Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ առցանց աշխատանքի վերաբերյալ։ Թեև գրառումներում առաջարկում եմ բարձր աշխատավարձ, սակայն իրականում այս աշխատանքը խայծ է գումարներ կորզելու և նույնիսկ անվճար աշխատեցնելու համար։
Ինչպե՞ս են տարածվում գրառումները
Աշխատանքի վերաբերյալ գրառումները տարածվում են Deschedraville անվանումով ֆեյսբուքյան էջի միջոցով, բայց գործատուն և աշխատավարձի չափը տարբեր հայտարարություններում տարբեր են: Գրառումներում նշված է ebay-ի, Amazon-ի, Wildberries-ի և հայտնի այլ ընկերությունների անուններ։ Բոլոր գովազդային գրառումները ստեղծվել են հոկտեմբերի 20-ին կամ 22-ին։
Գրառումները տարածվում են նույն վերտառությամբ, բայց որևէ կապ չունեն կցված նկարի և հղման բովանդակության հետ, որտեղ առցանց աշխատանք է առաջարկվում։

Իսկ գովազդային գրառումները տարածող ֆեյսբուքյան էջը ստեղծվել է ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 17-ին։

Ի՞նչ է իրականում ենթադրում առցանց աշխատանքը
Ֆեյսբուքյան գրառմանը կցված հղումը տանում է WhatsAPP հարթակ, որտեղ առաջարկում են miraviao.vip կայքում գնումների հետ կապված առաջադրանքներ անել ու դրա դիմաց գումար ստանալ։ Կայքում գրանցվելուց հետո հաշիվը լիցքավորվում է 1000 դրամով, առաջադրանքները կատարելուց հետո գումարն ավելանում է՝ տպավորություն ստեղծելով, թե օգտատերն իսկապես գումար է աշխատում։

Ավելի ուշ զեղծարարներն ուղարկում են էկրանապատկերներ (screenshot) բանկային փոխանցումներից՝ ցույց տալու, որ ուրիշներն առցանց աշխատանքի համար վարձատրվել են։

Առցանց աշխատանքի դիմաց, սակայն, աշխատողը գումար չի ստանում, քանի որ զեղծարարներն ուղարկում են բանկային քարտի հաշվեհամար և պահանջում լիցքավորել հաշիվը, որպեսզի հնարավոր լինի շարունակել աշխատանքն ու հետագայում դրա դիմաց ավելին ստանալ։

Տեսականորեն ֆինանսական խարդախության զոհը երբեմն կարող է փոքր գումարներ հանել կայքի իր հաշվեկշռից։ Սակայն համակարգն այնպես է աշխատում, որ զոհերին մշտապես մի փոքր գումար է պակասում «վաճառքի շրջանը» փակելու համար, և նրանք ստիպված կլինեն ավելի ու ավելի շատ գումար ուղարկել, որպեսզի չկորցնեն նախկինում ներդրված գումարները։
Որոշ պահի, երբ ուղարկված գումարը բավականին մեծ կլինի, զեղծարարները այլևս գումար հետ չեն ուղարկի: Խաբեության այս մարտավարությունը կոչվում է «խոզերի սպանդ», երբ զոհին վճարումներով գայթակղում են կատարելու ավելի մեծ ներդրումներ, ինչպես խոզերին են բթում մորթելուց առաջ:
Նույն կերպ՝ առցանց հարթակներում որոշակի առաջադրանքների դիմաց գումար առաջարկող այլ կեղծ հայտարարություններին #CivilNetCheck-ն անդրադարձել է նախորդ հոդվածներում։
Այսպիսով, սոցցանցերով հեշտ գումար առաջարկող հայտարարություններին դիմելիս համոզված եղեք, որ «աշխատանքի» արդյունքում գումար չեք կորցնելու։
CivilNetCheck
Civilnet











