Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում կեղծ կայքերն ու էջերը պարբերաբար գուժում են հայտնի դեմքերի «մահվան» կամ «հիվանդության» մասին։ Վերջերս ֆեյսբուքյան էջերը գրառումներ էին տարածում երգչուհի Նունե Եսայանին իբր հիվանդանոց տեղափոխելու մասին։
«Վախ, Նունե, Նունե… ժամեր առաջ հայտնի երգչուհի Նունե Եսայանին տեղափոխել են հիվանդանոց. ինչ է կատարվում»,- գրում էին ֆեյսբուքյան էջերը։
Ըստ ֆեյսբուքյան էջերի՝ Նունե Եսայանին պարբերաբար «ժամեր առաջ» հիվանդանոց են տեղափոխում
Սկզբում ֆեյսբուքյան էջերին կցված կայքում Եսայանի՝ հիվանդանոցում հայտնվելու վերաբերյալ բոլորովին այլ պատճառներ էին նշվում։ Ըստ դրա՝ երգչուհին հիվանդանոցում է հայտնվել տանը ծագած վիճաբանության հետևանքով։
«Ավոն առաջարկել է լիցք քաշել։ Հենց այդ պահին էլ ծագել է լարված վիճաբանություն, որի արդյունքում Նունեն ապտակել է Ավոյին…»,- պատմոմ էին կայքում։

Օրեր անց արդեն ֆեյսբուքյան նույն էջերը շարունակում էին գրառումներ անել երգչուհու հիվանդանոցում հայտնվելու վերաբերյալ՝ չնշելով այնտեղ հայտնվելու պատճառը։
Հատկանշական է, որ պարբերաբար տարածվող գրառումներին կցված կայքերում ամեն անգամ նշվում է, որ ժամեր առաջ են երգչուհուն տեղափոխել հիվանդանոց։ Ստացվում է, որ ըստ ֆեյսբուքյան էջերի, երգչուհուն պարբերաբար «ժամեր առաջ» տեղափոխում են հիվանդանոց։
Ֆեյսբուքյան որոշ էջեր ընդհուպ գրում էին, թե Նունե Եսայանը մահացել է։

Նունե Եսայանի որդին՝ Հենրի Խալաթյանը, #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքեց երգչուհու՝ հիվանդանոցում հայտնվելու վերաբերյալ գրառումները։
Օրեր առաջ ֆեյսբուքյան էջերը կեղծ գրառումներ էին տարածել երգիչ Հարութ Փամբուխչյանի (Ձախ Հարութ) «մահվան» և դերասան Աշոտ Ղազարյանի՝ «հիվանդանոցում հայտնվելու» վերաբերյալ, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Ինչու՞ են ֆեյսբուքյան էջերը գուժում մարդկանց «մահը», «հիվանդանոցում հայտնվելը»
Իրականում հայտնի մարդկանց «մահը» կամ «հիվանդանոցում հայտնվելը» պարբերաբար գուժող սունկ կայքերը պարզապես փորձում են կեղծ գրառումներով կցված կայքերի այցելություններն ապահովել, որպեսզի կարողանան գովազդից եկամուտներ ստանալ։ Դրանք օգտագործում են «շտապ լուր», «տագնապալի», «ցավալի» և նմանատիպ գայթակղիչ բառեր՝ օգտատերերի ուշադրությունը գրավելու համար։
Այսպիսով, երգչուհի Նունե Եսայանի «մահվան», «հիվանդանոցում հայտնվելու» վերաբերյալ գրառումները կեղծ են։ Գրառումների հիմնական նպատակը գրառմանը կցված կայքերի միջոցով գովազդից գումար աշխատելն է։
CivilNetCheck
Civilnet











