Գլխավոր Լրահոս

Հորինված վթարներ և հայտնի մարդկանց մասին կեղծ լուրեր՝ հանուն դիտումների

Հորինված վթարներ և հայտնի մարդկանց մասին կեղծ լուրեր՝ հանուն դիտումների

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում մի շարք ֆեյսբուքյան էջեր տարածում են գրառումներ ողբերգական ավտովթարների հետևանքով դաժան մահվան դեպքերի վերաբերյալ։ 

«Առավոտյան ողբերգական ավտովթար..Մարդկանց մարմինները կտոր-կտոր են եղել»,- նշված է գրառման մեջ։

Նույն ֆեյսբուքյան էջերը մեկ այլ գրառմամբ տարածում են նաև ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մաքսիմ Մանուկյանի լուսանկարները՝ «Քիչ առաջ ցավալի լուր ստացանք…Մահացել է ըմբշամարտի…» գրությամբ։

Հրապարակումներն իրականում հորինված են, իսկ դրանց կցված կայքը ողողված է գովազդներով։

Հորինված գրառումները տարածվում են նույն ֆեյսբուքյան էջերով՝ նույն ժամերին

Ե՛վ դաժան ավտովթարի, և՛ ըմբիշների նկարով մահվան վերաբերյալ գրառումը տարածվում է բազմահազար հետևորդներ ունեցող «Լրիվ Նոր Հայաստան», «Սփյուռք», «Հայ զինվոր» անվանումներով ֆեյսբուքյան էջերով՝ նույն ժամին։

Էկրանապատկերը՝ կեղծ գրառումը տարածող ֆեյսբուքյան էջերից

Հրապարակումների տեքստերում առկա են օտարալեզու տառեր՝ որոնողական համակարգերում հետքերը կորցնելու համար։ Սա դժվարացնում է փաստեր ստուգող լրագրողներին կամ այլ անձանց գտնել հրապարակումը՝ հերքում պահանջելու կամ կեղծ տեղեկատվություն տարածելու համար պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Էկրանապատկերը կեղծ գրառումը տարածող ֆեյսբուքյան էջից

Երկու դեպքում էլ գրառումների հետ կցված է media41news.com կայքի հղումը, որը ողողված է գովազդներով։ 

Ավելին, media41news.com հոդվածը վերաբերում է ոչ թե ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին, այլ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին նախագահ Հայրապետ Հայրապետյանին։

Հոդվածում նշվում է նրա մահվան մասին՝ 74 տարեկան հասակում։ Այս հոդվածը հին է, քանի որ Հայրապետյանը մահացել է 2023-ին։

Էկրանապատկերը՝ media41news.com կեղծ կայքից

Դաժան ավտովթարի մասին media41news.com-ի հոդվածում միայն տարբեր երկրներում տեղի ունեցած վթարներից տեսանյութ է, որը որևէ կապ չունի Հայաստանի հետ։

Այսպիսով, ֆեյսբուքյան էջերը տարածում են շոկային, տագնապ առաջացնող գրառումներ, կցելով հայտնի անձանց նկարներ, որոնք հորինված և մոլորեցնող են։ Նման գրառումներ տարածելու նպատակը կցված կայքի այցելությունները մեծացնելն ու դրա հաշվին գովազդից գումար ստանալն է։

Թեմա

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում