Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում մի շարք ֆեյսբուքյան էջեր տարածում են գրառումներ ողբերգական ավտովթարների հետևանքով դաժան մահվան դեպքերի վերաբերյալ։
«Առավոտյան ողբերգական ավտովթար..Մարդկանց մարմինները կտոր-կտոր են եղել»,- նշված է գրառման մեջ։
Նույն ֆեյսբուքյան էջերը մեկ այլ գրառմամբ տարածում են նաև ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մաքսիմ Մանուկյանի լուսանկարները՝ «Քիչ առաջ ցավալի լուր ստացանք…Մահացել է ըմբշամարտի…» գրությամբ։
Հրապարակումներն իրականում հորինված են, իսկ դրանց կցված կայքը ողողված է գովազդներով։
Հորինված գրառումները տարածվում են նույն ֆեյսբուքյան էջերով՝ նույն ժամերին
Ե՛վ դաժան ավտովթարի, և՛ ըմբիշների նկարով մահվան վերաբերյալ գրառումը տարածվում է բազմահազար հետևորդներ ունեցող «Լրիվ Նոր Հայաստան», «Սփյուռք», «Հայ զինվոր» անվանումներով ֆեյսբուքյան էջերով՝ նույն ժամին։

Հրապարակումների տեքստերում առկա են օտարալեզու տառեր՝ որոնողական համակարգերում հետքերը կորցնելու համար։ Սա դժվարացնում է փաստեր ստուգող լրագրողներին կամ այլ անձանց գտնել հրապարակումը՝ հերքում պահանջելու կամ կեղծ տեղեկատվություն տարածելու համար պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Երկու դեպքում էլ գրառումների հետ կցված է media41news.com կայքի հղումը, որը ողողված է գովազդներով։
Ավելին, media41news.com հոդվածը վերաբերում է ոչ թե ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին, այլ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին նախագահ Հայրապետ Հայրապետյանին։ Հոդվածում նշվում է նրա մահվան մասին՝ 74 տարեկան հասակում։ Այս հոդվածը հին է, քանի որ Հայրապետյանը մահացել է 2023-ին։

Դաժան ավտովթարի մասին media41news.com-ի հոդվածում միայն տարբեր երկրներում տեղի ունեցած վթարներից տեսանյութ է, որը որևէ կապ չունի Հայաստանի հետ։
Այսպիսով, ֆեյսբուքյան էջերը տարածում են շոկային, տագնապ առաջացնող գրառումներ, կցելով հայտնի անձանց նկարներ, որոնք հորինված և մոլորեցնող են։ Նման գրառումներ տարածելու նպատակը կցված կայքի այցելությունները մեծացնելն ու դրա հաշվին գովազդից գումար ստանալն է։
CivilNetCheck
Civilnet











