Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում և լրատվամիջոցներում լայն տրածում են ստացել գրառումները, թե Հայաստանում Արցախի նուռ է վաճառվում։ Ըստ գրառման՝ նուռը բերվում է Ադրբեջանից՝ Վրաստանով։ Պնդում կար նաև, թե այս տեղեկությունը կեղծ է, քանի որ Հայաստանում աճեցված նուռը լիարժեք բավարարում է ներքին պահանջարկը։
#CivilNetCheck-ը գնացել է այս պնդումների հետքերով։
Արցախի նռան հետ կապված գրառումները
Տեղեկությունը տարածել էր երգչուհի Սոնա Ռուբենյանի մայրը՝ Արմինե Սարգսյանը։ Նա հոկտեմբերի 18-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր լուսանկար, որում երևում էր արկղերի մեջ լցված նուռ՝ «Ղարաբաղ» գրությամբ։ Լուսանկարը Սարգսյանը տարածել էր՝ գրելով՝ «հարցնում եմ վաճառողին՝ Էս ինչպե՞ս, թե բա՝ Վրաստանով է գալիս»։

Սոցցանցերում գրառումները տարածվում էին նաև «Արցախի նուռ են վաճառում, շահույթը գնում է թշնամու գրպանը» ձևակերպումներով։
Տարածվող գրառումներին հակադարձել էր լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Իրականում Հայաստանի շուկաներում ու խանութներում չկա, գոյություն չունի Արցախից բերված նուռ։ Նախ նրա համար, որ Հայաստանում աճեցված նուռը լիարժեք բավարարում է ներքին պահանջարկը, և ամենևին կարիք չկա Վրաստանից նուռ ներկրելու»։
Նռան շուկան Հայաստանում ինքնաբավ չէ. նուռ ներմուծվում է
#CivilNetCheck-ը Պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվել էր, թե սեպտեմբերի սկզբից ի վեր Վրաստանից որքա՞ն նուռ է ներկրվել Հայաստան և որո՞նք են եղել Վրաստանից ներկրված նռան ծագման երկրները։
Հարցմանն ի պատասխան կոմիտեից հայտնել են, որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից Հայաստան է ներմուծվել 212,5 տոննա նուռ, որից 134,2 տոննան՝ թուրքական ծագման, 78,3 տոննան՝ վրացական։

ՊԵԿ-ից նաև #CivilNetCheck-ին հայտնեցին, որ անձնական օգտագործման համար ֆիզիկական անձը՝ առանց ապրանքը մաքսազերծելու, կարող է մինչև 10 կգ նուռ բերել Հայաստան։
Ստացվում է, որ Նաիրի Հոխիկյանի պնդումը, թե Հայաստանը նուռ չի ներկրում, և աճեցված նուռը լիարժեք բավարարում է ներքին պահանջարկը, սխալ է։ Փաստացի՝ Հայաստանը ներկրում է նուռ Վրաստանից, բայց այնտեղից ներկրված նռան ծագման երկիրը Վրաստանն ու Թուրքիան են և ոչ Ադրբեջանը։
Հնարավո՞ր է ծագման երկիրը փոխել
Ըստ բաց աղբյուրների՝ Վրաստանը նուռ ներկրում է հիմնականում Թուրքիայից և Ադրբեջանից, սակայն ունի նաև սեփական արտադրությունը։
ՊԵԿ-ից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավո՞ր է փոխել ծագման երկիրը և Ադրբեջանից բերված նռան ծագման երկիրը նշել Վրաստանը, ինչին ի պատասխան հայտնեցին. «Տեսականորեն հնարավոր է անօրինական ճանապարհով, բայց դա ենթադրում է քրեական պատասխանատվություն»։
Այս հարցով խոսեցինք նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ հետաքրքրվելով՝ հնարավոր է, որ Արցախի նուռն Ադրբեջանից արտահանվի Թուրքիա, ապա Վրաստան և այնտեղից Հայաստան։ Նա նշեց, որ տնտեսական տրամաբանություն, նպատակահարմարություն չկա այդ պարագայում։
«Ադրբեջանից Թուրքիա, ապա Վրաստան գնալու դեպքում տրանսպորտային ծախսն այնքան մեծ կլինի, որ նռան գինը կարող է 3000-4000 հազար դրամ կազմել»,- ասաց Պարսյանը։
Հայաստանում Լեռնային Ղարաբաղից բերված նռան վաճառքի լուրերը տարածում էին ստացել նաև ադրբեջանական լրատվամիջոցներում։ Վերջիններս մեկնաբանություն էին վերցրել Ադրբեջանի Նուռ արտադրողների և արտահանողների ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Ֆարհադ Գարաշովից, որը կարծիք էր հայտնել էր, թե հայերը կարող էին նման հնարք օգտագործել՝ վաճառքը մեծացնելու նպատակով։ Նա չէր բացառել, որ ադրբեջանական մրգեր կարող են հայտնվել հայկական շուկայում վերարտահանման միջոցով։
Լրատվամիջոցները գրել են նաև, որ ներկայում ղարաբաղյան նուռն ուղղակիորեն չի արտահանվում այլ երկրներ, սակայն ապագայում նման ակնկալիքներ կան։
CivilNetCheck
Civilnet











