Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
«Կարեն Մնացականյանը 19 երեխայի կյանք է փրկել», «վարչապետն անձամբ է այցելել հրշեջին», «երեխաները լուսամուտի տակ երգել են հրշեջի համար», «Կարեն Մնացականյանի համբավը հասել է մինչև Ռուսաստան և «Տաշիր» ընկերության Կարեն Կարապետյանը ավտոմեքենա է նվիրել հրշեջին»․ նման վերտառությամբ նյութեր և գրառումներ վերջին շրջանում ողողել են սոցիալական ցանցեր։
Իսկ ո՞վ է «հերոս հրշեջ» Կարեն Մնացականյանը, որի սխրանքի մասին գրում են սոցցանցերում բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջեր։ Գրառումներում նշվում է, որ հրշեջ Կարեն Մնացականյան անունով անձն իբր 19 երեխայի կյանք է փրկել հրդեհի ժամանակ։
«Այսօր նրան այցելեց ոչ այլ ոք, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անձամբ տեսնելով Կարենի սխրանքը և մեծ նվիրվածությունը՝ վարչապետը վստահեցրեց, որ այսպիսի հերոսները չեն մոռացվի, և նրա կատարածն անգնահատելի է»,- նշված է գրառմանը կցված հոդվածում։
Թե որտե՞ղ և ինչպե՞ս է վարչապետը տեսել Կարեն Մնացականյանի սխրանքը՝ հայտնի չէ, քանի որ բացի գրառումը տարածող ֆեյսբուքյան էջերից, որևէ տեղ նման հրապարակում չկա։
Գրառումը տարածել են ֆեյսբուքում 193 հազար հետևորդ ունեցող «Arminfo 365», 177 հազար հետևորդ ունեցող «Ժպտա և ողջ աշխարհը կժպտա քեզ» էջերը, իսկ 90 հազար հետևորդ ունեցող «Միասնական Հայաստան» էջը գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրշեջին պարգևատրել է 10 միլիոն դրամով։
Հերոս հրշեջի մասին լուրը, սակայն, հորինված է։

Ներքին գործերի նախարարությունից հերքում են հրդեհի մեջ հայտնված 19 երեխաների և նրանց փրկած փրկարարի վերաբերյալ գրառումները։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը #CivilNetCheck-ի զրույցում նշում է, որ փրկարար ծառայությունում բազմաթիվ աշխատողներ կան, գուցե նաև Կարեն Մնացականյան անունով հրշեջ լինի, բայց նման դեպք տեղի չի ունեցել։
Ֆեյսբուքյան գրառմանը կցված լուսանկարը բոլորովին այլ վայրից է
Գրառումներից մեկին կցված լուսանկարը, որը ներկայացվում է, թե իբր փրկված երեխաները երգում են հրշեջի համար, իրականում վերցված է լիբանանահայ երեխաների մասնակցությամբ տեսանյութից, որը տարածվել է համացանցում առնվազն 2019-ից։

Գիշերօթիկները վերացվել են, բայց ֆեյսբուքյան էջերը գրառումներ են անում գիշերօթիկում հրդեհի մասին
Ֆեյսբուքյան գրառումներին կցված հոդվածներից մեկում նշվում է, որ հրդեհը բռնկվել է գիշերօթիկ դպրոցում։
«Վերջին օրերին հրշեջ Կարեն Մնացականյանի հերոսական արարքը ցնցել է ողջ հանրապետությունը։ Մնացականյանը, վտանգելով իր կյանքը, գիշերօթիկ դպրոցում բռնկված հրդեհի ժամանակ փրկեց 19 երեխայի»,- նշված է հոդվածում։
Գիշերօթիկ դպրոցները Հայաստանում փակվել են 2019-ից, քանի որ պետությունը որդեգրել էր երեխաներին ընտանիքում պահելու և հաստատության պահպանման փոխարեն ընտանիքին աջակցելու քաղաքականությունը։
Այսպիսով, 19 երեխաների հրդեհից փրկած հրշեջ Կարեն Մնացականյանի վերաբերյալ գրառումը կեղծ է։ Ֆեյսբուքյան էջերը մի քանի մասից բաղկացած պատմություններ են հնարել՝ իբր կյանքեր փրկած հերոսի մասին։
CivilNetCheck
Civilnet











