Հորինված և կեղծ գրառումներ՝ կրթական ոլորտում փոփոխությունների և աշխատատեղերի մասին

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով՝ աշխատատեղերի և կրթական հաստատություններում իբր ներդրված նորարարությունների մասին:
«Ուշադրություն բոլոր նրանց համար, ովքեր չունեն աշխատանք․ շտապեք, քանի դեռ ուշ չէ», - նշվում է գրառումներից մեկում։
Մյուս գրառումը տարածվում է՝ «ուշադրություն. տեսեք, թե ինչ է որոշվել․ արդեն ուժի մեջ է մտել․ ծնողներ եղեք զգոն» վերտառությամբ։
Գրառումներից տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը նոր ծրագիր է մեկնարկել գործազուրկների համար կամ ուսումնական հաստատությունների վերաբերյալ նոր որոշում է ընդունել։ Այնինչ երկու դեպքում էլ տարածվող տեղեկությունը հորինված է կամ կեղծ։
Հորինված աշխատանք՝ թիրախավորելով գործազուրկներին
Գրառումը տարածվում է բազմահազար հետևորդներ ունեցող «Երկիր հայրենի», «Միասնական Հայաստան», «Աֆորիզմներ» ֆեյսբուքյան էջերով։ Հրապարակումներին կցված է joxovurdnews.am և erevanblog.am կայքերի հղումները։

Հոդվածում նշվում է, թե պետական և մասնավոր կազմակերպությունները համատեղ հայտարարել են նոր թափուր աշխատատեղերի մասին։ Ավելին, ըստ հոդվածի, համապատասխան հմտություններ չունեցող անձինք ևս կարող են վերապատրաստվել և աշխատանքի անցնել։
«Գրանցվեք առցանց․ պաշտոնական կայքում ստեղծվել է հատուկ բաժին, որտեղ դուք կարող եք լրացնել հայտը»,- նշված է գրառման մեջ։
Չնայած դրան՝ պաշտոնական կայքի վերաբերյալ մանրամասներ կամ հղում չկա։
Տեղեկատվության բաց աղբյուրներում նման համատեղ հայտարարության մասին տվյալներ չկան։ Իսկ պարբերաբար կեղծ կամ ժամանակավրեպ լուրեր տարածող erevanblog.am և դրա հետ փոխկապակցված կայքերին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Կեղծ լուրեր՝ ուսումնական հաստատություններում սպասվող փոփոխությունների մասին
Դպրոցներում և մանկապարտեզներում ներդրված նորարարությունների վերաբերյալ գրառումը ևս տարածվում է Նիկոլ Փաշինյանի լուսանկարով։
Այն տարածվում է բազմահազար հետևորդներ ունեցող «Երկիր հայրենի», «Միասնական Հայաստան», «Newvideo.am1 Վիդեո պորտալ» և այլ ֆեյսբուքյան էջերով։ Ֆեյսբուքյան էջերը կցել են joxovurdnews.am և hraparaknews.am կայքերի հղումները։
Ըստ joxovurdnews.am և hraparaknews.am կայքերի՝ կառավարությունը մի շարք նոր որոշումներ է ընդունել մանկապարտեզների և դպրոցների հետ կապված. «Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում կներդրվեն տեսահսկման համակարգեր՝ երեխաների անվտանգությունը բարելավելու նպատակով»,- նշված է հոդվածում։

Ներքին գործերի նախարարությունը 2024-ի հունիսին ներկայացրել էր հանրային վայրերում՝ այդ թվում ուսումնական հաստատություններում տեսահսկման համակարգեր ներդնելու նախագիծ, որն ընդունվել էր առաջին ընթեցմամբ։ Այնուամենայնիվ հետագայում նախագիծը սառեցվեց։
#CivilNetCheck-ի հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ որոշ դպրոցների միջանցքներում և մուտքի մոտ արդեն իսկ առկա են տեսախցիկներ՝ տեղադրված ծնողների համաձայնությամբ, սակայն համատարած տեսախցիկներ տեղադրելու վերաբերյալ որևէ նոր որոշում չկա։
Հոդվածում նաև նշվում էր, թե մանկապարտեզներում և դպրոցներում յուրաքանչյուր ամիս կկազմակերպվեն առողջապահական ստուգումներ։
Այնինչ, առողջապահության նախարարությունից #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքում են ամենամսյա ստուգումներ անցկացնելու վերաբերյալ լուրը։
Հոդվածում առկա մյուս կեղծ լուրը հոգեբանական աջակցության և անվտանգության թեմաներով դասընթացների ներդրման մասին է։
«Ծնողների համար կկազմակերպվեն կրթական դասընթացներ երեխաների հոգեբանական աջակցության և անվտանգության թեմաներով։
Մասնակցությունը կդառնա պարտադիր՝ տարեկան երկու անգամ»,- նշված է հոդվածում։
ԿԳՍՄ նախարարությունից, սակայն, հերքում են այս լուրը։
«ԿԳՄՍ նախարարությունն աշխատում է անվտանգության ստանդարտների մշակման և ներդրման ուղղությամբ, բայց այս պահին որոշում չկա և նշված նյութը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի պատասխանում։
Նմանատիպ կեղծ լուրեր տարածելու հիմնական նպատակը գրառումներին կցված կայքերի դիտումներն ավելացնելն ու դրա միջոցով գովազդից եկամուտ ստանալն է։ Այդ նպատակով օգտագործվում են «ուշադրություն», «շտապեք, քանի դեռ ուշ չէ» ձևակերպումները, որոնք դրդում են օգտատերերին անմիջապես անցնել հղումով։
CivilNetCheck
Civilnet










