Գլխավոր Լրահոս

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման վերաբերյալ գրառումը կեղծ է

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման վերաբերյալ գրառումը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը տարածում են գրառումներ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման վերաբերյալ։

«Պատրաստվեք, ժողովուրդ ջան: Ձմեռ գազ չեք վառելու, ամառը կրկին վերադառնում է»,- նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։

Գրառմանը կցված հոդվածի լուսանկարում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն է, և տպավորություն է ստեղծվում, թե հեղինակը Սուրենյանն է: 

Կցված հոդվածում պատկերն այլ է

Գրառմանը կցված հոդվածում արդեն գրված է. «Հավաստի աղբյուրները հայտնում են, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը կարող է կտրուկ բարձրանալ մինչև 30°C՝ անսովոր տաքություն բերելով սեզոնային ցրտերի փոխարեն»։

Աղբյուրները, սակայն, չեն նշվում։ Թեև հոդվածի գլխավոր նկարում Գագիկ Սուրենյանն է, սակայն տեքստում որևէ հղում չկա։ 

Գաղտնիք չէ, որ շատերի շրջանում Գագիկ Սուրենյանը հանրաճանաչ է եղանակի հետ կապված հարցերով և նրան հետևում են կանխատեսումներին ծանոթանալու համար։

Ֆեյսբուքի էջում Գագիկ Սուրենյանի վերջին հրապարակումը եղել է հոկտեմբերի 2-ին։ Սուրենյանը գրել է, որ հաջորդ օրվանից 10 օր փոքրիկ ամառ է լինելու, որևէ հիշատակում չկա ձմռան մասին։

Էկրանապատկերը՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի կայքում ևս հասանելի է միայն առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։ 

Չնայած, որ գրառմանը կցված հոդվածում նշվում է, որ ջերմաստիճանը կարող է բարձրանալ 30 աստիճանով, այնուամենայնիվ, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի կայքում առաջիկա 5 օրերին մինչև 30 աստիճան ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում։

Ի՞նչ է հայտնի գրառումը տարածող էջերի մասին

Այս «լուրը» տարածել են ֆեյսբուքում 132 հազար հետևորդ ունեցող «Օրվա լուրեր», 81 հազար հետևորդ ունեցող  «Կանանց անկյուն», 80 հազար հետևորդ ունեցող «Մայր Հայաստան» և այլ ֆեյսբուքյան էջեր։

Գրառումը տարածող ֆեյսբուքյան էջերից որոշները փոխկապակցված են։ Դրանք վայրկյանների տարբերությամբ նույն գրառումներն են տարածում։ Գրառումների հետ կցված են պարբերաբար կեղծ լուրեր տարածող hraparaknews.am և erevanblog.am կայքերը, որոնց կապի մասին #CivilNetCheck-ն արդեն գրել է։ 

Էկրանապատկերը՝ կեղծ գրառումներ տարածող ֆեյսբուքյան էջերից

Այսպիսով, տարածվող գրառումը ջերմաստիճանի կտրուկ բարձրացման վերաբերյալ կեղծ է։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում