Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը սեպտեմբերի 26-ին «Այսօր» լրատվականի «Հարցեր կան» հաղորդման ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե «ինչո՞ւ է տպավորություն ստեղծվել, որ եկեղեցին մենակ է թողել Բագրատ Սրբազանին», նշել էր, թե մենակ թողնելու հարց չկա։
«Եկեղեցին Բագրատ Սրբազանին չի էլ սատարում, որ մենակ թողներ [...] Մենակ թողնելու-չթողնելու հարց չկա։ Եկեղեցին քաղաքական պրոցեսների մեջ ինքը չի մտնում, որպեսզի իշխանություն փոխի, նոր իշխանություն կազմի, սրան բերի, նրան հեռացնի, այդպիսի պրոցեսների մեջ չի մտնում և չի ուզում մտնել»,- ասել էր Աջապահյանը։
Տավուշում 2024-ի ապրիլին սահմանազատման դեմ սկսված ցույցերը ղեկավարում էր այդ ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նրա կողմից քաղաքական բողոքը ղեկավարելը հարցեր էր առաջացրել, թե որքանով է Հայ Առաքելական եկեղեցին ներգրավված այդ գործընթացներում, արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոսը որևէ կերպ ղեկավարում կամ սատարում է շարժմանը։
Ի՞նչ հայտարարություններ են հնչել եկեղեցու կողմից շարժմանը սատարելու վերաբերյալ
Բագրատ Գալստանյանի ղեկավարած ցույցերը մեկնարկեցին Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո։
Այդ շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և անհատներ արշավ են սկսել եկեղեցու և Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, «որը հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների պաշտպանության մտահոգությամբ»։
Ցույցերի արդյունքում ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները մայիսի 4-ին քայլերթ սկսեցին դեպի Երևան, որտեղ նախատեսված էր մեծ հանրահավաք։
2024-ի մայիսի 5-ին, երբ շարժման մասնակիցները դեռևս Գեղարքունիքի մարզում էին, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Մայր աթոռը միանալո՞ւ է շարժմանը, Բագրատ Գալստանյանն ասել էր․ «Մայր աթոռը միացած է միշտ, առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում։ Հայոց Հայրապետը ինքն է մեր հայրը, մեր օրհնողը, մեզ առաջնորդողը․․․ամեն ինչ»,- ասել էր Գալստանյանը։
Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե ստեղծված կացությունն «արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման»։
«Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին»,- ասված էր հայտարարության մեջ:
Մայիսի 9-ին, երբ Բագրատ Գալստանյանը հասել էր Երևան և տեղի ունեցավ մեծ հանրահավաքը, շարժումը հայտարարեց, որ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
2024-ի մայիսի 26-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Գալստանյանը հայտնել էր, որ խորհրդակցությունների արդյունքում որոշվել է՝ շարժման վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, և որ հոգևոր հանգամանքի հետ չի կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։
Հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, Մայր Աթոռը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ «պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը»։
Այսպիսով, Մայր Աթոռը դադարեցրեց Գալստանյանի եկեղեցական և վարչական ծառայությունը՝ պահպանելով եպիսկոպոսական կարգը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և այլ հոգևորականներ ևս հայտնել են, որ սատարում են շարժմանը, բայց Միքայել Աջապահյանը նաև ասել է, որ դա եկեղեցու շարժումը չէ, Բագրատ Սրբազանի շարժումն է։
Բագրատ Գալստանյանը հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս նշել էր, որ եկեղեցին կապ չունի շարժման հետ։
«Եկեղեցին՝ Մայր Աթոռը, արդարությանն աջակցել է, դատապարտել է այս բռնությունները, բայց եկեղեցին՝ որպես ինստիտուտ այս շարժման մեջ որևէ ձևով ներգրավվածություն չունի»,- ասել էր Գալստանյանը։

Եկեղեցին՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում անցկացվող հանրահավաքների մասին
Բագրատ Գալստանյանի ղեկավարած շարժումը հաճախ հանրահավաքներ է իրականացնում Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում։
#CivilNetCheck-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից պատասխանեցին, որ իրենք թույլտվություն են տալիս միայն եկեղեցու տարածքում նկարահանումներ իրականացնելու հետ կապված, իսկ եկեղեցու բակում Բագրատ Գալստանյանի կազմակերպած հանրահավաքները թույլատրելու հետ կապված հարցերն առաջարկեցին ճշտել հանրահավաքի կազմակերպիչներից։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տեղեկատվական հարցերով զբաղվող Լիդիա Մանթաշյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ որևէ գրավոր թույլտվություն չունեն, բանավոր են պայմանավորվել եկեղեցու բակում հանրահավաքներ անցկացնել։
Այսպիսով, թեև եկեղեցին ֆորմալ երբևէ չի հայտարարել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու մասին, սակայն հայտարարություններով սատարել է Բագրատ Գալստանյանին և նրա իրականացրած գործողությունները՝ նշելով, որ նա և թեմի մյուս հոգևորները «չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին»։
CivilNetCheck
Civilnet











