Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում հոկտեմբերի 29-ին սկսեցին տարածվել հրապարակումներ Լոս Անջելեսում բնակվող երգիչ Հարություն Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի առողջական վիճակի իբր կտրուկ վատթարացման և անգամ մահվան մասին։ Մի շարք սունկ կայքեր, ինչպիսիք են՝ erevanblog.am, hraparaknews.am և vendeto.am, միաժամանակ հրապարակեցին տարբեր սենսացիոն վերնագրերով նյութեր արտիստի մահվան մասին՝ «Հարութն էլ չկա. Տխուր լուրեր ենք ստանում Ամերիկայից», «Ասացին՝ բան չկա, կանցնի, բայց տեսնում եմ, որ վատ է»։

Մինդչեռ այս տեղեկությունները կեղծ են և ամբողջովին հորինված։
Ինչ են պնդում կեղծ հրապարակումները
Սունկ կայքերի հրապարակումներում, որոնք սոցցանցերում ակտիվորեն տարածվում են հարյուր հազարավոր հետևորդներ ունեցող կեղծ էջերի միջոցով, պնդում է արվում, թե երգիչը շտապ հոսպիտալացվել է, և նրա վիճակը ծանր է։
Հորինված հոդվածներում կեղծ մեջբերումներ են վերագրվում հայտնի դերասաններ Անի Երանյանին, Հրանտ Թոխատյանին, երգչուհի Սիրուշոյին և այլ հայտնիների։«Հարութը հանկարծակի ձեռքը դրեց սրտին ու սկսեց դժվարությամբ շնչել»,- այսպիսի դրամատիկ խոսքեր են վերագրվել դերասանուհի Անի Երանյանին։

Փամբուկչյանն իրականում ողջ է և նոր երգեր է ձայնագրում
#CivilNetCheck-ը կապ է հաստատել Հարություն Փամբուկչյանի մենեջերի հետ, որը հերքել է երգչի առողջական վատ վիճակի հետ կապված լուրերը։
«Նա ոչ միայն կենդանի է, այլև լիովին առողջ է և ոչ մի խնդիր չունի։ Եթե ստուգեք Instagram-ում, կտեսնեք շատ հրապարակումներ այս շաբաթվանից, ուրբաթ և շաբաթ օրերի հարսանիքներից։ Նա նաև աշխատում է երեք նոր երգերի և տեսահոլովակների վրա»,- ասել է մենեջերը։

Ինչու են սունկ կայքերը «սպանում» հայտնիներին
Շաբաթներ առաջ նույն էջերը նմանատիպ կեղծ լուրեր էին տարածել նաև դերասան Աշոտ Ղազարյանի մասին։ Այն ժամանակ նրանք գրել էին, թե դերասանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Սակայն դերասանն ինքն անձամբ արձագանքել և հերքել էր այս կեղծ լուրերը՝ հավաստիացնելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է։
Հայտնի մարդկանց պարբերաբար «մահը» գուժող սունկ կայքերը պարզապես փորձում են նմանատիպ կեղծ լուրերով գովազդային եկամուտ ստանալ։ Նրանք օգտագործում են «շտապ լուր», «տագնապալի», «ցավալի» և նմանատիպ գայթակղիչ բառեր՝ օգտատերերի ուշադրությունը գրավելու համար։
Կեղծ կայքերը, խուսափելով արգելափակումից, շարունակ փոխում են իրենց հասցեները և անվանումները։ Նրանք հորինում են հուզական պատմություններ՝ մեկ «սպանելով», մեկ՝ «հերոսացնելով» հայտնի մարդկանց։

#CivilNetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է նմանատիպ կեղծիքներին, որոնք թիրախավորում են հայաստանյան օգտատերերին և տարածվում են հատկապես հայտնի մարդկանց մասին հրապարակումներով։
Այսպիսով, Հարություն Փամբուկչյանի մահվան և առողջական վիճակի վատթարացման մասին սոցցանցերում տարածվող լուրերը կեղծ են։ Նմանատիպ հրապարակումները նպատակ ունեն շահարկել հայտնի մարդկանց անունները՝ գովազդային եկամուտ ստանալու համար։
CivilNetCheck
Civilnet











