Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է Երևանի երկնքում թռչող հսկայական սպիտակ դիրիժաբլ՝ «ԳԱԼԻՍ ԵՆ» գրությամբ։
Կադրում պատկերված է, թե ինչպես է խոշոր դիրիժաբլը շատ ցածր բարձրության վրա սավառնում կառավարության շենքի վերևում։
«Երևանի երկնքում նկատվել է հսկայական օդանավ/դիրիժաբլ» վերտառությամբ տեսանյութը տարածվել է mediahub.am, past.am,pressmedia.am, analytic.am լրատվական կայքերում և տելեգրամյան ալիքներում։
Տեսանյութը՝ Mediahub.am-ի հրապարակումից
Տեսանյութն իրականում կեղծ է և գովազդային հնարք
Մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է, որ տեսանյութում պատկերված դիրիժաբլը մոնտաժված է։ Դիրիժաբլի լուսավորությունը չի համապատասխանում կադրում երևացող այլ օբյեկտների և շենքերի վրա ընկնող լույսին։ Հստակ նկատելի են անբնական ստվերները և արտացոլանքները։
Նման չափերի թռչող սարքն անհնար կլիներ աննկատ թողնել քաղաքի կենտրոնում, սակայն ոչ մի այլ օգտատեր չի հաղորդել դիրիժաբլի մասին։ Համացանցում չի հայտնվել որևէ այլ տեսանյութ կամ լուսանկար Երևանում դիրիժաբլի թռիչքի վերաբերյալ։

#CivilNetCheck-ին հաջողվել է հայտնաբերել տեսանյութի սկզբնաղբյուրը՝ նորաստեղծ ֆեյսբուքյան էջ, որը ներկայանում է որպես չինական ավտոմեքենաներ արտադրող ընկերության հայաստանյան ներկայացուցչություն։ Էջում առկա է միայն այս տեսանյութը։
Ակնհայտ է, որ տեսանյութը գովազդային արշավի բաղկացուցիչ մաս է և միտված է հետաքրքրություն առաջացնել ընկերության կամ ապրանքանիշի նկատմամբ։ Սակայն տեսանյութում բացակայում է որևէ նշում դրա գովազդային բնույթի կամ համակարգչային գրաֆիկայի կիրառման մասին, ինչն էլ տարակուսանք է առաջացնում օգտատերերի շրջանում։
Հետևաբար, Երևանի երկնքում նկատված դիրիժաբլի տեսանյութը կեղծված է։ Տեսանյութը ստեղծվել է համակարգչային գրաֆիկայի միջոցով և գովազդային արշավի մաս է։
CivilNetCheck
Civilnet











