Գլխավոր Լրահոս

Կրկնվող կեղծ գրառումներ՝ Աննա Հակոբյանի՝ Hermès-ին նման պայուսակի վերաբերյալ

Կրկնվող կեղծ գրառումներ՝ Աննա Հակոբյանի՝ Hermès-ին նման պայուսակի վերաբերյալ

Հայկ Հովհաննիսյան

Համացանցում և լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են բազմիցս հերքված, ակնհայտ կեղծ, որևէ կերպ չհիմնավորված պնդումներ և նյութեր, որոնք ոչ միայն աղավաղում են հանրային կարծիքը, այլև կեղծ նարատիվների և քննարկումների առիթ են դառնում։ Այս լուրերը հանրությանը շեղում են առավել կարևոր, առողջ և կենսական հարցերից ու խնդիրներից՝ փաստացի ուշադրությունը կենտրոնացնելով անարժեք և ուռճացված կեղծ թեզերի վրա։

Սոցցանցերում հոկտեմբերի 22-ին տարածվել են գրառումներ, որոնք պնդում են, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրում է ֆրանսիական հայտնի Hermès բրենդի արտադրության 83,000 եվրո արժողությամբ Mini Picnic Kelly պայուսակ:

Տասնյակ օգտատերեր տարածել են այս տեղեկությունը, այդ թվում՝ քաղաքագետ Արա Պապյանը, որը գրել է. «Չեմ հավատում, որ այս ծղոտե զամբյուղն այդքան արժի [...]»: Պապյանի այս գրառումը արտատպել են hayeli.am, lurer.com,  և լրատվական այլ կայքեր։

Մինչդեռ, այս տեղեկությունն արդեն իսկ հերքվել էր նախկինում։ 

Ի՞նչ են պնդում

Հրապարակումներում օգտագործված է Աննա Հակոբյանի էջում հոկտեմբերի 21-ին հրապարակված տեսանյութից կադր, որտեղ երևում է նրա՝ սեղանին դրված ծղոտե պայուսակը: Հրապարակումների հեղինակները պնդում են, թե այն Hermès բրենդի թանկարժեք պայուսակ է, որի գինը տատանվում է 50,000-ից 100,000 եվրոյի սահմաններում:

Իրականում պայուսակը հայկական SirQochar բրենդի է և արժե 35,000 դրամ (մոտ 85 եվրո): Թեև պայուսակն արտաքնապես նման է Hermès-ի մոդելին, կան էական տարբերություններ՝ ծղոտի հյուսվածքի տեսակն ու ձևը, լրացուցիչ թոկի առկայությունը և այլն:

Ինչպե՞ս սկսվեց ապատեղեկատվության տարածումը

Այս կեղծ տեղեկատվությունը սկսել է տարածվել դեռևս սեպտեմբերին, երբ MediaHub լրատվական կայքը հրապարակեց հոդված՝ պնդելով, թե Աննա Հակոբյանի պայուսակը Hermes-ի White Mini Kelly Picnic մոդելն է, որի գինը 40,000-100,000 դոլար է:

Հրապարակումը արտատպել էին լրատվական մի շարք կայքեր (1,  2, 3)։ Տեսանյութերը, որոնցում տարածվել է այս կեղծ տեղեկատվությունը, սոցիալական ցանցերում հավաքել են ավելի քան կես միլիոն դիտում (1, 2, 3, 4, 5, 6):

Աննա Հակոբյանը քանիցս հայտարարել է, որ կրում է բացառապես հայ դիզայներների արտադրանքը: Սեպտեմբերյան աղմուկից հետո նա ֆեյսբուքյան էջում հրապարակեց իր հագուստի տասնյակ լուսանկարներ՝ նշելով, որ բոլոր միջոցառումներին կրում է միայն հայ դիզայներների հեղինակած հագուստ:

Այսպիսով, սոցցանցերում տարածվող պնդումները Աննա Հակոբյանի «թանկարժեք Hermès պայուսակի» մասին, թեև արդեն իսկ հերքվել են, սակայն շարունակվում են տարածվել։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում