Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ գազի սակագնի նվազման վերաբերյալ։ «Վերջապես լավ լուր…Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գազի գինը …ահա թե ինչքան է դառնալու»,- նշված է գրառման մեջ։
Գազի սակագինը, սակայն, վերջին անգամ վերանայվել է 2022-ին:
Ինչպե՞ս է տարածվում գրառումը
Գրառումը տարածվում է բազմահազար հետևորդներ ունեցող «Երկիր հայրենի» և «Միասնական Հայաստան» ֆեյսբուքյան էջերով։ Ֆեյսբուքյան էջերը կցել են joxovurdnews.am և erevanblog.am կայքերի հղումները։
Կայքերի հրապարակումներում խոսվում է նոր համաձայնագրի ստորագրման մասին, որը, իբր, երկարատև բանակցությունների արդյունք է։ Սակայն չկան մանրամասներ՝ ովքեր են կողմերը, ինչ տիպի համաձայնագիր է կնքվել և երբ։
«Նախատեսվում է, որ գազի գինը կդառնա մինչև 10%-ով էժան, ինչը կազդի թե՛ բնակիչների, թե՛ արդյունաբերական ոլորտների վրա։ Այս նոր գինն ուժի մեջ կմտնի արդեն առաջիկա ամսվա ընթացքում»,- նշված է հոդվածում։

Ի դեպ, օրեր առաջ «Միասնական Հայաստան» անվանումով ֆեյսբուքյան էջը կրկին գազի գնի նվազման վերաբերյալ հրապարակում էր արել։ Հղումով անցնելուց հետո, սակայն, պարզվում էր, որ հոդվածը վերաբերում է բացառապես եվրոպական շուկայում գազի գների նվազմանը և որևէ առնչություն չունի Հայաստանի հետ։
Արդյոք գազի գինը նվազե՞լ է
2021-ի դեկտեմբերի 23-ին կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի և Ռուսաստանի միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին վերաբերող 2013թ․ համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությանը:
Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ այն ոչ միայն կապահովի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումը, այլև հնարավորություն կտա առաջիկա տասը տարում Հայաստան մատակարարվող գազի գինը պահել հաստատուն՝ 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար (7900 կկալ/խոր․մետր)։
Գազի սակագնի վերաբերյալ խոսել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2023-ի դեկտեմբերին՝ հայտնելով, որ 2024-ին սահմանին գազի գինը չի փոխվելու: Այնուամենայնիվ, սահմանային գնից բացի, սակագնի վրա ազդում են նաև ներքին գործոնները, ինչպես օրինակ՝ «Գազպրոմ Արմենիայի» գործառնական ծախսերը, շահույթները և այլն։
Փաստացի, գազի սակագինը Հայաստանում վերջին անգամ վերանայվել է 2022-ին և ոչ թե նվազել է, այլ սովորական սպառողների համար բարձրացել 4,7 դրամով։

ՀԾԿՀ-ից #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքում են նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ լուրերը։ «Գազպրոմ Արմենիա»-ից ևս #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան նշել էին, որ լուրն արժանահավատ չէ և ընկերությունը նպատակահարմար չի համարում մեկնաբանել այն։
Այսպիսով, գազի սակագնի նվազման մասին տարածվող տեղեկությունը կեղծ է։
CivilNetCheck
Civilnet











