Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գովազդներ՝ «Արագ և ապահով ֆինանսավորում 48 ժամում» վերտառությամբ։
Կապ հաստատելուց հետո սկզբում առաջարկում են վարկ տրամադրել, բայց հետո հայտնում են, թե չեն կարող նշված գումարը տրամադրել, փոխարենն առաջարկում են առցանց աշխատանք՝ եկամտի խոստումով։
#CivilNetcCheck-ը պարզեց, որ գրառումների և գովազդների նպատակը իրականում օգտատերերի անձնական տվյալների հավաքումն է։
Ո՞ր էջերն են տարածում գրառումը
Գրառումները տարածվում են «Արագ և ապահով ֆինանսավորում Հայաստանում 48 ժամում» անվանումով ֆեյսբուքյան էջերի միջոցով։
Գրառումները մեկնաբանել են արտասահմանյան անուն ազգանունով կեղծ օգտատերերը, որոնք գրել են, թե որքան գումար են ստացել։ Հայկական անուն ազգանունով մեկ օգտատեր կար, որը չպատասխանեց մեր նամակին, իսկ էջն ակնհայտորեն կեղծ էր, քանի որ հրապարակված էր ընդամենը մեկ լուսանկար և որևէ այլ ակտիվություն չկար։

Իսպանական բանկի անունից գրառումներ՝ գումար ստանալու խոստումով
Գումարը ստանալու համար ֆեյսբուքյան էջերն առաջարկում են թողնել WhatsApp-ի կամ Viber-ի համարը։ Կապ հաստատելով և զրույցը տեղափոխելով հաղորդագրության այլ հարթակներ՝ ուղարկում են վարկի պայմանագիրը։ Ուղարկված պայմանագրում որպես բանկ նշված է իսպանական CAIXABANK-ը, չկա որևէ կնիք կամ ստորագրություն բանկից, իսկ լուսանկարն իրականում խմբագրված է (photoshop)։

Ավելի ուշ, սակայն, նշում են, որ չեն կարող գումար տրամադրել, բայց փոխարենն առաջարկում են առցանց աշխատանք Ղազախստանում։ Իսկ աշխատանքն անելու համար պետք է գրանցված լինել կրիպտոարժույթի փոխանակման Binance հարթակում։
Հարթակում գրանցվելուց հետո զեղծարարները պահանջում են ուղարկել անձնագրի և նույնականացման քարտի լուսանկարը՝ իբր ինքնությունը հաստատելու։

Իրականում 48 ժամում վարկ տրամադրելու վերաբերյալ գրառումները որպես խայծ են օգտագործվում անձնական տվյալներ հավաքելու համար։ Բանկերը կամ վարկային կազմակերպություններն առցանց վարկեր տրամադրում են առնվազն բանկի հավելվածի կամ պաշտոնական էջի միջոցով, այլ ոչ ֆեյսբուքյան և սոցիալական այլ ցանցերի կասկածելի էջերով։
Այսպիսով, տարածվող գրառումը, թե 48 ժամում հնարավոր է արագ ֆինանսավորում ստանալ, կեղծ է։
CivilNetCheck
Civilnet











