Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ՝ հայտարարությամբ, թե 55-ից և 75-ից բարձր տարիքի անձինք կարող են անվճար բնակարաններ ստանալ։
Տարածվող գրառման հետ կցված լուսանկարում Հայաստանի զինանշանն է, ինչից տպավորություն է ստեղծվում, թե խոսքը պետական ծրագրի մասին է:
«Սեղմեք ստորև նշված ընտրացանկը՝ կայք մուտք գործելու և ձեր սեփական տարեցների բնակարան ստանալու համար»,- նշված է գրառման մեջ։
Երբ բացում ենք գրառմանը կցված հղումը, նշված ընտրացանկերի մեծ մասը տանում է անշարժ գույքի գործակալության՝ besthouse.am կայք։
Մինչդեռ, տարեցների համար անվճար բնակարանների տրամադրման որևէ ծրագիր գոյություն չունի՝ ոչ պետական և ոչ էլ մասնավորի կողմից։
Best House անշարժ գույքի գործակալությունից հերքում են գրառման հետ կապը և նշում, որ պարբերաբար զանգեր են ստանում անվճար բնակարանների վերաբերյալ, սակայն չգիտեն, թե ինչ նպատակով է իրենց կայքը կցվել տվյալ կայքի հետ։
Ի՞նչ է հայտնի գրառումը տարածող ֆեյսբուքյան էջի մասին
Հայկական besthouse.am կայքից բացի, հղումները տանում են նաև անշարժ գույքի գործակալության քենիական dawoudrealtors.co.ke կայքը և Ամերիկայում գործունեություն ծավալող անշարժ գույքի գործակալ Ռիզլ Բեյքերի էջ։
Իսկ գրառումը տարածող «Housing 2024 Service Info» էջը ստեղծվել է վերջերս՝ սեպտեմբերի 30-ին։

Էջում որևէ հրապարակում չկա՝ բացառությամբ անվճար բնակարանների վերաբերյալ գովազդային գրառումների։ Հատկանշական է, որ գովազդային գրառումները տարածվել են տարբեր լեզուներով՝ թիրախավորելով տարբեր երկրների օգտատերերին։

Ենթադրաբար, կեղծ գրառումներ տարածելով՝ էջը փորձում է մեծացնել հետևորդների թիվը կամ կցված կայքերի դիտումները։
Այսպիսով, 55 տարեկանից բարձր անձանց անվճար բնակարաններ ստանալու վերաբերյալ գրառումը կեղծ է։
CivilNetCheck
Civilnet











