե անհնար համաշխարհային ճանաչում ունեցող գրողի Հայաստան բերելը։ Այսքանով հանդերձ, «Գրական տապանի» շրջանակում եղան նաև միջազգային հռչակ ոնեցող մի քանի գրողների այցեր։ Մնացած հյուրերի մի մասը գալիս էր գրեթե ամեն տարի կամ գոնե մի քանի տարի անընդմեջ։ Փառատոնի ավարտից հետո հրատարակվում էր մասնակիցների տպավորությունների ժողովածու, և դրանց մեջ երբեմն լինում էին Հայաստանի մասին ոչ դրական կարծիքներ։ Սա գուցե ավելի կարևոր էր, քան սիրով ու ջերմությամբ իրենց հյուրընկալած երկրի մասին հավուր պատշաճի գրված երախտագիտություն խոսքերը։ 

Կարևոր կլիներ, եթե համարեինք, որ կողքից հայացքն ավելի պարզորոշ է տեսել բաներ, որոնք շտկման կարիք ունեն։ Բայց դա էլ այդպես չէր։ Հետո «Գրական տապանը» դադարեց գոյություն ոնենալ։ Որոշ ժամանակ հետո ծնվեց BookFest-ը։ 

Այս տարվա փառատոնին կարողացա միայն մեկ օր մասնակցել և առիթը ընկերոջս՝ Մհեր Իսրայելյանի «Երեք Ա-ի ինքնամոռաց արշավանքը», ինչպես հեղինակն է բնորոշել, կիսաքաղաքական, կիսահումորային հեքիաթ-վեպի շնորհանդեսն էր։ 

Փառատոնի գլխավոր նպատակներից մեկը ընթերցասիրության խթանումն է և գրքի վաճառքի գործում հրատարակչություններին օժանդակելը։ Այս անգամ փառատոնն անց էր կացվում Հայաստանի Ազգային պատկերասրահում, իսկ հրատարակիչներն իրենց տաղավարները բացել էին դրսում՝ պատկերասրահի կամարառատ ծածկի նեղլիկ միջանցքում։

Այնտեղ գտնվողների մեծ մասը ծանոթ էր՝ գրողներ, հրատարակչությունների աշխատակիցներ, լրագրողներ։ Այդ պատկերը հուշեց, որ «Երևանը գիրք է կարդում» կարգախոսը ճոռոմ է ու չափազանցված։ Թեև փառատոնի երեք օրերին ավելի շատ գիրք է վաճառվում, քան տարվա մնացած ցանկացած մեկ ամսվա ընթացքում, այնուհանդերձ, դժվար է այդ օրերի մայրաքաղաքին այդպիսի բնորոշում տալ։ Ըստ վիճակագրության՝ փառատոնի օրերին բոլոր հրատարակչությունները միասին վաճառում են շուրջ տասը հազար գիրք։ Իսկ եթե նկատի առնենք, որ մեր երկրում մեկ տարվա ընթացքում  հրատարակվում է  գրեթե  երկու հազար ութ հարյուր անուն գիրք, միջինում ստացվում է, որ ամեն գրքից փառատոնի օրերին վաճառվում է ընդամենը չորս-հինգ գիրք։ Բայց կա ավելի կարևոր մի հանգամանք։ Եթե նկատի ունենանք, որ մարդիկ գնում են միանգամից երեք-չորս գիրք, ստացվում է, որ գիրք գնողների թիվը կազմել է մոտավորապես երեք հազար մարդ։ Սրանից էլ պիտի հանենք հենց գրականության մարդկանց, որոնք միմյանց գրքերն են գնում, պարզ է, որ մնացորդին դժվար է կոչել Երևան։ 

Անշուշտ, չի կարելի չգոհանալ, որ այս փոքր թվի մեջ դանդաղ, բայց աճ կա։ Բավարա՞ր է դա։ Իհարկե՝ ոչ։

Հիմա՝ մրցանակաբաշխության մասին։ Ի տարբերություն նախորդ փառատոնի մրցույթի հաղթողների, որոնք տարիքն առած կամ միջին տարիքի և հանրությանը շատ կամ քիչ հայտնի անուններ էին, այս տարի հաղթողների մեծ մասի անունները կամ առաջին անգամ էի լսում կամ քիչ թե շատ էի ծանոթ։ Իհարկե, եղել և կլինեն մրցույթի արդյունքներից դժգոհողներ։ Հանձնաժողովի անդամները հավաստիացնում են, որ եղել են լիակատար օբյեկտիվ։ Մի կողմ թողնենք, որ որևէ սուբյեկտ առհասարակ չի կարող լիակատար օբյեկտիվ լինել։ Բայց լիակատար օբյեկտիվ չի կարող լինել նաև դժգոհող հեղինակը, որը միանգամայն բնականորեն իր ստեղծագործությանը շատ ավելի սուբյեկտիվ է վերաբերվում։ Թե՛ հայտատու հեղինակների թվում  և թե՛ հանձնաժողովական բազմաթիվ ընկերներ ունեմ և չեմ ուզում կասկածի տակ դնել նրանց մի կողմի օժտվածությունը, մյուսի՝ անաչառությունն ու ազնվությունը։ Որպես առաջին փառատոնի մրցանակակիր՝ իրավունք չունեմ այլևս մրցույթին մասնակցելու, ուստի լիակատար անկողմնակալությամբ ամեն տարի ծանոթանալով հաղթած գործերին՝ ունենում եմ տարակույսներ  ժյուրիի եթե ոչ ազնվության, ապա գոնե ճաշակի, չափանիշերի, կարճ ասած՝ պրոֆեսիոնալիզմի հետ կապված։ Երբեմն անգամ ստեղծագործության՝ տվյալ անվանակարգին համապատասխանությունն է հարցեր ծնում։ 

Ի՞նչ է տալիս հաղթանակը հեղինակին։ Փոքրիկ ֆինանսական օժանդակություն և նույնքան փառասիրություն։ Ոչ ավելին։ Անցած տարվա պոեզիայի անվանակարգում հաղթած ընկերս՝ բանաստեղծ Գևորգ Թումանյանը, հետաքրքրվել ու պարզել էր, որ այս տարի իր գրքից չէր վաճառվել ոչ մի հատ։ Ինքս չեմ հետաքրքրվել։ Գուցե իմոնցից էլ ոչ մի հատ կամ շատ քիչ է վաճառվել։ Գրքի առաջանցիկ վաճառքի ու դրա գրական-գեղարվեստական արժանիքների համապատասխանության  հարցը հին է ու ծեծված։ Դրան չարժե կրկին անդրադառնալ։ 

Հոդվածն ուզում եմ ավարտել մի հարցով, որ տանջում էր ինձ հրատարակչությունների տաղավարների գրքերը տնտղելիս։ Տարիներ առաջ դասագրքերի հրատարակումը այնքան եկամտաբեր էր, որ կոռուպցիոն ռիսկեր էին վերագրում մրցույթների հաղթողներին։ Սկսվել է նոր ուսումնական տարին, և մեր երեխաների տասներեք դասագիրք չի հրատարակվել։ Պատճառաբանությունը մեկն է՝ կա՛մ հայտատու հրատարակիչներ չեն գտնվել, կա՛մ միայն մեկն է հայտ ներկայացրել ու չի հաղթել։ Այս պայմաններում ընթերցասեր հանրություն ունենալու երազանքի տապալումը վաղվա փորձանքներից ամենամեծը չի լինելու։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում