Գլխավոր Լրահոս

Լրատվամիջոցներն անհիմն պնդում են, թե Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը չեղարկվելու է

Լրատվամիջոցներն անհիմն պնդում են, թե Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը չեղարկվելու է

Մի շարք լրատվամիջոցներ հունվարի 14-ին գրել են, թե գեներալ Տիրան Խաչատրյանի ազգային հերոսի կոչումը հետ է կանչվելու։

Նման վերնագրով հրապարակումներ արել են 1in.am, News.am, Lurer.com, Euromedia24.com, Amrtime.news և մի շարք այլ լրատվական կայքեր՝ որպես աղբյուր նշելով «Ժողովուրդ» օրաթերթը։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթն իր սկզնաղբյուր հոդվածում նման պնդում չի արել։ Հոդվածը վերնագրված է հարցական ձևով՝ «Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը», մինչդեռ բազմաթիվ լրատվամիջոցներ արտատպել են այն՝ վերնագրում հաստատական պնդմամբ։

Հրապարակման բովանդակությունը

Հոդվածում քննարկվում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, որը 2020-ին արժանացել էր ազգային հերոսի կոչման, ներկայում մեղադրվում է նույն պատերազմին առնչվող գործով։ 2025-ի դեկտեմբերի 5-ին գեներալ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց։

Թերթը հարցումով դիմել է վարչապետի աշխատակազմին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Մասնավորապես, հարց է ուղղվել, թե ինչու այսքան տարի անց է մեղադրանք առաջադրվել, ինչ հիմքով է տրվել հերոսի կոչումը և արդյոք այն հետ կկանչվի։

Վարչապետի աշխատակազմից ստացված պատասխանում նշվել է միայն, որ Խաչատրյանին հերոսի կոչում է տրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջնորդությամբ։ Հերոսի կոչումը հետ կանչելու վերաբերյալ հարցին վարչապետի աշխատակազմը չի պատասխանել։

Էկրանապատկերը՝ «Ժողովուրդ» օրաթերթի բնօրինակ հոդվածից

Ազգային հերոսի կոչման չի կարող «հետ կանչվել»

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ազգային հերոսի կարգավիճակը, որը տրվում է Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձանց, կարող է չեղարկվել միայն դատական կարգով։ Սա ամրագրված է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասում։

Սակայն հարկ է նշել, որ ՀՀ դատական օրենսգրքերում հստակեցված չեն պետական պարգևից կամ պատվավոր կոչումից զրկելու հատուկ դատական ընթացակարգերը։ Մասնավորապես, պարզ չէ, թե ով և ինչ կարգով պետք է դիմի դատարան՝ անձին պետական պարգևից զրկելու պահանջով։

Այսպիսով, լրատվամիջոցների կողմից տարածված պնդումները՝ Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը հետ կանչելու մասին, անհիմն են և չեն համապատասխանում «Ժողովուրդ» օրաթերթի բնօրինակ հրապարակման բովանդակությանը։ Ավելին, նման որոշում կարող է կայացվել միայն դատական կարգով, ինչի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում