Գլխավոր Լրահոս

Իշխանությունները վաճառե՞լ են «կոնյակ» առևտրային նշանը. ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Իշխանությունները վաճառե՞լ են «կոնյակ» առևտրային նշանը. ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Լրատվամիջոցներում լայն տարածում են ստացել բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանի պնդումները, թե իշխանությունները 3 միլիոն եվրոյով Ֆրանսիային են վաճառել «կոնյակ» առևտրային նշանը։ 

«Մինչև 2021-ը կոնյակ բառը պատկանել է ՀՀ-ին՝ առևտրային նշան է եղել գրանցված, որը այս իշխանությունները [...] կոնյակ առևտրային նշանը վաճառել են Ֆրանսիային 3 մլն եվրոյով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արթուր Չախոյանը։

Չախոյանի հայտարարությունը տարածել են 168.am, oragir.news, mamul.am, asekose.am լրատվամիջոցները և մեծ թվով հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան մի շարք էջեր։ 

#CivilNetCheck-ը գնացել է Արթուր Չախոյանի հայտարարության հետքերով։

Ի՞նչ 3 միլիոնի մասին է խոսքը

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան հրապարակմանը կցել էր ռուսական rbc.ru-ի հղումը, որտեղ նշվում էր, որ Եվրոպական միությունը 3 մլն եվրո կվճարի Հայաստանին՝ կոնյակ անվանումից հրաժարվելու համար։ 

Մինչդեռ, սա երեք տարվա տեղեկություն է։ 

Հայաստանի կառավարությունն իսկապես 2021-ի մայիսին 13-ին որոշում էր ընդունել, որով նախատեսվում էր ԵՄ-ից ստանալ 3 մլն եվրո, որի նպատակն էր՝ «խթանել ՀՀ-ում ծագող ապրանքների համար ԵՄ «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցումը»:

Այս աջակցության տրամադրումը, սակայն, նախատեսված է եղել 2017-ին ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության (CEPA) համաձայնագրի շրջանակում։ 

Էկրանապատկերը՝ ՀՀ-Եվրամիություն Համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագրից

Ի՞նչ է նախատեսում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ԵՄ կանոնադրության համաձայն՝ եթե աշխարհագրական ծագումը և համբավը վերագրվում են արտադրանքին, ապա այն համարվում է պաշտպանված աշխարհագրական նշումով։ Կոնյակ (Cognac) քաղաքը Ֆրանսիայի արևմուտքում է, և միայն այդտեղ արտադրված բրենդին կարող է կրել «կոնյակ» անվանումը։

Դեռ 2017-ին ստորագրված համաձայնագրի (ուժի մեջ է մտել 2021-ին) անցումային դրույթներում մանրամասն անդրադարձ կա «Կոնյակ» անվանման օգտագործմանը: Դրանք սահմանում են փոփոխության հստակ ժամանակացույց։ Ներքին շուկայում հայկական արտադրողները կարող են օգտագործել «կոնյակ» անվանումը ևս 13 տարի՝ միայն հայերեն տառերով գրված և արտադրողի երկիրը հստակ նշելու պայմանով։ Արտահանման համար տրվում է ավելի երկար՝ 24 տարվա ժամկետ, և կրկին՝ միայն ոչ լատինատառ գրությամբ։ 

ԵՄ-ն պարտավորվել է տրամադրել տեխնիկական և ֆինանսական աջակցություն նոր անվանման մշակման և շուկայավարման համար։ Իսկ նախկինում գրանցված ապրանքային նշանները, որոնք պարունակում են «կոնյակ» բառը, պետք է փոփոխվեն կամ չեղարկվեն 14 տարվա ընթացքում։ Համաձայնագիրը նաև երաշխիք է տալիս՝ եթե ԵՄ-ն չապահովի խոստացված աջակցությունը, Հայաստանը կարող է կասեցնել իր պարտավորությունները։ Աջակցության պայմանները պետք է համաձայնեցվեին մեկ տարվա ընթացքում, և աջակցությունը պետք է տրամադրվեր ութ տարվա ընթացքում։ 

Մինչև 2021-ը «կոնյակ» առևտրային նշանը պատկանե՞լ է Հայաստանին

Արթուր Չախոյանն իր գրառման մեջ նշել էր, թե մինչև 2021-ը «կոնյակ» բառը պատկանել է Հայաստանին. որպես առևտրային նշան է գրանցված եղել։

Ըստ Չախոյանի՝ ֆինանսական աջակցությունն ընդուելուց հետո իշխանությունները վաճառել են առևտրային նշանը։

Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչև 2018-ն է Մտավոր սեփականության գրասենյակը գրանցել կոնյակ անվանում պարունակող ապրանքային նշան։

«Մինչև CEPA-ի ընդունումը մենք ունենք ապրանքային նշաններ, հենց կոնյակ չէ, այլ կոնյակ բառը ներառող։ [...] Օրինակ` գրված է` Արտաշատ, Արևաշատ ու տակը գրված հայկական կոնյակ։ [...] Այսինքն՝ կոնյակ բառն ուղղակի ներառված էր ապրանքային նշանում»,- ասաց գրասենյակի ղեկավարը։

Ինչպե՞ս է տարածվել թեման

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օրեր առաջ՝ նոյեմբերի 5-ին, Ազգային ժողովում անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն CEPA-ի ներքո գործող մարմինների հետ աշխատանքին, ասել էր, որ «Բեքբոն» ընկերության հետ աշխատանքներ են տարվում «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ։ Այս ընկերությունը զբաղվում է հայկական կոնյակի վերաբրենդինգով։ 

«Վերջիններս (խմբ. «Բեքբոն» ընկերության) կողմից կատարված ուսումնասիրությունների և առաջարկության արդյունքում՝ հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ առաջարկվել է օգտագործել Armenian brandy անվանումը»,- ասել էր էկոնոմիկայի նախարարը։

Ըստ նախարարի՝ նոր անվանումով «Հայկական բրենդին» ևս գրանցվելու է որպես աշխարհագրական նշում։

Նախադեպեր

Հետաքրքրական է, որ նման քննարկում եղել է նաև 2010-ին։ Այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշում էր ընդունել «Արբուն» և «Բրենդի» բառերն ընդունել որպես բրենդիի ապրանքային անվանում։

Էկրանապատկերը՝ arlis.am-ից

Որ երկրներն են հրաժարվում «կոնյակ» անվանումից

Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, համաձայն Եվրամիության հետ կնքած առևտրային համաձայնագրերի, պարտավորվել են իրենց արտադրած բրենդիի համար այլ անվանումներ ընտրել։ 

Մասնավորապես, Ուկրաինան մինչև 2026-ը կփոխի իր բրենդիի անվանումը՝ հանրային քննարկման միջոցով տարբերակներ ընտրելով, իսկ Մոլդովան արդեն 2013-ին «կոնյակ» անունը փոխարինել է Divin անունով։ Այս սահմանափակումներին են ենթարկվում նաև ԵՄ անդամ բոլոր երկրները։ 

Այսպիսով, Արթուր Չախոյանի պնդումը, թե իշխանությունները վաճառել են «կոնյակ» առևտրային նշանը, մասամբ սխալ է։ Իրականում «կոնյակ» անվանումից հրաժարվելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2017-ին՝ CEPA-ի ստորագրման ժամանակ։ 3 մլն եվրոն ԵՄ-ից ստացվել է որպես աջակցություն՝ վերաբրենդավորման համար, և անվանափոխության գործընթացը աստիճանական է և կտևի մինչև 2043-ը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում