Երևանի հանրային տրասնպորտի վարորդները դեկտեմբերի 3-ին գործադուլ արեցին՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Ի պատասխան՝ քաղաքային իշխանությունները տարբեր հայտարարություններ ու պնդումներ արեցին, թե վարորդները, աշխատելով ընդամենը կես ամիս, ստանում են 400,000 դրամ աշխատավարձ և այլն։ Այս պնդումը, սակայն, մոլորեցնող է։
#CivilNetCheck-ը գնացել է քաղաքային իշխանությունների պնդումների և վարորդների բողոքների հետքերով։
Վարորդների մեծամասնությունն իրականում ստանում է 309,500 դրամ
Հատկապես մեծ տարածում էր ստացել կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառումը, որում նա պնդել էր. «15 օրվա համար 400,000 դրամը Հայաստանում համարվում է բարձր աշխատավարձ, մոտ 10 տարի կրթություն ստացած բժիշկներից շատերն անգամ այդքան չեն վարձատրվում»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր․ «Կարևոր է արձանագրել, թե ինչքան աշխատավարձ ենք մենք տալիս վարորդներին։ Մաքուր աշխատավարձ՝ «Ման»-ի վարորդները ստանում են 14-15 օրվա համար՝ 400,000 դրամից ավել, «Ժոնգթոնգի» վարորդները [...] 300,000 դրամից ավել կես ամսվա համար՝ օրը մեջով են աշխատում վարորդները»։
Յուրաքանչյուր տեսակի ավտոբուսի դեպքում վարորդների աշխատավարձերը տարբեր են։ Թեև «Ման»-ի վարորդներն իսկապես ստանում են 401,500 դրամ, սակայն նրանք հանրային տրանսպորտի վարորդների ընդամենը 13%-ն են։ Վարորդների մեծամասնությունը՝ 62%-ը, վարում են «Ժոնգթոնգ» և ստանում 309,500 դրամ աշխատավարձ։

Օրական 12 ժամ ղեկին, արտաժամյա աշխատանք. ի՞նչ է նախատեսում օրենքը
Տիգրան Ավինյանը Հ1-ի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է վարորդների արտաժամյա աշխատանքին։
«Խոստացել էինք, որ արտաժամյա աշխատանքի հարցերը օրենսդրությանը համապատասխան նույնպես լուծում ենք, և մեկ-երկու օր հետո արդեն պետք է առաջին արտաժամյա գումարներն իրենք ստանային»,- ասել է Ավինյանը։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից #CivilNetCheck-ին տրամադրած տվյալների համաձայն՝ վարորդները պետք է աշխատեն օրական 12-13 ժամ՝ ամսական 13-14 օր հերթափոխով (սակայն ինչպես հաստատել էր Ավինյանը, նրանք նաև արտաժամյա են աշխատել)։ Համեմատության համար՝ պետական հիմնարկների աշխատակիցների սովորական աշխատանքային օրը հիմնականում 8 ժամ է։ Փաստացի, վարորդների աշխատանքային օրն էականորեն երկար է սովորական աշխատանքային գրաֆիկից։
Աշխատանքային օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն՝ աշխատաժամանակի տևողությունը չի կարող գերազանցել շաբաթական 41 ժամը։ Իսկ 66-րդ հոդվածով՝ արտաժամյա աշխատանքը չպետք է անցնի 4 ժամից՝ իրար հաջորդող երկու օրվա ընթացքում, և 120 ժամից՝ տարվա մեջ:
Քանի որ չգիտենք, թե վարորդները որքան են արտաժամյա աշխատել, չենք կարող եզրակացնել՝ խախտվել է օրենքը, թե ոչ։
Ղեկին սնվելուց մինչև մաքրություն. վարորդների բողոքները
Գործադուլի ժամանակ վարորդները բողոքում էին նաև զուգարանների, ընդմիջման և հանգստի ժամերի բացակայությունից՝ նշելով, որ հաճախ սնվում են ղեկին, մեքենաների մաքրությամբ ևս իրենք են զբաղվում։
Աշխատանքային օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն, եթե աշխատանքային պայմաններից ելնելով հնարավոր չէ ընդմիջում տրամադրել, ապա գործատուն պարտավոր է աշխատողին ապահովել սնվելու հնարավորությամբ աշխատանքային ժամերի ընթացքում։ Ընդ որում, ընդմիջման ժամերը չեն մտնում աշխատաժամանակի մեջ։

Երևանի քաղաքապետը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդունել է այս խնդիրների առկայությունը՝ նշելով, որ դրանք լուծվում են։
«Բոլոր լեգիտիմ խնդիրները, որոնք որ բարձրաձայնվել են, [...] բոլորը սկսել են լուծումներ ստանալ»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Վարորդներն արդյոք պե՞տք է զգուշացնեին գործադուլի մասին
Քաղաքապետարանի տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար նշել են, որ վարորդները գործադուլ սկսելուց առաջ պետք է նախապես տեղեկացնեին այդ մասին։
«Ես շատ ձեզ խնդրում եմ՝ այդ տերմինը չօգտագործեք, որովհետև գործադուլը դա օրինական գործընթաց է [...] , եթե անգամ հասարակական տրանսպորտի ոլորտում գործող կազմակերպության աշխատակիցները ուզում են գործադուլ իրականացնել, նրանք պետք է դրա մասին նախապես 14 օր շուտ ծանուցեն»,- ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Աշխատանքային օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ քաղաքային հասարակական տրանսպորտը պատկանում է այն կազմակերպությունների շարքին, որոնց աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության համար ծանր հետևանքներ ունենալ։ Հետևաբար, գործադուլ անելու դեպքում գործատուին պետք է գրավոր ձևով նախազգուշացնել առնվազն 14 օր առաջ։
Այսպիսով, վարորդների՝ 400,000 դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ պնդումը մոլորեցնող է, քանի որ մեծամասնությունը ստանում է 309,500 դրամ աշխատավարձ։ Փաստացի, վարորդները չունեն ընդմիջման ժամեր, զուգարաններ, իրենք են զբաղվում մեքենաների մաքրությամբ։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











