Գլխավոր Լրահոս

Առանց ալիբիների. Հայաստանը Հալեպի հայերի համար պետք է պատասխանատվություն ստանձնի

Առանց ալիբիների. Հայաստանը Հալեպի հայերի համար պետք է պատասխանատվություն ստանձնի

Հալեպում մինչև 12,000 հայ կա, ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ ասել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Իսկ արտաքին գործերի նախարարությունն հարցին՝ որտեղ է հիմա Հալեպում ՀՀ հյուպատոսը, պատասխանել է, թե «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, նոյեմբերի 26-ին լիազորագրերը [էկզեկվատուրա] Սիրիայի ԱԳՆ-ից ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից»:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանն այդ պաշոնում է սեպտեմբերի 14-ից։ Ուշագրավ զուգադիպությամբ հյուպատոսը Դամասկոս մեկնել է, ըստ ԱԳՆ պատասխանի, Հալեպի վրա հարձակումից մի քանի օր առաջ։

Հալեպից տարհանվել են հայկական հումանիտար առաքելության մասնագետները։ Ավելի ուշ հումանիտար ամբողջ առաքելությունը Հայաստանի ուղարկած հատուկ օդանավով վերադարձել է Հայաստան։ 2019-ին Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ և խրախուսմամբ ավելի քան 80 սակրավորների, ռազմական բժիշկների և զինծառայողների տեղակայեց Հալեպի շրջանում։ Երևանի այս քայլը հարուցեց ԱՄՆ դժգոհությունը։ Ինչևէ։

Ստացվում է, որ Հալեպի հայությունը կրկին համայնքային կառույցների ու ղեկավարների հույսին է։

Հայաստանի կառավարությունն ամեն առիթով խոսում է պետության կարևորության մասին։ Երբ պահը գալիս է պատասխանատվություն ստանձնելու հայրենակիցների համար, թեկուզ՝ ոչ քաղաքացի, պետությունը ինչ-որ պատճառաբանությամբ բացակա է։

Ես չգիտեմ՝ հյուպատոսն իսկապես գնացել էր Դամասկոս արտոնագիրն (exequatur) ստանալու, թե քաղաքը լքել էր Երևանի հրահանգով կամ էլ անձնական որոշմամբ…  բայց հենց նման իրավիճակներում է, որ պետությունը պետք է ցույց տա իր պետություն լինելը։ Իսկ Հալեպում հյուպատոսը հայկական պետությունն էր, որը և օրհասական պահին պետք է ստանձներ հայերի համակարգման ու անվտանգության առաքելությունը։

Միշտ էլ կարելի է հազար բացատրություն բերել ինչ-որ բան ձախողելու կամ չանելու համար. Արցախի օրինակով մենք դա լավ գիտենք։

Բայց հենց հիմա է պահը, որ Երևանը պատասխանատվություն ստանձնի Հալեպի հայերի անվտանգության և անհրաժեշտության դեպքում՝ Հայաստան տարհանման  համար։ Երևանը չպետք է նայի տեղական մանր շահերին ու նախապատվություններին, որոնք ամեն գնով ցանկանում են համայնքի պահպանում։  

Եվ Հալեպից Հայաստանի հյուպատոսի բացակայությունը լուրջ հարցերի տեղիք է տալիս։ Ալիբիներն անընդունելի։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում