KIA-ն մեքենաներ չի նվիրում․ տարածվող գրառումը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Կրկին ակտիվացել են KIA ընկերության անունից կեղծ խաղարկություններ տարածող էջերը։ Տարածվող գրառումներում մի դեպքում նշվում է, թե KIA-ն ընկերության 71-ամյակի առթիվ մեքենաներ է խաղարկում։
«Մեր 71-ամյակը նշելու համար մենք որոշեցինք պատահականության սկզբունքով խաղարկել 5 նոր KIA մեքենա մինչև 2024թ. դեկտեմբերի 5-ը: Մուտքագրեք ձեր ծննդյան ամիսը մեր «էջ»-ում, օրինակ՝ «հունվար»»,- նշված է գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ մեքենաները խաղարկվում են իբր Սուրբ ծննդյան առթիվ։
«Գալիք Սուրբ Ծնունդը դիմավորելու համար մեր KIA Դիլերը որոշել է պատահականության սկզբունքով նվիրել 3 նոր KIA մեքենա այն մարդկանց, ովքեր ձեզ շնորհավորում են Սուրբ Ծնունդը մեր էջում մինչև 2024 թվականի դեկտեմբերի 5-ը»,- նշված է գրառման մեջ։
Իրականում սա հերթական խաբեությունն է, որտեղ օգտագործվում է հայտնի ընկերության անունը վստահություն ներշնչելու համար։
Ի՞նչ է հայտնի կեղծ գրառումներ տարածող էջերի մասին
Գրառումները տարածվում են նմանատիպ անվանումներով KIA-Dealer և KIA’ Dealer ֆեյսբուքյան էջերով։
Այս էջերը ստեղծվել են վերջերս՝ նոյեմբերի 10-ին և 29-ին։ Երկու էջերում էլ KIA ընկերության վերաբերյալ տարբեր խաղարկություններից բացի՝ այլ գրառումներ չկան։ Հայտնի չէ, թե որտեղից են կառավարվում էջերը, բայց գրառումներում հաճախ հանդիպում է ինդոնեզերեն @semua orang և @pengikut նշումները, որոնք համարժեք են «@everyone» նշմանը և օգտագործվում են բոլոր հետևորդներին գրառման մասին ծանուցելու համար։

Ի դեպ, նույնաբովանդակ գրառումներ տարածվում են նաև այլ լեզուներով, այսինքն՝ զեղծարարները թիրախավորում են տարբեր երկրներ։

KIA Armenia-ն հերքել է կապը կեղծ էջերի հետ
Գրառումներից մեկում նշվում է, թե ընկերությունը մեքենաներ է նվիրում ընկերության ծննդյան 71-ամյակի առթիվ, մինչդեռ կորեական KIA ընկերությունը հիմնադրվել է 1944-ին։ Այսինքն՝ այս տարի պետք է նշվեր ոչ թե ընկերության 71-ամյակը, այլ 80։
KIA ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Կապիտալ Մոթորս» ընկերությունն է, որի պաշտոնական էջը ֆեյսբուքում KIA Armenia-ն է: Առաջին անգամը չէ, որ KIA ընկերության անունից կեղծ խաղարկությունների վերաբերյալ գրառումներ են տարածվում, ինչին #CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է։
KIA Armenia-ից #CivilNetCheck-ի զրույցում ևս հերքել են կապը կեղծ էջերի հետ։
Ո՞րն է կեղծ խաղարկությունների նպատակը
Նմանատիպ կեղծ էջերի սխեման նույնն է․ օգտատերերից պահանջում են տարածել գրառումը ֆեյսբուքյան խմբերում՝ բարձրացնելով գրառման դիտելիությունը, այնուհետև ուղարկում են ֆիշինգային կայքի հղում, որի միջոցով զեղծարարները անձնական կամ բանկային տվյալներ են գողանում։
CivilNetCheck
Civilnet










