Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 14-ին ստորագրեցին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին հանձնաժողովի կանոնադրությունը։
Անդրադառնալով թեմային՝ 24news.am-ը, armtimes.com-ը, asekose.am-ը, mamul.am-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ ԱՄՆ պետքարտուղարին վերագրել են խոսքեր, որոնք նա չի ասել։
Լրատվամիջոցները գրել են, թե Բլինքենն ասել է, որ սահմանային անվտանգության հատուկ թիմ է գալու Հայաստան և սահմանային անվտանգության համատեղ աշխատանքներ են իրականացվելու։
«Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է մեկնելու Հայաստան, որպեսզի համատեղ սահմանային անվտանգության աշխատանքներ իրականացվեն»,- գրել էին լրատվամիջոցները։
Հանրային հեռուստաընկերությունը ևս համաժամանակյա թարգմանության ժամանակ սխալ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը, որտեղից էլ, ենթադրաբար, օգտվել են լրատվամիջոցները:
Համաժամանակյա թարգմանության ընթացքում թարգմանիչն այպես է ներկայացում Բլինքենի խոսքը. «Հաջորդ շաբաթ հատուկ թիմ սահմանային անվտանգության ճամփորդելու է Հայաստան՝ համատեղ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար»։
Մինչդեռ, Բլինքենն իրականում ասել է․ «Հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մեր Մաքսային և Սահմանային պահպանության թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ»:

Այսինքն, Բլինքենը խոսել է սահմանային անվտանգության կարողությունների զարգացման մասին, ոչ թե համատեղ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու։
CivilNetCheck
Civilnet











