Գլխավոր Լրահոս

Գալկինի, Կիրկորովի և Պուգաչովայի դեփֆեյքերը զենք՝ խարդախների ձեռքում  

Գալկինի, Կիրկորովի և Պուգաչովայի դեփֆեյքերը զենք՝ խարդախների ձեռքում  

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ, որոնք խոստանում են օգնել քաղաքացիներին վերադարձնել կեղծ բրոքերների և ֆինանսական խարդախների կողմից գողացված գումարները։

Այս գովազդներում, որոնք թիրախավորում են հայաստանցի օգտատերերին, օգտագործվում են հայտնի անձանց, այդ թվում՝ ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներ՝ Ալլա Պուգաչովայի, Ֆիլիպ Կիրկորովի, Միխայիլ Գալուստյանի և այլոց մասնակցությամբ կեղծ տեսանյութեր՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։

CivilNetCheck-ը ուսումնասիրել է այս գովազդները և բացահայտել, որ դրանք իրականում նոր տեսակի ֆինանսական խարդախության փորձեր են:

Խոսում են հայտնի դեմքերի դիփ-ֆեյքերը

Տարածվող կեղծ տեսանյութերից մեկում ռուսաստանցի հայտնի հաղորդավար Մաքսիմ Գալկինն իբր պատմում է, թե խարդախների զոհ է դարձել, և որ իրեն օգնած իրավաբանական թիմը «ընդամենը յոթ օրում և առանց կանխավճարի» վերադարձրել է գողացված միջոցները։

Շրջանառվող մեկ այլ՝ արդեն հայազգի հումորիստ Միխայիլ Գալուստյանի պատկերի և ձայնի օգտագործմամբ կեղծ տեսանյութում նա իբր պատմում է 200,000 դոլարի կորստի և դրա վերադարձի մասին՝ խորհուրդ տալով դիմել «Legal & More» կոչվող իրավաբանական ընկերությանը։

Հայտնի աստղեր Կիրկորովի և Պուգաչովայի «մասնակցությամբ» կեղծ տեսանյութերում ևս կրկնվում է սցենարը՝ նրանք իբր կորցրել են հարյուր հազարավոր դոլարներ ներդրումներում, սակայն իրավաբանական ընկերություններն օգնել են այդ գումարները վերադարձնել։

Այս բոլոր կեղծ տեսանյութերում հայտնիների ձայնը և շրթունքների շարժը գեներացվել է արհեստական բանականության միջոցով։ Տեսանյութերից առանձնացված կադրերի հակադարձ որոնումը հայտնաբերում է բնօրինակ տեսանյութերը, որոնք խարդախները օգտագործել են կեղծ տարբերակների ստեղծման համար։

Այսպես, Ալլա Պուգաչովայի հարցազրույցի բնօրինակ տեսանյութը հրապարակվել է 2018-ի հուլիսին։ Դրանում հայտնի երգչուհին պատմում է իր երաժշտական կարիերայի և անձնական կյանքի մասին, բայց ոչ ներդրումների և գումարի հետվերադարձի։

Նույն կերպ՝ Գալկինի կադրերը վերցված են 2023-ի հոկտեմբերին նրա հրապարակած տեսանյութից, Գալուստյանինը՝ 2023-ի հուլիսի, իսկ Կիրկորովինը՝ 2023-ի դեկտեմբերի հարցազրույցից։ 

Ինչպե՞ս է գործում խարդախության սխեման

Կեղծ տեսանյութերով գովազդների վրա սեղմելու դեպքում բացվում է հայտի լրացման պատուհան, որտեղ պահանջվում է նշել անձնական տվյալներ՝ իբր թե գումարի վերադարձի գործընթացը սկսելու համար:

Այնուհետև խարդախները զանգահարում են զոհին և ներկայանալով որպես իրավաբաններ՝ խոստանում են «հետաքննություն իրականացնել» և վերադարձնել կորցրած գումարները։ Որոշ ժամանակ անց նրանք հայտնում են զոհին, թե կորցված միջոցները հայտնաբերվել են, և տարբեր պատրվակներով պահանջում են, որ զոհը գումար փոխանցի: Հաճախ որպես պատրվակ են բերում գումարի վերադարձի միջնորդավճարը կամ այլ մտացածին վճարներ: Սակայն վճարում կատարելուց հետո գումարի որևէ վերադարձ այդպես էլ չի արվում։ 

Խարդախները շարունակում են կատարելագործել իրենց մեթոդները՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաներ և հայտնի մարդկանց կերպարներ, ուստի պետք է առավել զգոն լինել և չվստահել նման կասկածելի տեսանյութերի:

Նշենք, որ նմանօրինակ խարդախությունների տարածման համար ավելի վաղ զեղծարարները օգտագործել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գործարար Ռուբեն Վարդանյանի, դերասան Գարիկ Մարտիրոսյանի, Ինտերպոլի և ՀՀ ոստիկանության, ինչպես նաև շարքային քաղաքացիների տեսանյութեր։ CivilNetCheck-ը արդեն բազմիցս անդրադարձել է առցանց խարդախությունների և «կեղծ իրավաբանների» զեղծարարություններին, որտեղ մանրամասն ներկայացրել է խարդախների կիրառած մեթոդները:

Տես՝ «Կեղծ իրավաբանները գումար են կորզում՝ խոստանալով վերադարձնել կորցրած ներդրումները»

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող՝ կորցրած գումարները վերադարձնելու խոստումով գովազդները կեղծ են և կարող են հանգեցնել նոր ֆինանսական կորուստների:

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում