«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերի 9-ին «Դեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ հայտարարելով, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը ամենաշատ գործուղումների մեկնող պաշտոնյաներից է։
«Այս նախագահական վոյաժները մեր պետության վրա շատ թանկ են նստում, քանի որ Վահագն Խաչատուրյանն արտերկիր մեկնելիս իր հետ 30-35 հոգանոց պատվիրակություն է տանում»,- գրել էր թերթը։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Վահագն Խաչատուրյանի գործողումների մանրամասները՝ համեմատելով նախկին նախագահ Արմեն Սարգսյանի պատվիրակությունների անդամների քանակի ու ծախսերի հետ։
Այցելություններին մասնակցող պատվիրակների թիվը
Նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի կողմից նախագահ է ընտրվել 2018-ի ապրիլի 9-ին և պաշտոնավարել մինչև 2022-ի հունվարի 23-ը։
Արդեն 2022-ի մարտի 3-ի ԱԺ նիստում Հայաստանի նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը։
Այսպես, նախագահի աշխատակազմի տրամադրած տվյալներով՝ արտասահմանյան այցերի ժամանակ առավելագույն թվով պատվիրակության անդամներ են ուղեկցել Արմեն Սարգսյանին 2019-ին՝ 195 հոգի։ Նվազագույնը 2020-ին՝ 61 հոգի, ինչը պայմանավորված էր կորոնավիրուսի համաճարակով։
Ներկա և նախկին նախագահների հետ գործուղումների մեկնած պատվիրակության անդամների թվերը, սակայն, էականորեն չեն տարբերվում։ Արմեն Սարգսյանի հետ պատվիրակության կազմում միջինում տարեկան 12-13 հոգի է մեկնել գործուղման, Վահագն Խաչատուրյանի դեպքում՝ 16-17։
Նախագահների արտերկրյա այցերի քանակի վերաբերյալ #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան նախագահի աշխատակազմից հայտնել են, որ արտասահմանյան այցերի ժամանակ պատվիրակությունների կազմում հաճախ եղել են նաև այցելած երկրներում գործող դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ։ Այս տվյալները ներառված են #CivilNetCheck-ին տրամադրված տվյալների ցանկում։ Նախագահի աշխատակազմից պարզաբանել են նաև, որ նման դեպքերում յուրաքանչյուր գերատեսչություն ինքն է վճարում գործուղման ծախսերը։
«Պետական և պաշտոնական այցերի ընթացքում պատվիրակությունների կազմերում ընդգրկված են լինում նաև կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, որոնք գործուղվում են իրենց գերատեսչությունների կողմից, ինչպես նաև գործարարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ՝ ըստ անհրաժեշտության»,- նշված է պատասխանում:

«Հրապարակ»-ի հոդվածում նշվում է, որ արտասահմանյան այցերի մեկնելիս «Վահագն Խաչատուրյանը 30-35 հոգանոց պատվիրակություն է տանում»։ Սակայն 2024-ի հոկտեմբերի 28-ի դրությամբ՝ Վահագն Խաչատուրյանի հետ արտասահմանյան այցերին պատվիրակության կազմում 30 կամ ավելի անձինք եղել են միայն Իրաք կատարած այցի ժամանակ։ Նախկին նախագահ Արմեն Սարգսյանի դեպքում 30 կամ ավելի հոգանոց պատվիրակություններ եղել են Սերբիա և Շվեյցարիա (30 հոգի), Վրաստան (31 հոգի), Իտալիա (33 հոգի) կատարած այցերի ժամանակ։
Ինչքա՞ն են արժենում նախագահների գործուղումները
Վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի տրանսպորտային սպասարկման, կեցության, սննդի հետ կապված արարողակարգային բնույթի ծախսերը փակ են հանրության համար։ Այդ ծախսերը գաղտնի դարձան դեռ 2016-ին։ Օրենքի ընդունմանը նախորդել էին մի շարք աղմկահարույց գնումներ։ Եվ քանի որ հնարավոր չէ պարզել, թե յուրաքանչյուր գործողում որքան է արժեցել հարկատուների գրպանին, մենք ուսումնասիրեցինք տարեկան բյուջեով նախագահի գործողումներին հատկացված գումարները։
Նախագահին ուղեկցած պատվիրակության անդամների թիվը համեմատաբար մեծ է եղել 2019-ին՝ Արմեն Սարգսյանի նախագահության ժամանակ, զուգահեռաբար մեծ է եղել նաև գործուղումների համար ծախսված գումարը՝ 410 միլիոն դրամ։
Գործուղումների նվազագույն ծախսերը գրանցվել են 2018-ին՝ Արմեն Սարգսյանի նախագահության առաջին տարում՝ կազմելով 114 մլն դրամ։ Վահագն Խաչատուրյանի պաշտոնի ստանձնման տարվա՝ 2022-ի համեմատ 2023-ին գործուղումների ծախսերն աճել են։
Այսպիսով, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Հրապարակ» թերթի պնդումները Վահագն Խաչատուրյանի «30-35 հոգանոց պատվիրակությունների» մասին չեն համապատասխանում իրականությանը։ Փաստերը վկայում են, որ ներկա և նախկին նախագահների արտերկրյա այցերի պատվիրակությունների միջին թվաքանակը էականորեն չի տարբերվում՝ Արմեն Սարգսյանի դեպքում՝ 12-13, Վահագն Խաչատուրյանի դեպքում՝ 16-17 հոգի։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











