Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Վերջին շրջանում սոցցանցերում բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան մի շարք էջեր տարածում են գրառումներ՝ սպասվող մինչև -32 և ավելի ցածր ջերմաստիճանի հասնող ցրտերի մասին։ Գրառմանը կցված է շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևությաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի լուսանկարը՝ տպավորություն ստեղծելով, թե նա է նման կանխատեսմամբ հանդես եկել։
Դատելով գրառումների արձագանքներից՝ օգտատերերից շատերը այս տեղեկությունը որպես իրականություն են ընդունում։ Այնինչ տարածվող լուրը հին է, իսկ ֆեյսբուքյան էջերը օգտագործում են այն կցված կայքերին դիտումներ ապահովելու համար։
Ինչպե՞ս է տարածվում գրառումը
Գրառումից և գրառմանը կցված հոդվածի վերնագրից տպավորություն է ստեղծվում, որ առաջիկայում եղանակը կտրուկ փոխվելու է, այնինչ հենց գրառմանը կցված հոդվածում նշվում է, որ լուրն ապրիլ ամսվա է։
ՊՈԱԿ-ի և Գագիկ Սուրենյանի էջերում ևս առաջիկայում սպասվող -32 աստիճանի հասնող ցրտերի մասին տեղեկություններ չկան։

Ի՞նչ է հայտնի գրառումը տարածող ֆեյսբուքյան էջերի մասին
Գրառումը տարածել են Ֆեյսբուքում 192 հազար հետևորդ ունեցող «Arm Info 365» և 80 հազար հետևորդ ունեցող «Մայր Հայաստան» էջերը։ Էջերի ետնանկարները (cover picture) նույնն են։
«Arm Info 365»-ը գրառմանը կցել է Hraparak.am լրատվամիջոցին նմանակող Hraparaknews.am կայքի հղումը, իսկ «Մայր Հայաստան» էջը կցել է erevanblog.am կայքի հղումը։
«Մայր Հայաստան» էջի վերաբերյալ տեղեկությունների բաժնում նշված է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեն։ Արման Թումասյանին պատկանող նմանատիպ այլ կայքերի մասին #CivilNetCheck-ը նախորդ հոդվածներում գրել է։

Այսպիսով, առաջիկայում ջերմաստիճանը -32-ի չի հասնելու, ֆեյսբուքյան գրառումներին կցված կայքերի լուրը հին է և մոլորեցնող։
CivilNetCheck
Civilnet











