Կեղծ պնդում՝ Ջերմուկում ադրբեջանական ռազմակայանի մասին

Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Լրատվամիջոցներում և սոցցանցերում հունվարի 9-ին տարածվել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը՝ «Ադրբեջանը ռազմակայան է կառուցել Ջերմուկում» վերտառությամբ։
Համբարյանն իր այս պնդումը «հիմնավորել է» կցված լուսանկարով։

«Կարմրով նշվածը Հայաստանից Ադրբեջանի կողմից 2022 թ. սեպտեմբերին Ջերմուկի հատվածում օկուպացված տարածքն է, որտեղ, ինչպես վկայում են արբանյակային լուսանկարները, Ադրբեջանը խոշոր ռազմակայան է կառուցել և, ինչպես կարելի է կռահել, մտադրություն չունի այն հետ վերադարձնել Հայաստանին»,- գրել է Համբարյանը։
Այս գրառումը տարածել են asekose.am, mamul.am, yerevan.today, Yerkir.am լրատվականները և ֆեյսբուքյան մի շարք էջեր։
Լուսանկարների սկզբնաղբյուրը
Համբարյանը քարտեզի լուսանկարները վերցրել է Armenian Military Portal (AMP) տելեգրամյան ալիքից, որն այն հրապարակել էր քաղաքագետից ժամեր առաջ (քարտեզի վրա առկա են նշումներ, որոնք ալիքն է արել)։
Տելեգրամյան ալիքը, որը մասնագիտացած է տարածաշրջանում ռազմական նորություններում, գրել էր, որ իրենց տեղեկություններով Ադրբեջանի զինված ուժերն ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացնում Հայաստանի օկուպացված տարածքներում՝ Ջերմուկի ուղղությամբ։

«Կարելի է նկատել ստորգետնյա հրամանատարական կետի կառուցումը Քարվաճառի տարածքում»,- գրել էր Armenian Military Portal-ը՝ կցելով նաև այդ կետի կոորդինատները։
Ու թեև Համբարյանը գրել է, թե Ադրբեջանը ռազմակայան է կառուցել ՀՀ սուվերեն տարածքում՝ Ջերմուկում, իրականում, ինչպես և գրել է AMP-ն, հրամանատարական կետը կառուցվել է ՀՀ տարածքից դուրս՝ Քարվաճառի ուղղությամբ։
#CivilNetCheck-ը ևս ուսումնասիրեց արբանյակային լուսանկարները (կորդինատներ՝ 39.94417509764697, 45.815961554842694)՝ համոզվելով, որ հրամանատարական կետը 2020-ին պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի հատվածում է։ Ուղիղ գծով այն սահմանից հեռու է շուրջ երկու կմ, սակայն հեռավորութունն իրականում ավելի մեծ է։

Ընդ որում, այն, ըստ արբանյակային լուսանկարների, կառուցված է եղել 2024-ի սեպտեմբերի դրությամբ, իսկ աշխատանքները մեկնարկել են ենթադրաբար գարնանից։
Այն, որ Ադրբեջանը 2022-ից ի վեր բազմաթիվ ճանապարհներ է կառուցել Ջերմուկի հարակից գրավված տարածքներում, անհերքելի է։ Դրա մասին բազմիցս գրել է նաև ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը։
Սակայն Գագիկ Համբարյանի պնդումը, թե «կառուցված ռազմակայանը» Ջերմուկում է, սխալ է։ Նա մոլորեցրել է կցված լուսանկարներով։
Civilnet
CivilNetCheck










