Գլխավոր Լրահոս

Անչափահաս երեխաների համար 100 000 միանվագ նպաստ չի տրամադրվում. գրառումները կեղծ են

Անչափահաս երեխաների համար 100 000 միանվագ նպաստ չի տրամադրվում. գրառումները կեղծ են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջեր  տարածում են գրառումներ՝ իբրև կառավարությունը երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին 100 000 դրամ միանվագ նպաստ տալու ծրագիր է ընդունել։ 

«Եթե դուք համապատասխանեք ծրագրի պայմաններին, կարող եք դիմել այս ծրագրին մինչև դեկտեմբեր և ստանալ աջակցություն»,- նշված է գրառմանը կցված հոդվածի մեջ։ 

Գրառումը տարածել են՝ ֆեյսբուքում 149 հազար հետևորդ ունեցող «Երկիր հայրենի», 160 հազար հետևորդ ունեցող «Հայաստան ջան», 193 հազար հետևորդ ունեցող «Arm Info 365» և այլ էջեր։  

Այս էջերի տարածած տեղեկությունը, սակայն, սխալ է։ Կառավարությունը երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ նպաստ տալու վերաբերյալ որևէ նոր որոշում չի ընդունել։

Ի՞նչ միանվագ վճար է տրամադրվում երկու և ավելի երեխա ունեցողներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էջում հրապարակված են երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրվող նպաստներն ու դրանց չափը։ 

Այսպես, երեխայի ընտանիքին տրամադրվում է մայրության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, երեխայի ծննդյան նպաստ։ Նույնիսկ այս դեպքում միանվագ նպաստ տրամադրվում է միայն երեխայի ծննդյան ժամանակ, իսկ նպաստի չափը ոչ թե 100 000 դրամ է, այլ ավելի։

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 300 000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1 000 000 դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում՝ 1 500 000 դրամ։

Էկրանապատկերը՝ mlsa.am-ից

Երկու և ավելի անչափահաս երեխաների համար միանվագ նպաստ սահմանված չէ։

Գրառումը տարածող էջերի մասին

Նույն էջերը նույն օրը տարածել են նաև «Հրատապ. ոչ միայն Արցախցիները. Բոլորը կարող են դիմել՝ միանվագ նպաստի համար. կառավարությունը հաստատել է» վերտառությամբ գրառումներ։ Կցված հոդվածում գրված է, թե 100 000 դրամ միանվագ նպաստից՝ նախատեսված երկու և ավելի երեխա անչափահաս ունեցողների համար, կարող են օգտվել ոչ միայն արցախցիները, այլև անչափահաս երեխա ունեցող բոլոր ընտանիքները։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բոլոր անդամներին 100 000 դրամ միանվագ աջակցություն տրամադրվել է Հայաստան տեղափոխվելու սկզբնական շրջանում՝ առաջնային կարիքները հոգալու համար։ Աջակցության տարբեր ծրագրեր կան Արցախից տեղահանված անձանց համար, բայց անչափաս երկու և ավելի երեխաների միանվագ նպաստ տրամադրելու ծրագիր չկա։ 

Էկրանապատկերը՝ կեղծ գրառումը տարածող ֆեյսբուքյան էջերից

Որոշ ֆեյսբուքյան էջեր գրառմանը կցել են Hraparaknews.am և Erevanblog.am կայքերի հղումները։ Այս կայքերը փոխկապակցված են, դրանց կապի և սեփականատիրոջ մասին #CivilNetCheck-ն արդեն գրել է։ 

Կեղծ գրառումներ տարածելու հիմնական նպատակը գրառմանը կցված կայքերի դիտելիությունը բարձրացնելն է և դրա միջոցով գովազդից գումար աշխատելը։

Այսպիսով, տարածվող գրառումը, թե կառավարությունը երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին 100 000 դրամ միանվագ նպաստ տալու ծրագիր է ընդունել, սխալ է։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում