Գլխավոր Լրահոս

Պարեկների որոշումները մշտապես չեղարկվում են հօգուտ քաղաքացիների՞. պատգամավորի ակնարկի հետքերով

Պարեկների որոշումները մշտապես չեղարկվում են հօգուտ քաղաքացիների՞. պատգամավորի ակնարկի հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ազգային ժողովի հոկտեմբերի 1-ի նիստին հայտարարեց. «Բազմաթիվ դեպքեր կան, երբ քաղաքացիները բողոքարկել են պարեկների կայացրած որոշումները, և հօգուտ քաղաքացիների վճիռներ են կայացվել։ Ես էդպիսի դեպք չգիտեմ, որ հօգուտ քաղաքացու վճիռ կայացված չլինի»։

Ընդդիմադիր պատգամավորն այս մասին նշեց պարեկային ծառայողների կրթության վերաբերյալ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանին ուղղված հարցի ընթացքում՝ խնդրելով փոխնախարարին պարեկների որոշումների բողոքարկման վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացնել։

Արձագանքելով Խամոյանի հարցին՝ ՆԳ փոխնախարարն ուղղակիորեն հերքեց պատգամավորի պնդումը՝ չներկայացնելով վիճակագրական տվյալներ. «...և հօգուտ քաղաքացիների բոլոր ակտերը կայացնելու մասով ես ստիպված եմ նշելու, որ նման իրողություն մենք չունենք»։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել և ներկայացնում է վերջին տարիներին պարեկային ծառայության կայացրած իրավախախտման արձանագրությունների և դրանց բողոքարկման վիճակագրական տվյալները։

Ի՞նչ է ասում վիճակագրությունը

Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ վերջին տարիներին նկատվում է ինչպես պարեկային ծառայողների կողմից արձանագրված խախտումների, այնպես էլ դրանց դեմ քաղաքացիների բողոքարկումների և դատական հայցերի թվի աճ։

Պարեկային ծառայության գործարկումից ի վեր՝ 2021-ի հուլիսից մինչև 2024-ի սեպտեմբեր, պարեկների կողմից արձանագրվել է ընդհանուր շուրջ 1 673 000 իրավախախտում:

Քաղաքացիների կողմից վերադասության կարգով բողոքարկվել է մոտ 37 000 որոշում` արձանագրված իրավախախտումների ընդամենը 2%-ը։ Բեկանվել կամ անվավեր է ճանաչվել պարեկների կազմած 8 278 արձանագրություն, այսինքն՝ բավարվել է բողոքարկման դիմումների միայն 22%-ը։ 

Ուշագրավ է, որ դատարանի միջոցով բողոքարկվել է պարեկային ծառայողների որոշումների միայն 0,7%-ը, բավարարվել` 0,2%-ը:


Պարեկային ծառայությունը 2021-ի հուլիսից սկսեց գործել Երևանում, 2022-ից՝ Շիրակի ու Լոռու մարզերում, 2023-ի տարեկսզբից՝ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, իսկ 2023-ի տարեվերջից նաև Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։

Հայաստանում պարեկային ծառայության փուլային ներդրմանը զուգահեռ արձանագրվեց իրավախախտումների արձանագրման էական աճ: Եթե 2019-ին Ճանապարհային ոստիկանությունը արձանագրել էր 428 000, 2020-ին՝ 351 000 իրավախախտում, ապա 2021-ին պարեկային ծառայության փուլային ներդրման գործարկումից հետո արձանագրվել է շուրջ 392 000, իսկ 2022-ին՝ ավելի քան 504 000 իրավախախտում։

Արդեն 2023-ին և 2024-ին (9 ամիսներին), երբ պարեկային ծառայությունն արդեն ամբողջությամբ փոխարինել է ՃՈ-ին, գրանցվել է, համապատասխանաբար, շուրջ 646 000 և 647 000 իրավախախտում։

Նշված տարիներին արձանագրված խախտումներին զուգահեռ աճել է նաև դրանք վերադասության կարգով բողոքարկելու քաղաքացիների դիմում-բողոքների թիվը. 2021-ի հուլիս-դեկտեմբերին քաղաքացիների կողմից բողոքարկվել է արձանագրությունների 1,5%-ը, 2022-ին՝ 2%-ը, 2023-ին՝ 2,2%-ը և 2024-ի հունվար-սեպտեմբերին՝ 2,5%-ը։

Համեմատության համար՝ Ճանապարհային ոստիկանության դեպքում բողոքարկման ցուցանիշներն ավելի ցածր էին. 2019-ին բողոքարկվել է խախտումների ընդամենը 0,1%-ը, 2020-ին՝ 1,2%-ը, 2021-ին և 2022-ին՝ 0,6%-ը։

Ստացվում է, որ քաղաքացիները սկսել են վերադասության կարգով ավելի շատ բողոքարկել արձանագրված իրավախախտումները, ինչը կարող կապված լինել նաև 2020-ին տուգանքները դատական կարգով բողոքարկման պետական տուրքի վճար սահմանման հետ։

Սակայն չնայած բողոքարկման թվի աճին՝ հարաբերական առումով բեկանված և անվավեր ճանաչված արձանագրությունների տոկոսը նվազել է. 2022-ին վերադասության կարգով բավարարվել է քաղաքացիների դիմումների 32%-ը, 2023-ին՝ 25%-ը և 2024-ի հունվար-սեպտեմբերին՝ ընդամենը 14%-ը:

Դատարանները բավարարում են բողոքների մոտ 60%-ը

Ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության ծառայողների կազմած իրավախախտումների արձանագրությունները դատական կարգով բողոքարկելու հայցերի դինամիկան գրեթե չի փոխվել և 2019-ից շարունակում է մնալ 0,2 - 0,4%-ի սահմաններում։Վարչական դատարանը բավարարում է պարեկային ծառայողների կայացրած վարչական ակտերի չեղարկման հայցերի մոտ 60%-ը. 2021-ին բավարարվել է քաղաքացիների դիմումների 57%-ը, 2022-ին՝ 63%-ը, 2023-ին՝ 61%-ը։ 

2024-ի առաջին ինը ամիսներին դատարանը բավարարել է հայցերի 33%-ը և մերժել 9%-ը, սակայն հայցերի գերակշիռ մասի վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։Այսպիսով, պարեկային ծառայողների արձանագրած իրավախախտումների չնչին՝ մոտ 2%-ը բողոքարկվում է վերադասության կարգով, իսկ դատական կարգով՝ մոտ 0,6%-ը։ Դատարանը հօգուտ քաղաքացիների է վճռում դատարան հասած գործերի շուրջ 60% դեպքերում, որը կազմում է պարեկների արձանագրած իրավախախտումների 0,2%-ը։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում