Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անունից՝ հայտարարությամբ, թե ֆուտբոլիստն իբր նոր ծրագիր է սկսում Հայաստանի քաղաքացիների համար, որով նրանք կարող են գումար վաստակել։
«ՇՏԱՊ! Հենրիխ Մխիթարյանը նոր նախագիծ է սկսում Հայաստանի քաղաքացիների համար. bոլոր մանրամասներն արդեն կայքում են»,- նշված է գրառման մեջ։
Ի՞նչ է «խոստանում» Մխիթարյանը
Գրառմանը կցված հղումը տանում է Sputnik Armenia լրատվական կայքին նմանակող էջ, որտեղ նշվում է, թե իբր Մխիթարյանն արաբ շեյխերի աջակցությամբ ստեղծել է հարթակ է, որը կօգնի Հայաստանի շուրջ 20 000 բնակչի գումար վաստակել։
Էջում հեռախոսահամար և այլ անձնական տվյալներ լրացնելուց հետո զանգ ստացանք ռուսական հեռախոսահամարից։ Զանգահարողը ռուսախոս էր։ Ներկայանալով որպես ֆինանսական հարթակի խորհրդատու՝ ուղարկեց բոլորովին այլ էջի հղում և առաջարկեց նվազագույնը 100 դոլար ներդրում անել, որից հետո իբր հնարավոր կլինի ակցիաներ գնել տարբեր ընկերություններում և բազմապատկել այդ գումարը։

Հատկանշական է, որ 100 դոլար ներդրումից բացի՝ էջը մեծ քանակությամբ անձնական տվյալներ է պահանջում, օրինակ՝ անձնագրի լուսանկարը, գրանցման հասցեն և այլն։
Տվյալների բաց աղբյուրներում Հենրիխ Մխիթարյանի և արաբ շեյխերի հիմնած հարթակի մասին որևէ տեղեկություն չկա։ Իսկ անհայտ էջում ներդրումներ անելը ռիսկեր է պարունակում։ Արդյունքում հնարավոր է կորցնել ոչ միայն ներդրման համար վճարված գումարը, այլև մեծ թվով անձնական տվյալներ տրամադրելուց հետո հնարավոր է հավելյալ գումարներ ևս կորցնել։
Ինչպե՞ս տարբերել կեղծ էջերը
Զեղծարարները հաճախ են օգտագործում հայտնի մարդկանց կամ լրատվական կայքերի անունները վստահություն ներշնչելու համար։
Նման դեպքերում կարևոր է ուշադրություն դարձնել կայքի հասցեին (domain): Իրական Sputnik Armenia լրատվական կայքի հասցեն armsputniknews.ru-ն է, կեղծ կայքերի դեպքում էջը նույնությամբ նմանակված է, բայց կայքի հասցեներն անվան հետ որևէ կապ չունեցող circlefox.click կամ againcoat.click հասցեով էջերն էին։

#CivilNetCheck-ը նախկինում գրել էր կեղծ ներդրումային հարթակների մասին, որոնք տարածվում էին գործարար Գագիկ Ծառուկյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անունից։
Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանի անունից տարածվող ներդրումային հարթակը, կեղծ է: Նպատակը՝ մարդկանց մոլորեցնելու միջոցով գումարներ կորզելն է։
CivilNetCheck
Civilnet











