Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայի նոր կառավարության հայերն ու հայամետները

Ֆրանսիայի նոր կառավարության հայերն ու հայամետները

Անցյալ շաբաթավերջին հրապարակվեց ֆրանսիական նոր կառավարության կազմը, որի անդամների մեջ աննախադեպ թվով հայկական հարցի աջակիցներ կան: Արդյոք Հայաստանը կարո՞ղ է օգտվել դրանից:

Հայտնի է, որ Ֆրանսիայի նոր վարչապետ Միշել Բարնիեն Հայաստանի և Արցախի աջակիցներից է: 2012 թվականի դեկտեմբերին նա այցելել էր Հայաստան և Արցախ «Հանրապետականներ» աջակողմյան կուսակցության 2022 թվականի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Վալերի Պեկրեսի և Բրունո Ռետայոյի հետ՝ վերահաստատելու իրենց աջակցությունը հայկական գործին: Հարց է առաջանում, թե արդյոք Ադրբեջանը կհանի՞ այս երեք գործիչների անունները իր սև ցուցակից, քանի որ բոլորն էլ այցելել են Արցախ:

Հայկական հարցի պաշտպանները ողջունել են Բրունո Ռետայոյի՝ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակումը․ նա Հայաստանի և Արցախի համար շատ գործ է արել Սենատում: Նա եղել է Սենատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային տեղեկատվական խմբի նախագահը՝ մշտապես բարձրաձայնելով Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների մասին: 

Նոր կառավարության կազմում ընդգրկված են երեք նախարարներ, որոնք նվիրված են Հայաստանի և Արցախի պաշտպանությանը: Նրանք են՝ Աշխատանքի և զբաղվածության հարցերի նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեն, Հանրային ծառայության նախարար Գիյոմ Կասբարյանը, որի հայրը մշակութային կցորդ է եղել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, և 33 տարեկան Անտուան Արմանը, որը նշանակվել է Տնտեսության, ֆինանսների և արդյունաբերության նախարարի պաշտոնում։ Վերջինս հետազոտական աշխատանք է գրել 1915 թվականի ցեղասպանության մեջ Գերմանիայի պատասխանատվության մասին:

Նոր կառավարության կազմում կան նաև Հայաստանի և Արցախի երեք բարեկամներ: Նրանք են՝ Նիկոլա Դարագոնը՝ Առօրյա անվտանգության հարցերով պատվիրակ նախարարը, որը որպես Վալանսի քաղաքապետ միշտ աշխատել է հայկական հարցի օգտին: Դիդիե Միգոն՝ Արդարադատության նախարարը, 1990-ական թվականներին առաջին խորհրդարանականներից էր, որը զբաղվել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններով: Նա նաև նախաձեռնել է մի շարք օրենքներ, որոնք պատիժ են նախատեսում Հայոց ցեղասպանության ժխտման համար: Եվ վերջապես, Բենջամին Հադադը՝ Եվրոպայի հարցերով պատվիրակ նախարարը, նույնպես հայկական ժողովրդավարության աջակից է:

Եվ իհարկե կարելի է միայն ողջունել Սեբաստիեն Լեկորնյուի՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակումը, Ազգային կրթության նախարար Անն Ժենետեի նշանակումը և Բյուջեի և հանրային հաշիվների նախարար Լորան Սեն-Մարտենի նշանակումը, որոնք բոլորն էլ հայտնել են իրենց աջակցությունը Հայաստանին և Արցախին:

Անորոշ է, սակայն, թե արդյոք այս անձանց հայամետությունը կնպաստի՞ հայկական ժողովրդավարության տնտեսական և ֆիզիկական ամրապնդմանը՝ ադրբեջանական սպառնալիքին դիմագրավելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող Ադրբեջանի վտանգը՝ վերահաստատելով իր համերաշխությունը Հայաստանի հետ: 

Նա ոչ մի անգամ չի ակնարկել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին, ոչ էլ իրենց հողից վտարված Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին, առավել ևս՝ Արցախի որևէ կարգավիճակի մասին՝ միջազգային երաշխիքների ներքո: 

Այդուհանդերձ, Փարիզի դիրքորոշումը երբևէ այսքան հետևողական չի եղել Հայաստանին աջակցելու հարցում: Հայաստանի կառավարության ընդդիմախոսները իհարկե պնդելու են, և ոչ առանց պատճառի, որ ֆրանսիացի նախագահն ավելին է անում, քան իր գործընկեր Նիկոլ Փաշինյանը: Եվ սա վտանգավոր է հայկական շահերի համար, քանի որ ամեն անգամ, երբ հայկական հարցի պաշտպանները կդիմեն Փարիզին Արցախի հարցի և Հայաստանի պաշտպանության համար, տողատակերում կկարդան հետևյալ պատասխանը. «Մեր խնդիրը Փաշինյանն է, մենք չենք կարող թագավորից ավելի թագավոր լինել»:

Հոդվածի բնօրինակը՝ այստեղ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում