Երևանի ոչ բոլոր զինկոմներն են ազատվել աշխատանքից․ Oragir.news-ի տեղեկությունները սխալ են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Oragir.news կայքը սեպտեմբերի 30-ին «Քաղաքական որոշում է. Երևանի բոլոր զինկոմներն աշխատանքից ազատվել են» վերնագրով հոդված է տարածել։
Կայքը հոդվածում գրում է, թե իր տեղեկություններով՝ օրերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել են Երևանի բոլոր ու մարզերի որոշ զինկոմներ։
«Բարձրացված դժգոհություններին ու հարցադրումներին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն ասել է, որ պատճառը քաղաքական որոշումն է եղել»,- գրել է կայքը։
#CivilNetCheck-ը կապ հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, որը հրաժարվեց մեկնաբանել տարածվող լուրը։
ՍիվիլՆեթը որոշեց տեղեկությունը ճշտել անմիջապես զինկոմիսարիատներից։ Քանի որ հոդվածում նշված չէր, թե որ մարզերի որ զինկոմներն են հեռացվել, կապ հաստատեցինք Երևանի զինկոմիսարիատների հետ։
Երևանում գործում է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունը և չորս տարածքային ստորաբաժանում։
#CivilNetCheck-ի զրույցների արդյունքում պարզվեց, որ հինգ կառույցներից միայն երկուսի զինկոմներն են վերջին օրերին ազատվել աշխատանքից։
Երևանի պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ժամանակավոր պաշտոնակատարը Արեն Սարգսյանն է։ #CivilNetCheck-ի հետ զրույցում զինկոմից հայտնեցին, որ Արեն Սարգսյանը շարունակում է զբաղեցնել զինկոմի ժպ-ի պաշտոնը։
«Արդեն 8-9 ամիս է՝ ինչ Արեն Սարգսյանը զբաղեցնում է ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը»,- հայտնեցին զինկոմից։
Պաշտպանության նախարարության կայքում ևս դեռևս հունիս ամսից հրապարակումներ կան, որոնցում նշված է, որ Սարգսյանը հանդիսանում է զինկոմի ժամանակավոր պաշտոնակատար։
Երևանի N1 տարածքային ստորաբաժանման զինկոմի պաշտոնը արդեն մեկ տարի է, ինչ զբաղեցնում է Գևորգ Պողոսյանը։ #CivilNetCheck-ի հետ զրույցում զինկոմիսարիատից հայտնեցին, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Երևանի N3 տարածքային ստորաբաժանման ժամանակավոր պաշտոնակատարը Այվազ Վարդերեսյանն է։ Զինկոմիսարիատից հայտնեցին, որ Վարդերեսյանը ստորաբաժանման ժպ-ի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա մայիսից և դեռ որևէ փոփոխություն չկա։
Պաշտոնից ազատվել են Երևանի N2 տարածքային ստորաբաժանման պետ Սերոբ Արմենակյանը և N4 տարածքային ստորաբաժանման պետ Աշոտ Հակոբջանյանը։
#CivilNetCheck-ի հետ զրույցում զինկոմից հայտնեցին, որ արդեն 10 օր է, ինչ Սերոբ Արմենակյանը ազատվել է աշխատանքից, իսկ Աշոտ Հակոբջանյանի դեպքում հրամանն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից։
Այսպիսով, Երևանում գործող 5 զինկոմիսարիատներից միայն երկուսի զինկոմներն են վերջերս ազատվել աշխատանքից։ Հինգից երկուսը ժամանակավոր պաշտոնակատարներ են, որոնք ոչ թե վերջերս են նշանակվել ժպ-ի պաշտոնում, այլ ամիսներ առաջ։
Փաստերի ստուգում
Թեմա
CivilNetCheck
Civilnet










