Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Ֆեյսբուքում բազմահազար հետևորդներ ունեցող էջեր տարածում են «Ո՞րքանով և երբ կբարձրանան կենսաթոշակները» վերտառությամբ գրառումներ։ Դրանցից տպավորություն է ստեղծվում, թե կենսաթոշակները շուտով բարձրանալու են և հստակ ժամկետներ կան։
Մինչդեռ, գրառմանը կցված հոդվածի տեղեկությունը հին է։
Իրականում ե՞րբ են բարձրանալու կենսաթոշակները
Գրառումը տարածել են ֆեյսբուքում 250 հազար հետևորդ ունեցող «Երկիր Հայրենի» և 133 հազար հետևորդ ունեցող «Բա չիմացաք» անվանումներով ֆեյսբուքյան էջերը՝ կցելով nomeatbarefeet.com կայքի հղումը։
Գրառմանը կցված հոդվածում նշվում է, թե հուլիսի 1-ից կենսաթոշակները բարձրանալու են, առկա է նաև տեսանյութ կառավարության նիստից։ Տեսանյութում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ևս նշում է, որ կենսաթոշակները բարձրանալու են և մանրամասներ ներկայացնում։

Կենսաթոշակներն իսկապես բարձրացել են հուլիսի 1-ից, բայց դեռ 2023-ին, և հոդվածում կառավարության 2023-ի հունիսի 29-ի նիստի տեսագրությունն է։
Ինչ վերաբերում է ապագայում սպասվող բարձրացումներին, ապա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 2024-ի նոյեմբերի 4-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է, որ 2025-ին ևս կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում։
«2025 թվականին պահպանվելու են 2024 թվականին գործող՝ հիմնական կենսաթոշակի [...] չափերը»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:
Այնսինքն՝ տարածվող գրառումը հին է և մոլորեցնող։
Ի՞նչ է հայտնի գրառումը տարածող էջերի մասին
Գրառումը տարածած ֆեյսբուքյան էջերը փոխկապակցված են։ Դրանք տարածում են նույն գրառումները՝ նույն ժամերին։

Կենսաթոշակների, թանկացումների սոցիալական տարբեր թեմաներով հրապարակումները հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Նմանատիպ ֆեյսբուքյան էջերը հաճախ են կեղծ, հին կամ մոլորեցնող գրառումներ տարածում այդ թեմաների վերաբերյալ՝ օգտատերերի ուշադրությունը գրավելու և գրառմանը կցված կայքերի այցելությունները մեծացնելու համար։ Նպատակը կայքերի դիտելիությունը բարձրացնելն ու գովազդից եկամուտ ստանալն է։
CivilNetCheck
Civilnet











