Գլխավոր Լրահոս

Որքա՞ն 100 դրամ կա շրջանառության մեջ. քաղաքային իշխանությունների խոստումների հետքերով

Որքա՞ն 100 դրամ կա շրջանառության մեջ. քաղաքային իշխանությունների խոստումների հետքերով

Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 21-ին տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պետք է ունենալ 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ։

Փոփոխությունը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում։ Լրատվամիջոցներում և սոցցանցերում ահազանգում են, թե խանութներում և բանկերում 100 դրամանոցներ չեն մնացել, ինչպես նաև պնդում, թե քաղաքապետարանը լիազորություն չունի նման սահմանափակումներ կիրառելու։

#CivilNetCheck-ը գնացել է այս պնդումների հետքերով։

Բավարա՞ր են արդյոք 100 դրամանոց մետաղադրամները

Քաղաքապետարանի տարածած հայտարարությունից հետո «Հրապարակ» օրաթերթը գրել է. «Մարդիկ վերջին օրերին 100 դրամանոցների որսով են զբաղված՝ խանութներից, բանկերից, կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները»: Ֆեյսբուքում քաղաքացիներն իրենց դժգոհությունն էին հայտնում՝ նշելով, որ խանութներում 100 դրամանոց չկա։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան Կենտրոնական բանկից հայտնում են, որ շրջանառության մեջ գտնվող 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամների զանգվածը ներկայում կազմում է շուրջ 34,6 մլն հատ կամ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ։  

«Կենտրոնական բանկը, ըստ անհրաժեշտության, կարող է և պատրաստ է բավարարել դրանց նկատմամբ ցանկացած ծավալի լրացուցիչ պահանջարկ»,- ասված է ԿԲ-ի պատասխանում:

Սահմանափակումը չի տարածվում մասնավոր ուղևորափոխադրողների վրա

Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ մասնավորապես MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պետք է ունենալ 100 դրամանոց մետաղադրամ կամ կատարել վճարում QR կոդի միջոցով։

Երևանի քաղաքապետարանից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ սահմանափակումը չի տարածվում մասնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա։ Վերջիններիս թիվը, սակայն, մեծ չէ, իսկ հետագայում ուղևորափոխադրումներն ամբողջությամբ իրականացվելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տրանսպորտային միջոցներով։

Քաղաքապետարանի որոշման և օրենքի հետ հակասության մասին

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի որոշումն առ ոչինչ է, քանի որ քաղաքապետարանը լիազորություն չունի որևէ կերպ սահմանափակելու վճարումները։

«Մասնավորապես՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 2-րդ գլխի 4-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել»,- նշված է գրառման մեջ։

Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքում իրոք նշվում է, որ սահմանափակում չի կարող կիրառվել։

Երևանի քաղաքապետարանից #CivilNetCheck-ին հայտնում են, որ որևէ օրենք չեն խախտում, քանի որ տոմս գնելու այլընտրանքային տարբերակներ են թողնված։ Խոսքը QR կոդի մասին է, որը կարելի է ձեռք բերել «Թել-Սել» վճարային տերմինալից և համանուն հավելվածից։ 

Էկրանապատկերը՝ arlis.am-ից

Այնուամենայնիվ, դեռևս 2021-ից Երևանի իշխանությունները խոստանում էին անցում կատարել միասնական տոմսային համակարգի, որը հնարավորություն էր տալու ուղևորներին վճարել ուղեվարձն անկանխիկ եղանակով՝ հեռախոսային հավելվածի, բանկային քարտի, Mifare քարտի և QR կոդ պարունակող մեկանգամյա տոմսերի միջոցով, որը դեռևս իրականություն չի դարձել։ 

Միասնական տոմսային համակարգին անցնելու վերաբերյալ խոստումները

2024-ին քաղաքապետարանը ներկայացրեց հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության մասին նախագիծ, որով առաջարկվում էր տրանսպորտի գինը բարձրացնել սեպտեմբերից։ Նախագծով առաջարկվող փաթեթների մասին #CivilNetCheck-ն արդեն գրել է։ Սեպտեմբերին, սակայն, տրանսպորտի գինը չթանկացավ, քանի որ միասնական տոմսային համակարգին անցնելու ժամկետները երկարաձգվեցին։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ի հունիսի 17-ի գործակարգավարական նիստի ժամանակ ասել էր. «Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ որ նոր ավտոբուսները գալիս են և մտնում են գիծ»։ 

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասել էր, որ սեպտեմբերի վերջին - նոյեմբերի սկզբին նոր ավտոբուսները ժամանելու են Երևան։ Հոկտեմբերի 18-ին Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ավտոբուսների առաջին խմբաքանակը Հայաստանում է։

Արդեն 2024-ի հունիսի 25-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ կգործի հունվարի 1-ից։

Ստացվում է, որ հունվարին ամբողջական միասնական տոմսային համակարգին անցնելու դեպքում ուղևորները կկարողանան վճարել անկանխիկ եղանակով, և 100 դրամ կամ QR կոդով վճարելու սահմանափակումը գործելու է միայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում