Գլխավոր Լրահոս

Հին և մոլորեցնող լուրեր՝ ՎՏԲ բանկի և երեխա ունեցող ընտանիքներին պետական աջակցության մասին 

Հին և մոլորեցնող լուրեր՝ ՎՏԲ բանկի և երեխա ունեցող ընտանիքներին պետական աջակցության մասին 

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջեր տարածում են «երկար սպասված լուր»՝ հայտարարելով, թե կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում բոլոր այն ընտանիքներին, որոնք ունեն թեկուզ մեկ անչափահաս երեխա։

Սոցցանցերում այս էջերը տարածում են նաև «շտապ» լուրեր ՎՏԲ բանկի մասնաճյուղերի փակման և այլ թեմաների վերաբերյալ։ Այս լուրերը հին են, սակայն ֆեյսբուքյան էջերը դրանք տարածում են որպես նորություն՝ ապակողմնորոշելով օգտատերերին։ 

#CivilNetCheck-ը մանրամասն ուսումնասիրել է այս հրապարակումները և դրանք տարածող փոխկապածված էջերի ցանցը։

Հին տեղեկությունների նոր շրջանառություն

Երեխա ունեցող ընտանիքներին տրվող աջակցության մասին գրառմանը կցված է 2023-ի դեկտեմբերին հրապարակված հոդված, որում նշվում է, թե կառավարության նիստին որոշում է ընդունվել երեխա ունեցող ընտանիքիների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության մասին։ 

Այս որոշումը նույնիսկ 2023-ի դեկտեմբերին չի ընդունվել։ Կառավարությունն այն ընդունել է դեռևս 2020 թվականի մայիսին։ Սակայն ֆեյսբուքյան էջերը այն ներկայացնում են որպես նոր լուր՝ թյուր տպավորություն ստեղծելով, թե ծրագիրը նոր է և վերաբերում է բոլոր ընտանիքներին։

Մինչդեռ, միայն մեկ անչափաս երեխան էլ բավարար չէ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ 

Ե՛վ կառավարության 2020-2023 թթ․, և՛ գործող՝ 2024-2026 թթ․ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը ունեն մի քանի բաղադրիչ, ըստ որոնց՝ անհրաժեշտ է ունենալ առնվազն երկու անչափահաս երեխա կամ էլ նորածին։ Մանրամասները՝ կառավարության որոշման մեջ։ 

Հին լուրեր՝ «շտապ» պիտակով

Նույն էջերը «ՇՏԱՊ ԼՈՒՐ» վերնագրով դիմում են ՎՏԲ բանկի հաճախորդներին՝ հայտնելով ցավալի լուր։ 

Կցված հոդվածում, սակայն, ներկայացնում են ՎՏԲ բանկի մասնաճյուղերի փակման մասին 2022 թվականի հունիսի լուրը՝ այն ներկայացնելով որպես նոր իրադարձություն:

Այս էջերը պարբերաբար են հրապարակում  նմանատիպ հին, ժամանակավրեպ կամ կեղծ տեղեկություններ սահմանային միջադեպերի, երկրում տարերային աղետների և պետության սոցիալական ծրագրերի մասին։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը բացահայտել է, որ այս էջերը փոխկապակցված են։ Դրանք րոպեների տարբերությամբ տարածում են նույնական բովանդակություն և հղումներ են կատարում միևնույն կայքերին։

Այս կայքերը իրական լրատվամիջոցներ չեն. դրանց բովանդակությունը կա՛մ վերցված է այլ լրատվամիջոցներից և ներկայացվում է աղավաղված, կա՛մ ամբողջությամբ մտացածին է։

Խուճապային և սենսացիոն վերնագրերի նպատակն է դրդել օգտատերերին սեղմել կցված հղումների վրա՝ դիտումներ ապահովելով այդ կայքերի համար։ #CivilNetCheck-ի հետ զրույցում կայքերից մեկի սեփականատերը հաստատել է, որ այդ կայքերը վաճառվում են՝ հիմնվելով դրանց այցելությունների քանակի և եկամտաբերության վրա։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում