Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ, որոնց հեղինակները ներկայանում են միջազգային բանկի անունից։ Գրառման հեղինակները նշում են, թե վարկ են տրամադրում, հետագայում, սակայն, գումար են պահանջում վարկի դիմաց՝ խոստանալով, որ վարկն ամբողջությամբ մարելուց հետո գումարը հետ է վերադարձվելու։
«Մենք վարկ ենք տալիս առցանց, անկախ նրանից, թե որ երկրում եք դուք, դուք կարող եք հեշտությամբ ստանալ ձեր վարկը առցանց: Խնդրում ենք գրել մեզ՝ ձեր առցանց վարկային հայտը գործարկելու համար»,- նշված է գրառման մեջ:
Ինչպե՞ս է գործում ֆեյսբուքյան էջը
Ֆեյսբուքյան էջին գրելուց հետո պատասխանում են իբր ֆինանսական կազմակերպություն են և համագործակցում են RAIFFEISEN BANK-ի Կոսովոյի մասնաճյուղի և Տոգոյում (երկիր Աֆրիկայում) գտնվող AVISO Insurance Broker ապահովագրական կազմակերպության հետ։ Այնուհետև պահանջում են 75 000 դրամ ուղարկել, ինչն իբր երաշխիք է գումար տրամադրելու համար և վարկը մարելուց հետո ֆինանսական կազմակերպությունը գումարը հետ է վերադարձնելու։ Ստացվում է, որ միջազգային բանկի հետ համագործակցող ֆինասնական կազմակերպությունը պահանջում է գումար փոխանցել Ria Transfer արագ դրամական փոխանցումների համակարգի միջոցով, ինչն առնվազն տարօրինակ է։

Բանկի և ապահովագրական կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում
AVISO Insurance Broker ընկերությունը գործում է Ավստրալիայում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Ավստրալիայի բոլոր վեց նահանգներում, բայց տեղեկատվության բաց աղբյուրներում Տոգոյի կամ Ավստրալիայից դուրս որևէ գրասենյակի կամ կազմակերպության հետ համագործակցության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։
Ինչ վերաբերում է RAIFFEISEN BANK-ին, ապա #CivilNetCheck-ի հարցին ի պատասխան բանկից հայտնում են, որ այն գործունեություն է ծավալում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, և վարկեր չի տրամադրում Հայաստանի քաղաքացիներին։

Այսպիսով, գումար ուղարկելու դեպքում որևէ երաշխիք չկա, որ վարկ կստանաք ու իրականում չեք կորցնի ձեր փոխանցած գումարը։ Իսկ հեշտությամբ վարկ տրամադրելու վերաբերյալ խոստումները կարող են պարզապես խայծ լինել՝ գումար կորզելու համար։
CivilNetCheck
Civilnet











